Նկարիչ Մինաս Ավետիսյանը ստեղծել է լուսավոր ու խոր պատկերներ, իր կյանքն ապրել է ազնիվ ու դժվար: Մինասի կողքին գտնվող մարդիկ լավ հասկանում էին` ինչ արժեք ունեն նրա կտավները, և տարիներ անց որքան է նրա ստեղծագործությունների արժեքն աճելու: Նրա յուրաքանչյուր նկար անմոռանալի, գունեղ ու պայծառ է:
Մինասը կարող էր հեշտությամբ նվիրել իր նկարները: Իսկ նկարչի ողբերգական մահից հետո պարզվեց, որ շատ գործեր անհայտ կորել են: Շատ կտավներ այրվել էին նկարչի արվեստանոցում տեղի ունեցած հրդեհի ժամանակ: Իսկ ընդհանրապես Մինասի նկարների հետ կապված խարդախությունների, կտավների կրկնօրինակված լինելու մասին խոսակցությունները չեն դադարում մինչ այսօր: Ժամանակն էլ ավելի է խճճում Մինասի անգին ժառանգության ճակատագիրը: Նրա նկարները հայտնվում են աշխարհի տարբեր երկրներում և միշտ վաճառվում են շատ թանկ գներով: Մինաս Ավետիսյանը համաշխարհային իր ճանաչման համար վճարեց ամենաթանկ գնով: Անհասկանալի հանգամանքներում տեղի ունեցած դժբախտ պատահարը խլեց նրա կյանքը: Գուցե ավելի հարմարվողական արվեստագետը կարողանա՞ր իր կյանքն ավելի երջանիկ ու անփորձանք ապրել, սակայն Մինասն իր ողբերգական մահով ցույց տվեց, որ երջանկությունն ու արվեստը կարող են նույն հարթության վրա չգտնվել: Իր առեղծվածային մահից հետո մեզ մնաց նրա լուսավոր ու երջանկության պատրանք ծնող արվեստը:
Սա Մինասի վերջին լուսանկարն է, որն արվել է նկարչի վրա կատարած վրաերթից մեկ օր առաջ՝ 1975թ. փետրվարի 14-ին: Լուսանկարի հեղինակն այն ժամանակ լույս տեսնող «Սովետական Հայաստան» պաշտոնական օրաթերթի լուսանկարիչ Ավետ Եսայանն է, ով վաղուց համագործակցում էր Մինասի հետ և նրա գործերի ալբոմի համար սլայդներ անում: Ավետ Եսայանի և Մինասի միջև ջերմ հարաբերություններ էին: Փետրվարի 13-ին Մինասը զանգահարեց Ա. Եսայանին ու ասաց. «Ավետ, շուտ արի, ես երեք նոր գործ ունեմ, որոնք պետք է սլայդների վերածել»։ Լուսանկարիչը Մինասի արվեստանոց շտապեց: «Կեսգիշեր էր, ես գիտեի, որ սլայդները Մինասին վաղ առավոտյան են պետք, քանի որ բեյրութահայ մի գործարար պետք է դրանք իր հետ տաներ»,- պատմում է Ա. Եսայանը: Գիշերվա ընթացքում լուսանկարները պատրաստվեցին, և հաջորդ օրվա առավոտյան ժամը 6-ին Ա. Եսայանը կրկին թակեց Մինասի դուռը: «Մինասը քնած չէր, ես լսեցի, որ նա դռան ետևից կանչեց իր կնոջը, ասելով՝ Գայան, Գայան, դուռը բաց, երևի Ավետն է»,- պատմում է նա: Մինասն աշխատում էր միշտ արագ վարձատրել լուսանկարչի գործը, և հիմա էլ, դեռ չտեսած սլայդները, փող առաջարկեց: Ա. Եսայանի համար Մինասի վստահությունը շատ թանկ էր: Նա ասաց. «Սպասիր, ավելի լավ է՝ ես քեզ նկարեմ»: Մինասը լուսանկարվելուն դեմ էր: «Էսպես փնթի ո՞նց նկարվեմ»,- ասաց նա: «Փնթիս ո՞րն է» ասելով՝ լուսանկարիչն արեց Մինասի այս վերջին լուսանկարը: «Հասկանում եք, նա այնքան հետաքրքիր էր` մի քիչ տխուր, մի քիչ հոգնած, մազերը գզգզված էին, գլխին կինտոյի գլխարկն էր: Ես շատ էի ուզում լուսանկարել նրան»,- պատմում է Ա. Եսայանը:
Այդ օրը Մինասը խնդրեց նաև լուսանկարել «Անտունի» բալետի համար արած իր դեկորացիաները՝ ցանկանալով պատմության մեջ թողնել նաև իր այդ գործը. «Դեկորացիաները վատ վիճակում են, քայքայված են, բայց թող մնան պատմության մեջ»: «Անտունի» բալետի հոբելյանական 50-րդ ցուցադրությունը պետք է կայանար հաջորդ օրը՝ փետրվարի 15-ին: Իսկ առավոտյան Մինաս Ավետիսյանը նախատեսել էր իր ընկերներ Հենրիկ Իգիթյանի և Հակոբ Հակոբյանի հետ Գյումրի գնալ` խաշ ուտելու: Նա Ավետ Եսայանին առաջարկեց իրենց միանալ, սակայն լուսանկարիչը հրաժարվեց, խոստանալով վաղը լուսանկարել բալետը: Իսկ այդ վաղը ողբերգության օրն էր: Բալետն անցավ մեծ հաջողությամբ, դահլիճը լեփ-լեցուն էր: Բալետի ավարտից հետո բանկետ էր նախատեսված, որին սակայն Մինասը չմասնակցեց: Որոշեց տուն գնալ, թեև բացի բանկետից՝ նա ևս մեկ հրավեր ստացավ: Օպերայի և բալետի շենքի ծառայողական մուտքի մոտ կանգնած նա լեհական «Տրիբունա լյուդա» ամսագրի լրագրողներ Զբիգնև Լեսնիկովսկու և Զբիգեն Սուխարեինի կողմից «Արմենիա» հյուրանոց հրավիրվեց: Լեհ լրագրողները մի քանի օր առաջ եղել էին Մինասի արվեստանոցում: Ըստ Ավետ Եսայանի, ով «Արմենպրեսի» թղթակից Վանիկ Սանթրյանի հետ այդ պահին Մինասի կողքին էր՝ լեհերը հարբած էին, և Մինասը վարանեց՝ գնա՞լ, թե՞ չգնալ: Սկզբում ուզում էր հյուրանոց գնալ, հետո մտափոխվեց և, ի վերջո, չգնաց: Մինասն Ա. Եսայանին ասել է՝ «Խմած մարդկանց հետ չեմ գնա», ապա, «Բարի գիշեր» մաղթելով, դանդաղ, մտազբաղ դեպի տուն է քայլել: Տերյան – Սայաթ-Նովա խաչմերուկն անցնելիս նրան հարվածեց «Մոսկվիչ» ավտոմեքենան:
Կյանքը «եթե» բառը չի ընդունում, սակայն Մինասի վերջին օրվա ընթացքում այդ «եթե»-ները շատ էին: Գուցե, եթե նա բանկետին մասնակցեր կամ լեհերի հրավերն ընդուներ, կխուսափեր ճակատագրական այդ վրաերթից…
Արդեն հիվանդանոցում Մինասը տեսավ իր աշխատանքների սլայդների ալբոմը, որին շատ էր սպասում, և որը պատրաստել էին արվեստագետ Հենրիկ Իգիթյանն ու լուսանկարիչ Ավետ Եսայանը:
Նունե Հախվերդյան
«168.am»