Լեոնիդ Բրոնևոյի խոսքը. «Այն ինչ տեղի է ունեցել Խորհրդային Միությունում, սարսափ էր: Տեղի ունեցածի մասին անգամ որևէ սարսափ հեքիաթում չեք կարող կարդալ… դա ահասարսուռ, աբսուրդային, 70 տարի տևողությամբ սարսափ ֆիլմ էր. այնքան սարսափելի, որ մինչև հիմա տեսածի ազդեցության տակ ենք, և ոչ մի այլ ֆիլմ չենք կարողանում դիտել:
Ուշադրություն դարձրեք, որքան բան է հայտնի ստալինյան ճամբարներում տեղի ունեցած գազանությունների մասին, այն նավակների, որոնք այլախոհների հոծ զանգվածներ ողջ-ողջ խորտակում էին, այն մասին, որ մարդկանց գնդակահարում էին նույնիսկ աշխատանքի ժամանակ, միլիոնավոր որբերի մասին գիտենք, բայց ո՛չ, հիմա գտնվում են այնպիսիք, որ ուզում են Վոլգոգրադը նորից Ստալինգրադ վերանվանել:
Կոմկուսը միտինգ է անում, Ելցինի դեմ խոսում, ինչ է թե ասում էր, մի խմեք՝ աշխատեք: Միտինգին էլ բղավում են՝ Ստալին, Ստալին… Հիմարներ, գոնե գիտեք, թե ինչ եք բղավում:
Սարսափելի բան պետք է ասեմ. Հիտլերը, Ստալինից լավն էր… այո, այո, ատում եմ Հիտլերին, բայց կես գրամ Ստալինից ավել եմ հարգում, քանի որ սեփական ժողովրդի հետ չի վարվել այնպես, ինչպես Ստալինը: Սա հնձում էր. ուկրաինացի, վրացի, օսեթ, ռուս… Ոնց էլ զգացել է, որ կգա ժամանակը և կծլի մի Զյուգանով, որը կկարողանա միլիոններին ապացուցել, որ Ստալինը Պուշկինից արժեքավոր է, քանի որ ավելի շատ գործ է արել…
Կուզենայի լսելի լինել… Լսեք, այն համակարգը, որը մինչև հիմա գովերգում ենք, լարել, սպանել է մարդկանց: Լավագույն դեպքում՝ սպանել է, իսկ վատթարագույն դեպքում՝ ստիպել է, որ սպանեն ուրիշները: Այս մասին պետք է անընդհատ խոսել, գրել, որ այլևս ոչ մեկի մտքով չանցնի վերադարձի մասին խոսել, ձգտել, թե իբր, այն ժամանակ ավելի լավ է եղել: Ի՞նչ լավ բան է եղել. երկրի կեսը նստած է եղել, իսկ մյուս կեսը՝ նստացրել է…
Ի դեպ, նրանք, ովքեր նստացնում էին, մինչև հիմա ողջ են: Իսկ ես, ում մանկությունը պղծված է եղել, ում ծննդավայրը՝ չքնաղ Կիևը՝ թունավորված հիշողություններով, թե ինչպես ցրեցին մեր ընտանիքը. հայրս Կոլիմայում, մայրս՝ թափառական, իսկ ես՝ տկլոր Միջին Ասիայում: Ասել եմ, և էլի եմ ասելու. մի երազեք դժոխքի մասին, հիշեք բարին, այլ ոչ թե չարը:
Մեր բոլոր դժբախտությունները հենց դրանից են, մենք բարին չենք կարողանում հիշել: Օրինակ, ինչ ստացան այդ Հաղթանակից: Ո՞վ շահեց… 7, թե 10 տարի առաջ սյուժե էին ցույց տալիս: Մեկը, Ռուսաստանի մասին էր, մյուսը՝ Գերմանիայի: Պառկած է հաշմանդամ ռուս վետերանը: Ոտքեր չունի, իսկ պատի տակ այլանդակ տեսք ունեցող հենակներն են… Հետո ցույց էին տալիս Մյունխենը, հարմարավետ տնակ, մաքուր բակ, այգի… նրանցից մեկով հպարտ քայլում էր գերմանացի վետերանը՝ վերմախտի զինվորը: Նստում է իր Մերսեդեսը և սլանում: Մեկ էլ լսում եմ, որ այդ ծերուկն էլ է հաշմանդամ, երկու ոտքն էլ կորցրել է պատերազմի ժամանակ: Դե հիմա ասացեք, ով է հաղթել, մենք, թե՞ նրանք… Թե՞ ընկեր Ստալինը իր հետևորդների հետ միասին, որոնք բացարձակապես թքած ունեին մարդկային կյանքի վրա:
Մեզ, որբերիս, սոված, ծարավ, ոջլոտ, պատերազմի տարիներին Միջին Ասիան հյուրընկալեց: Ուզբեկները, ղազախները, տաջիկները տարհանման արդյունքում օտարության մեջ հայտնված երեխաներիս հաց և ջուր տվեցին, տանիք: Նրանք իրենց վերջին բլիթը կիսում էին մեզ հետ: Բայց հիմա, այդ տկլոր երեխաների թոռները Մոսկվայում աշխատող նույն այդ տաջիկների և ուզբեկների թոռներին ինչ ասես չեն ասում, ինչպես կարողանում են վիրավորում են և ստորացնում են… փոխանակ մտածեն, թե ինչպես կարող են փոխհատուցել այն բանի համար, որ մինչև հիմա գոյություն ունեն այս երկրի վրա: Սրանց հիմա թվում է, թե փողոց մաքրելն այնքան ստորացուցիչ բան է, որ դրան միայն տաջիկներն ու ուզբեկներն են արժանի…
Ես չեմ ուզում սովորեցնել, թե ինչպես է պետք ապրել, քանի որ ինքնս էլ դա չգիտեմ: Ցանկացածը կարող է կշտամբել ինձ, ասելով, որ ես այն մարդու զավակն եմ, որը կիևյան միլիցիայի ամենադաժան քննիչներից մեկն է եղել, որ ես մի քանի ԽՍՀՄ մեդալ ունեմ: Ոչ, ես պատմությունը չեմ կարող փոխել: Բայց վերադարձ չկա, մոռացեք այդ մասին: Ոչ մի մեդալ, կոչում չեն հասնի այն զրկանքներին, որը կրել է այս խեղճ ժողովուրդը այդ տարիների ընթացքում:
Ես շնորհակալ եմ, որ արտահայտվելու հնարավորություն ունեցա:
«БУЛЬВАР ГОРДОНА», № 48 (500) 2014
bessmertnybarak.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը