Կառավարությունը պետք է և՛ պահպանի սեփականության իրավունքը, և՛ չվնասի Հայաստանի տնտեսական վարկանիշին
Advertisement 1000 x 90

Կառավարությունը պետք է և՛ պահպանի սեփականության իրավունքը, և՛ չվնասի Հայաստանի տնտեսական վարկանիշին

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը Facebook-յան իր էջում գրում է. «Ճանապարհային երթևեկության վերահսկման սարքավորումների և այսպես կոչված «կարմիր գծերի» պետականացման հարցը իրականում խնդրահարույց է, քանի որ ժամանակակից շուկայական տնտեսությունը կառուցված է սեփականության բացարձակ իրավունքի հիմքի վրա, և պետության կողմից մասնավոր սեփականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն խիստ բացասական էֆեկտ է ունենում տվյալ պետության ներդրումային վարկանիշի վրա և այն դարձնում է ռիսկային, հատկապես օտարերկրյա ներդրողների համար:

Սակայն եթե դրված է խնդիր կանոնակարգելու այս ոլորտը, ապա պետք է դիտարկել միջազգային պրակտիկան:

Մասնավորապես, եթե պետությունը չունի բավարար միջոցներ, կամ չի ցանկանում իր սեփական միջոցներով ներդնել թանկարժեք տեխնոլոգիաներ, ապա դիմում է մասնավոր ներդրողին, խնդրելով ներդնել ամբողջ գումարը` հետագայում շահույթից այն փոխհատուցելու պայմանով: Այս պարագայում գործում է 80%-20% հարաբերակցությունը` հօգուտ մասնավորի: Սակայն կատարված ներդրումը ձեռք բերված շահույթով վերադարձնելուց հետո հարաբերակցությունը փոխվում է հօգուտ պետության` համակարգը կառավարող մասնավոր ընկերությանը թողնելով շահույթի 20%-ը: Այս պրակտիկան լայնորեն կիրառվում է վերականգնվող էներգիայի կայանների ներդրման գործարքներում, որի պարագայում պետությունը, խրախուսելով ներդրողին, ներդրված տեխնոլոգիաների արդյունքում ստացված էներգիան գնում է մի քանի անգամ թանկ գնով, պայմանով, որ ներդրումը վերադարձնելուց հետո սակագինը կնվածի մի քանի տասնյակ անգամ:

Մեր պարագայում պետք է հասկանալ, թէ ի՞նչ պայմանավորվածություն է ունեցել պետությունը ներդրում կատարած ընկերության հետ և շահույթի բաշխման ի՞նչ հարաբերակցություն է սահմանվել աշխատանքների կատարման կոնկրետ փուլերում:

Կարծում եմ, կառավարությունը ներդրված համակարգերի ֆինանսական հոսքերի կառավարումը պետությանն ու Երևանի քաղաքապետարանին փոխանցելու, կամ, այսպես կոչված, պետականացման փոխարեն, պետք է որոշի պարզապես փոխել շահույթի հարաբերակցությունը` դրանով իսկ պահպանելով սեփականության իրավունքը և չվնասելով Հայաստանի տնտեսական վարկանիշը»:

 



Նման նյութեր