Ինձ համար էական նշանակություն չունի, թե իմ ապագա ամուսինն ինչ ոլորտից կլինի, կարևորը՝ նա կայացած տղամարդ լինի. Արմինե Մանուկյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ինձ համար էական նշանակություն չունի, թե իմ ապագա ամուսինն ինչ ոլորտից կլինի, կարևորը՝ նա կայացած տղամարդ լինի. Արմինե Մանուկյան. life.panorama.am

Բալետի արտիստուհի եւ դերասանուհի Արմինե Մանուկյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նա այժմ նկարահանվում է «Կարմիր բլուր» հեռուստասերիալում՝ իր խոսքով՝ վերջապես կերտելով իրեն նման հերոսուհու:

««Կարմիր բլուր»-ում իմ կերպարը՝ Լիլին, տարբերվում է կերտածս նախորդ կերպարներից: Լիլիի դերում ես ինձ շատ հանգիստ եմ զգում, քանի որ բնավորությամբ մենք շատ նման ենք, իսկ այդ դեպքում ինձ ավելի հեշտ է խաղալը: Մենք երկուսս էլ համառ են, մեր ասածի տեր, անկախ խոչընդտոներից, եթե մի բան դնենք մեր մտքին, ապա անպայման կհասնենք դրան»,- պատմեց Արմինեն:

Մեր զրուցակիցը սերիալի զարգացումների հետ կապված մանրամասներ չհայտնեց.

«Իհարկե, ես արդեն գիտեմ, թե ինչ ավարտ է ունենալու սերիալը, բայց փակագծեր բացելու իրավունք չունեմ: Միայն մի բան կարող եմ ասել՝ շատ հետաքրքիր ու լարված սերիաներ են սպասվում»,- նկատեց նա:

Խոսելով այս թիմում իր աշխատանքից՝ Արմինեն նշեց.

«Աշխատում եմ բացարձակ պրոֆեսիոնալ խմբի հետ, որը շատ հաճելի է ու հեշտ է դարձնում աշխատանքը: Այստեղ յուրաքանչյուրը շատ լավ  գիտի իր գործը, ճիշտ է՝ առաջին անգամ էի այս անձնակազմի հետ աշխատում, բայց ոմանց հետ աշխատանքային փորձ ունեի, ուստի նոր թիմում ինձ օտար ու կաշկանդված չեմ զգացել: Չնայած ինձ չճանաչող մարդիկ ասում են, որ ես գոռոզ եմ ու ինքնավստահ, սակայն, երբ հարցը վերաբերում է գործին, կարողանում եմ այնպես անել, որ ինձ օտար չզգամ տվյալ միջավայրում»:

Արմինեն իր դերասանական հմտությունները առայժմ կենտրոնացրել է միայն «Կարմիր բլուր»-ում: Դերասանուհին նշեց, որ թեեւ այլ հեռուստաընկերությունից առաջարկ ունեցել է, սակայն մերժել է, քանի որ հավատարիմ է իր սկզբունքին՝ այն է զբաղվել մեկ գործով, բայց դա անել շատ լավ: Բացի այդ, նրա խոսքով, ժամանակը եւս թույլ չի տա այլ սերիալում նկարահանվել:

2017-ին Արմինե Մանուկյանը մասնակցեց «Միսս Արմենիա» մրցույթին՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Հարցին, թե Արմինեն ցանկություն չունի՞ մոդելային կարիերա վարել, պատասխանեց.

«Մրցույթի ավարտից հետո մոդելային կարիերայով չեմ հետաքրքրվել: Դա մի փորձություն էր իմ կյանքում, որը իմ կարծիքով պատվով հաղթահարեցի: Եթե մի փոքր հետաքրքրվեի եւ գնայի այդ ուղիով, միգուցե այդ ասպարեզում եւս բարձրունքների հասնեի, սակայն ամեն ինչ դեռ առջեւում է, ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք: Հնարավոր է լինի այնպիսի մի առաջարկ, որը իրոք կհետաքրքրի ինձ եւ ես էլ կընդունեմ այն»:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստուհին պատմեց, որ այստեղ եւս բուռն աշխատանքային շրջան է:

«Հիմա մեզ մոտ շատ ծանրաբեռնված աշխատանքային փուլ է, ունենք մի շարք բալետային եւ օպերային ներկայացումներ: Վերջերս կայացավ «Չիպոլինո» բալետային ներկայացման պրեմիերան, այն մանկական ուրախ ներկայացում է, որը շատ դրական արձագանքներ ունեցավ: Գալիք տարվա հետ կապված եւս շատ ծրագեր ունենք, որոնց մասին դեռեւս չեմ խոսի»,- հավելեց մեր զրուցակիցը:

Զրույցի վերջում անդրադառնալով Արմինե Մանուկյանի անձնական կյանքին, պարուհի-դերասանուհին նկատեց.

«Անձնական կյանքում նորություն չունեմ: Դեռեւս չեմ հանդիպել այն տղամարդուն, որը արժանի է, որպեսզի իմ կողքին լինի: Այսօր դա շատ բարդ հարց է դարձել, ինձ համար էական նշանակություն չունի, թե իմ ապագա ամուսինն ինչ ոլորտից կլինի, կարեւորը՝ նա ինքնահաստատված, ինքնուրույն, կայացած տղամարդ լինի: Իսկ առայժմ իմ սիրտն ազատ է»:

life.panorama.am