Life.panorama.am-ի հետ զրույցում 2018 թվականը ամփոփել է սթենդափեր, դերասան Աղաս Մանուկյանը, ով սիրվեց իր «Stand up»-երով, իսկ այժմ նկարահանվում է «Ֆուլ հաուս 2»-ում:
«2018թ-ը ինձ համար ավելի շատ նշանավորվեց նրանով, որ առաջարկ ստացա նկարահանվել «Ֆուլ Հաուս» սիթքոմում եւ, իհարկե, իմ մոնո «Stand up» ներկայացումներով, որոնք մի քանիսն էին: Այսինքն՝ լավ ու առատ աշխատանքային տարի եմ ունեցել, ինչի համար միայն ուրախ եմ»,- նշեց Աղասը:
Մեր զրուցակցի խոսքով՝ փորձում է ամեն տարի ամեն ինչից ավելին սովորել.
«Ամեն տարի ես ինչ-որ նոր բան եմ սովորում: Այս տարվա համար ամենակարեւորը, սիթքոմում նկարահանվելու փորձ ձեռք բերեցի, իսկ «Stand up»-ի մասով սկսեցի ավելի շատ սցենարական մտահորիզոն բացել ինձ համար»,- նկատեց նա:
Հարցին, թե 2018-ին Աղասի համար անցանկալի իրադարձություններ եղա՞ն, ժպիտով պատասխանեց.
«Այս տարվա թերեւս ամենավատ կողմը ինձ համար այն էր, որ 10 օր գրիպով հիվանդ պառկած էի. Փառք Աստծուն, այս տարի տպավորիչ վատ կողմերի չեմ հանդիպել»:
Աղասն ուրախությամբ նշեց՝ 2018-ը իր հանդեպ շռայլ է գտնվել.
«Կարելի է ասել, որ 2018-ը միայն տվեց, տվեց լավ ընկերներ, լավ կոլեկտիվ, որոնց հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»- նշեց նա:
Իսկ հարցին, թե ինչ սպասելիքներ ունի 2019-ից, պատասխանեց.
«Ես նախ կուզեմ գալիք տարին լինի հաջողակ բոլորի համար, լինի առողջության, նպատակների իրականացման, ձեռքբերումների եւ ազնվության տարի: Հավատացեք, եթե այդքանը լինի, վատին էլ տեղ չի մնա. շնորհավոր բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը»: