Միֆերը ջախջախվում են. քաղցկեղի ամենացածր տարածվածությունը Սյունիքի մարզում է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միֆերը ջախջախվում են. քաղցկեղի ամենացածր տարածվածությունը Սյունիքի մարզում է

Հակառակ տարածվող ապատեղեկատվությանը, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանում հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի վերաբերյալ որևէ հիմնավոր հետազոտություն և փաստ այս պահին չկա, տեղեկացնում են Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունից։

Ավելին՝ ըստ վիճակագրական տվյալների, քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը ավելի բարձր է Հայաստանի ոչ հանքարդյունաբերական մարզերում:

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը, խնդրելով տեղեկություններ տրամադրել Հանրապետությունում քաղցկեղի վիճակագրության վերաբերյալ: Նախարարության կողմից տրամադրված պատասխանը հետաքրքիր տվյալներ է պարունակում. մասնավորապես, հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Նախարարությունը փաստումէ, որ քաղցկեղի առաջացման պատճառների 1/3-ը պայմանավորված է վարքագծային ռիսկի գործոններով՝ ծխախոտի օգտագործում, անառողջ սնունդ, ցածր ֆիզիկական ակտիվություն և ալկոհոլի չարաշահում, որոնք Հայաստանում ևս ունեն լայն տարածում: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, այլ պատճառների շարքում են նաև քաղցկեղածին վիրուսները, ինչպես նաև առողջապահական ծառայությունների անմատչելիությունը ցածր եկամուտ ունեցող երկրներում:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է նաև Հայաստանում ըստ մարզերի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշները: Եթե առաջնորդվեինք որոշ ակտիվիստների կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, ապա Հայաստանում քաղցկեղի հիվանդացության ցուցանիշով հանքարդյունաբերական Սյունիքը պետք է լիներ առաջատարը, սակայն ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են ճիշտ հակառակը: Ըստ այդմ՝ 2017թ. նորագոյացություններով հիվանդացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է հենց Սյունիքում, իսկ ահա ամենաբարձրը՝ Կոտայքում, որին հաջորդում են Գեղարքունիքը, Շիրակը՝ մարզեր, որոնք հանքարդյունաբերական չեն:

Հուսով ենք, որ այս տվյալները բավարար կլինեն Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղի՝ հանքարդյունաբերության վերաբերյալ որևէ գիտական հիմնավորում չունեցող անհիմն հայտարարություններ չանելու և հանրության շրջանում վախեր չտարածելու համար:

Խիստ կարևորելով Հայաստանում հանքարդյունաբերության որակի բարելավման, ոլորտում միջազգային չափանիշների ներդրման և պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը և բոլորովին չանտեսելով անպատասխանատու հանքարդյունաբերության բացասական հետևանանքերը շրջակա միջավայրի վրա՝ միաժամանակ հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ ապատեղեկատվության տարածումը և անհիմն միֆերի շրջանառումը չի նպաստելու ոլորտի խնդրիների լուծմանը և կոչ ենք անում հիմնվել բացառապես փաստերի և ճշտված տեղեկությունների վրա:

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն