«Գողական հաշվեհարդարի» զոհ դարձած հայկական օդանավի պատմությունը. ինչո՞ւ դա եղավ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Գողական հաշվեհարդարի» զոհ դարձած հայկական օդանավի պատմությունը. ինչո՞ւ դա եղավ. armeniasputnik.am

Քաղավիացիայի ոլորտում երկար տարիներ աշխատած մարդիկ, մինչ օրս քննարկում են 113 մարդու կյանք խլած աղետի տարբեր վարկածներ։

Երևան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի կործանման պահից ավելի քան 12 տարի է անցել, սակայն մինչ օրս դեռ հարցեր են մնում։ Քաղավիացիայի ոլորտում երկար տարիներ աշխատած մարդիկ, մինչ օրս քննարկում են 113 մարդու` 105 ուղևորի և օդանավի անձնակազմի 8 անդամի կյանք խլած աղետի տարբեր վարկածներ։

Մենք փորձեցինք մտովի վերադառնալ 2006 թվականի մայիսի 3-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին և քննարկել վթարի մանրամասները հայկական և ռուսական ավիացիայի վետերան, այսօր արդեն գոյություն չունեցող «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչու Վլադիմիր Պողոսյանի հետ։

Մեր զրուցակիցը դեռ 2006 թվականին էր գիրք հրատարակել «Հայաստանի ավիացեղասպանությունը» վերնագրով, որտեղ ամփոփել էր հայկական ավիացիայի պատմության մեջ խոշորագույն աղետի վերաբերյալ սեփական փաստարկներն ու ենթադրությունները։

Պաշտոնական վարկածը` մարդկային գործոնն է, օդաչուների սխալը, սակայն հաշվի առնելով նրանց հսկայական փորձը (մի քանի հազար թռիչքային ժամ էին իրականացրել) այդ վարկածն այդքան էլ հավանական չի թվում։  Ինչպես Sputnik  Արմենիայի հետ զրույցում նշեց Պողոսյանը, ճակատագրական սխալներ էին թույլ տրվել չվերթին նախապատրաստվելու փուլում։

Սոչիում եղանակային պայմանները անհամատեղելի էին չվերթի հետ, օդերևութաբանական մինիմումը նորմերին չէր համապատասխանում, սակայն անձնակազմը, փաստորեն, չէր արձագանքել ավիադիսպետչերների նախազգուշացումներին։

«Թբիլիսիի անցագիծն անցնելով օդանավի անձնակազմը կապ է հաստատում Թբիլիսիի հետ, և դիսպետչերը, տեղեկանալով, որ օդանավը Սոչի է մեկնում, ասում է, որ այնտեղ եղանակային պայմանները վատն են, և որ պետք է կամ պահուստային օդանավակայան գնալ, կամ Երևան վերադառնալ։

Դրանից հետո օդանավի հրամանատարը որոշում է հետադարձ կատարել և տուն վերադառնալ։ Սակայն որոշ ժամանակ անց օդանավի անձնակազմը մտադրությունը փոխում է և որոշում, որ անպայման պետք է վայրէջք կատարի Սոչիում»,- հիշում է Պողոսյանը։

Ինքնաթիռում 40 կգ բեռ կար, որն անպայման պետք է Սոչի հասներ։ Ադլերի օդանավակայանին մոտենալով ինքնաթիռի անձնակազմը կապ է հաստատում դիսպետչերի հետ, որը նրան նախազգուշացնում է, որ եղանակային պայմաններն անբարենպաստ են վայրէջքի համար։ Ինքնաթիռն, այնուամենայնիվ, անցավ մոտեցման և վայրէջք խնդրեց։  Նրան վայրէջք կատարել թույլ չտվեցին, սակայն օդաչուներն սկսեցին նստեցնել ինքնաթիռը։ Հասկանալով, որ դա անհնար է, օդանավը որոշեց երկրորդ շրջանը կատարել, և այդ պահին ինքնաթիռի սրահում կրակոցներ են եղել։

Ասում են, թե ինքնաթիռում վիճել է երկու խումբ` հայտնի քրեական հեղիանակություն Բենիկ Խաչատրյանի (Բոնե Ռոստովսկի) խումբը և այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Կարլոս Պետրոսյանի որդու խումբը։

Բախումը տեղի է ունեցել դեռ թռիչքից առաջ, Երևանի ռեստորաններից մեկում, նույնիսկ կրակոցներ էին եղել։ Այնուհետև կոնֆլիկտը շարունակվել էր օդանավակայանում և անմիջապես ինքնաթիռի մեջ, թռիչքի ժամանակ։  Վեճը հանդարտեցնելու համար, նրանց հետ մեկնել էր VIP ծառայության պետ Ալբերտ Ազարյանը, որն էլ հենց ուղեկցում էր 40 կգ-անոց բեռը։ «Գողական այդ կոնֆլիկտն» էլ հենց, օդանավի ավտոպիլոտի գործառույթների շարքից դուրս գալու հետ մեկտեղ, աղետի պատճառ դարձավ, պնդում է Պողոսյանը։

Նա տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ այն ժամանակ Սոչիի չվերթերը սովորաբար առավոտյան էին կատարվում, սակայն այդ մեկը հատուկ գիշերվա 2-ին էր իրականացվել։

Աղետից հետո Հայաստանում եղան մարդիկ, որոնք փորձեցին մեղքը բարդել ռուս ավիադիսպետչերների վրա։  Թեև հետագայում հետաքննության ընթացքում պարզվեց, որ նրանք անթերի են գործել և արել հնարավոր ամեն բան աղետը կանխելու համար։

Պողոսյանի խոսքով`  հետադարձի ժամանակ դիսպետչերը օդանավի անձնակազմին ասել էր, որ նա պահուստային օդանավ գնա։ Թիմը հրահանգը չկատարելու իրավունք չուներ։ Սակայն օդաչուների «ձեռքերը գրեթե կապած են» եղել, քանի որ ինքնաթիռում գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչները պահանջել են վայրէջք կատարել հենց Սոչիում։

«Դիսպետչերի հրահանգը բացարձակ ճիշտ էր։ Սակայն օդանավի անձնակազմն անտեսեց բազմաթիվ կոչերն ու երկրից հնչող պահանջները։ Անձնակազմը գործել է իր պատասխանատվությամբ։ Սակայն ռիսկն այս դեպքում չարդարացրեց իրեն»,- ասում է Պողոսյանը։

Երկրորդ օդաչուն բացարձակ անգրագետ էր գործել, իսկ հրամանատարը գործունակ չէր, քանի որ կրակոցների ժամանակ վիրավորվել էր։

Պետք էր արագություն հավաքել և փակել շասսիները, ինքնաթիռն այդ դեպքում վերև կբարձրանար։ Իսկ օդաչուն փոխարենը փակել էր շասսիներն առանց շարժիչները թռիչքային ռեժիմի դուրս բերելու. դրա հետևանքով էր օդանավը ներքև սլացել։

Ողբերգությունից 12 տարի անց, ավիացիայի վետերանը նույն զգացումն ունի, ինչ այն ժամանակ։ Չվերթի կազմակերպիչները մարդկանց հիրավի մահվան էին ուղարկել։

armeniasputnik.am