Լեռնագնաց, վազորդ Արա Խաչատուրյանը ծնունդով Լիբանանից է: Այնտեղ, երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը, ընտանիքը որոշեց տեղափոխվել Ֆրանսիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արա Խաչատուրյանը պատմում է, որ բնակություն հաստատեցին Մարսելում: Տարիներ անց Արան սկսում է զբաղվել ոսկերչությամբ, որն էլ շուտով դառնում է իր հիմնական գործունեությունը:
«Երբ 40 տարեկան էի, մի անգամ Լիբանանից իր մտերիմ ընկերներն ինձ հրավիրեցին մասնակցելու մարաթոնյան վազքի: Առաջարկը հավանեցի, և ես սկսեցի ակտիվորեն մարզվել: Նախապատրաստական ընթացքից, մարաթոնյան վազքից ոգևորված որոշեցի ակտիվ մարզվելը շարունակեմ: Որոշ ժամանակ անց, երբ արդեն Ֆրանսիայում էի, ևս մեկ մրցման մասնակցելու առաջարկ ստացա: Մարզումներս բարձր մակարդակով պահելու համար որոշեցի բարձրանալ Մոնբլան լեռը, որի բարձրությունը հասնում է 4810 մետրի: Երբ առավոտյան 6.30-ին հասա լեռան գագաթ ու արևածագը վայելեցի, շատ տպավորվեցի, շատ ոգևորիչ էր: Դա խթան դարձավ, որ շարունակեմ լեռնագնացությունը»,-պատմում է Արա Խաչատուրյանը: Նա հետագայում բարձրացավ Կիլիմանջարո լեռը, Արարատը, որն ըստ Արայի, շատ հուզիչ էր:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն Արային հրավիրեց պատմելու, թե ինչպես բարձրացավ Արարատ լեռը: Այդ ժամանակ 2013 թվականն էր: Քննարկման ընթացքում Արա Խաչատուրյանը հանդես եկավ առաջարկությամբ: Նա տեղեկացրեց, որ աջակցության դեպքում կբարձրանա աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի, գագաթը:
«Ես պատրաստվում էի իմ արշավը նվիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ցանկանում էի այդ քայլով հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության հարցի վրա: Կոչս՝ ճանաչելն էր 1915 թվականի ողբերգությունը: Այդ կարևոր գործում աջակիցներ ունենալուց հետո սկսեցի ծանր նախապատրաստական աշխատանքներ: Եղա մի շարք վայրերում՝ Պերու, Բոլիվիա, Էկվադոր, և այնտեղ բարձրացա նախ 6 հազար, այնուհետև 6 հազար 300 , 6 հազար 500, 6 հազար 700 մ բարձրությամբ լեռներ»,-ասաց Արա Խաչատուրյանը: Նրա խոսքով, դա բավարար չէր Էվերեստը բարձրանալու համար, հետևաբար ճանապարհորդեց դեպի Ղրղզստան, որտեղ բարձրացավ 7 հազար 134 մ բարձրություն ունեցող Լենինի Պիկ լեռը:
Ամբողջությամբ՝ armenpress.am