Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Հայերը և Եվրոպան. Մուրադ-Ռաֆայելյան վարժարան.
1834 թվականին Հնդկաստանի երկու հայ մեծահարուստ վաճառականների` Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն Իտալիայի Պադովա քաղաքի «Բրաթոյ դելլա Վալլե» թաղամասում Վենետիկի Մխիթարյան միաբանությունը հիմնում է Մուրադի անունով՝ Մուրադյան վարժարանը, իսկ 1836-ին Վենետիկի «Քա Բեզարոյ» պալատում՝ Ռաֆայելյան վարժարանը, որը 1850-ին փոխադրվում է ավելի ընդարձակ պարտեզներ ունեցող «Քա Ծենոպիո» պալատը: Իտալիայում տիրող Ավստրիական կայսրության ճնշումներից` Մուրադյան վարժարանը տեղափոխվում է Փարիզ, որտեղ մնում է մինչև 1870-ը:
Ֆրանս-պրուսական պատերազմի հետևանքով վարժարանը դարձյալ տեղափոխվում է Իտալիա` Վենետիկ և, միանալով Ռաֆայելյան վարժարանին, ստանում է Մուրադ-Ռաֆայելյան անվանումը: Վարժարանը հետևել է Մխիթարյան միաբանության ավանդույթներին, այն է` օտար ափերում պահպանել հայոց լեզուն ու մշակույթը, զարգացնել հայագիտությունը և փոխանցել սերնդեսերունդ: Աշակերտները ուսանել են հայոց լեզու, գրաբար, հայ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, ինչպես նաև օտար լեզուներ` իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն: Վարժարանում գործել են թատերախումբ, նվագախումբ և մարմնամարզական խմբակ»: