Ազգությամբ լեհ լուսանկարիչ և վիդեոօպերատոր Իրենեուշ Սիրանեկն ապրում և աշխատում է Դանիայում: Դանիայի մշակույթի նախարարի հրավերով նա ժամանեց Դանիա և ֆոտոստուդիա բացեց: Ի. Սիրանեկը պատվերներ է ստանում Դանիայի թագավորական ընտանիքից և ֆիլմեր պատրաստում Մարգարեթ թագուհու և Բենեդիկտ արքայադստեր մասին:
Բարոկկո ոճով ձևավորված թագավորական պարտեզներում նա փառատոներ և պետության համար կարևոր իրադարձություններ է նկարահանում: Հետաքրքիր են ճակատագրի պտույտները, և շատ հաճախ՝ բոլորովին անսպասելի: Ամուսնանալով հայուհու հետ` Ի. Սիրանեկը սկսեց լուսանկարել Հայաստանը, նաև ուսումնասիրել հայկական պատմությունը: «Նա խանութներից գնում էր այն բոլոր ֆիլմերն ու գրքերը, որոնք Հայաստանի մասին էին,- պատմում է կինը, նկարչուհի և web site-երի դիզայներ Ռուզաննա Վարդանյանը: -Հետո մտածեց, թե ինչպես կարելի է հայկական հարուստ մշակույթը ներկայացնել Սկանդինավիայում»: Լեհ լուսանկարիչը շատ նրբանկատ և ռոմանտիկ մարդ է, նրա լուսանկարները ոչ միայն շատ գեղեցիկ են, այլև՝ խոհական, խաղաղ և ներդաշնակ: Հայաստանի մասին պատմող իր դիտած ֆիլմերը նա չի հավանում, ասելով, որ դրանց մեջ «աղմուկը» շատ է, իսկ երաժշտությունն՝ «աղաղակող»: Անցյալ տարի, այցելելով Հայաստան, նա լուսանկարել է հայկական խաչքարերը, որոնք հետագայում ֆիլմ են դարձել: «Կարոտ», «Հայաստան», «Խաչքարեր» ֆիլմերը նա նկարահանել է սեփական նախաձեռնությամբ: Այդ ֆիլմերը յուրահատուկ, զուսպ ոճով և նուրբ ճաշակով են արված: Միայն պատկերներ են և Ջիվան Գասպարյանի դուդուկը:
Քանի որ լուսանկարիչը համագործակցում է սկանդինավյան հեռուստաընկերությունների հետ, իր ֆիլմերը ցուցադրելու մեծ ցանկություն ունի: «Ցուցադրությունները հետաձգվում են, քանի որ մեզ պետք է Ջիվան Գասպարյանից՝ իր երաժշտությունն օգտագործելու թույլտվություն ստանալ»,- ասում է Ռուզաննան: Իսկ հիմա նա իր ամուսնու ֆիլմերը ցուցադրում է միայն նեղ շրջանակներում, իր ստեղծած «Vardanyan» ցուցասրահի այցելուներին: Հայ գեղանկարիչների աշխատանքները ցուցադրելիս Ռուզաննան աշխատում է միշտ պատմել Հայաստանի մասին և ծանոթացնել մեր պատմությանը:
«Դանիան շատ կազմակերպված երկիր է, ամեն ինչ իր տեղում է: Յուրաքանչյուր վաճառված նկարից ես 50% հարկ եմ մուծում պետությանը, և այդ հարկերը գործազուրկ մարդկանց թույլ են տալիս ապահով ապրել: Դանիացիները շատ հստակ հասկանում են, որ իրենց տունը ոչ միայն իրենց բնակարանն է կամ տան մուտքը, այլև՝ ամբողջ փողոցը, քաղաքը, նույնիսկ՝ ամբողջ երկիրը: Մարդիկ գերադասում են լինել կազմակերպված»,- ասում է Ռուզաննան, ով արդեն 13 տարի Հայաստանում չի ապրում և հասցրել է մոռանալ հայկական քաոսը: Իսկ Իրենեուշ Սիրանեկի համար Երևանի փողոցներով քայլելը դժվարություն չի ներկայացնում: «Առաջին երկու օրն էր դժվար, հետո սովորեցի մեքենաների արանքներով մանևրել»,- ասում է նա: Նորդիկ և անթափանց խառնվածքի տեր մարդ լինելով, նա Հայաստանի մասին խոսելիս շատ ոգևորվում է և հույս ունի, որ իր աշխատանքները հետաքրքրություն կառաջացնեն Եվրոպայում: Վարդանյան-Սիրանեկ արվեստագետների տանդեմն ամեն ինչ անում է դրա համար: «Հայերի մասին Դանիայում շատ քչերը գիտեն: Անգամ կան մարդիկ, ովքեր համոզված են, որ Հայաստանը մուսուլմանական երկիր է: Սկզբում նման խոսակցություններն ինձ շատ էին բարկացնում, բայց հետո հասկացա, որ նրանք մեր մասին պարզապես ինֆորմացիա չունեն: Հիմա մենք տեսնում ենք, Եվրոպայում հայերի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, մենք էլ ուզում ենք օգտագործել այդ պահը և մշակույթն ու մարդկանց ճիշտ ներկայացնել: Թող տեսնեն, որ մենք փոքր երկիր ենք, բայց մեծ պոտենցիալ ունենք»: Ամուսնական այս զույգը բաց է համագործակցության համար. www.cyranek.dk էլեկտրոնային հասցեով պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առաջարկ: Նրանք ցանկանում են Դանիան պատկերող լուսանկարների հավաքածուն ցուցադրել նաև Հայաստանում: Այդ դեպքում «արվեստների կամուրջներն» ավելի շատ կլինեն: Իսկ Ի. Սիրանեկի ցանկությունն է հայ արվեստագետների մասին դիմանկար-ֆիլմեր պատրաստել:
Նունե Հախվերդյան
«168.am»