Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանը Life.panorama.am-ի միջոցով ուղարկել է իր նամակը Ձմեռ պապին՝ հուսալով, որ ինչպես միշտ տիեզերական ուժով իր ցանկությունները, որոնք նա մտքում է պահում, մի հրաշքով կիրականանան:
«Բարեւ Ձմեռ պապ:
Արդեն մեկ տարի է, ինչ չենք զրուցել։ Գիտեմ, կարիք չկա քեզ պատմելու, թե ինչպես անցավ եւ ինչպես է անցնում 2018-ը, դու շատ լավ գիտես, եւ քո կախարդանքը անմիջական մասնակիցն է իմ հեքիաթների։ Այդ հեքիաթները այս տարի շատ-շատ էին, որի համար անչափ շնորհակալ եմ քեզ։
Ձմեռ պապ, երեւի նկատել ես, որ երբեք իմ նամակների մեջ չեմ խոսում երազանքներիս մասին, որովհետեւ այսքան ժամանակ դու դրանք կատարել ես առանց ավելորդ անգամ կարդալու։ Եվ ես վստահ եմ, որ գալիք 2019-ը բացառություն չի լինի, նամանավանդ այն պարագայում, որ ես ինձ 2018-ին շատ լավ եմ պահել եւ չարություններ չեմ արել:
Քո՝ մի քիչ չարաճճի թոռնուհի Ջեմմա»: