Դերասանուհի Անի Լուպեն նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում փորձել է հաղորդել դրական ու արևային տրամադրություն ցուրտ եղանակին: Դերասանուհին նշեց, որ ֆոտոշարքն իրականացրել է ամռանը, սակայն որոշ պատճառներով լուսանկարների մշակման գործընթացն ավելի ուշ է արվել: Անին Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարները, պատմել ֆոտոշարքի և ոտքի վնասվածք ստանալուց հետո առողջական ներկայիս վիճակի մասին:
Դերասանուհին ասաց, որ նոր ֆոտոշարքին երկար չի նախապատրաստվել, հագուստներն ընտրել է հենց նկարահանման հրապարակում լուսանկարիչների հետ ընդհանուր քննարկման արդյունքում:
«Ֆոտոշարքի լուսանկարիչն Անի Պողոսյանն է, որը մեր նկարահանման ժամանակ դեռևս հղիության փուլում էր գտնվում և իրեն օգնում էր նաև ամուսինը՝ Հայկ Պետրոսյանը: Նրանց հետ քննարկեցինք ու տեղում որոշեցինք՝ ինչ հագուստներով ներկայանամ: Ամենակարևորը, որ ես ուզում էի, ֆոտոշարքը գունավոր լիներ և միասին կարողացանք դա ստանալ: Ինձ համար շատ գեղեցիկ է եղել, որովհետև այն, ինչ ուզում էի, նկարներում տեսա: Պոզիտիվ, դրական տրամադրություն էի ցանկանում հաղորդել»,- ասաց նա:
Անիի կարծիքով ֆոտոխցիկի հետ աշխատելիս դերասանական հմտությունները օգնում են միայն այն պարագայում, երբ պետք է որևէ կոնկրետ կերպար կերտի, իսկ տվյալ ֆոտոշարքում դերասանուհին նման խնդիր չի ունեցել: «Ես այս լուսանկարներում ազնիվ եմ, անկեղծ, այնպիսին, ինչպիսին կամ և դերասանական առումով էմոցիաներս ցուցադրելու կարիք չունեի: Կարծում եմ՝ որքան էլ լուսանկարիչը պրոֆեսիոնալ լինի, նկարվելիս ինքդ պիտի կարողանաս քո ներքին աշխարհը ցուցադրել, աչքերիդ ու հայացքիդ ճիշտ արտահայտություն ընտրել»,- նշեց նա:
Թեև Անին ամառային ֆոտոշարք է իրականացրել, բայց կարծում է, որ հիմա էլ դրա հրապարակման համար լավ ժամանակահատված է. «Այնպես ստացվեց, որ լուսանկարների մշակման գործընթացը երկարեց, քանի որ լուսանկարիչն այս ընթացքում բալիկ ունեցավ, հետո ես ոտքս վնասեցի, բայց կարծում եմ լավ ստացվեց, որ հիմա հրապարկեցինք: Չեմ սիրում ինքնախաբեությամբ զբաղվել, բայց այս դեպքում կարծես այդպես է ստացվում. այնպիսի տրամադրություն ենք հաղորդել, որ դեռ ամառ է, շոգ է:)»:
Ամբողջությամբ՝ life.tert.am