Հայտնի երգչուհի, «Ձայնը» և «Երեք ակորդ» շոուների եզրափակիչ փուլ հասած Մարիամ Մերաբովան ծնվել է Երևանում (մայրն աշխատանքի բերումով էր Թբիլիսիից տեղափոխվել Երևան)։ Նա մեծացել է միաժամանակ երկու քաղաքում, այդ պատճառով էլ սովորույթ է ձևավորվել` Նոր տարին նշել Հայաստանում, իսկ Սուրբ ծնունդը` տատի տանը`Վրաստանում։
Կճուճ, սացիվի, տոլմա ու մանդարին
«Ես երջանիկ մանկություն եմ ունեցել, ապրել եմ Երևանի ու Թբիլիսիի միջև։ Երբ յոթ տարեկան էի, ընտանիքիս հետ Մոսկվա տեղափոխվեցինք, բայց ընտանեկան սովորույթները զուտ հայկական մնացին։ Մեր տանը միշտ բազում արվեստագետներ կային` նկարիչներ, երաժիշտներ, երգիչներ։ Անընդհատ երաժշտություն էր հնչում, ներկայացումներ էինք բեմադրում։ Միշտ տոնական տրամադրություն էր, իսկ Նոր տարին ասես դրա գագաթնակետը լիներ։ Դուռը չէր փակվում, մենք սպասում էինք բոլորին։ Խենթացնող բույրեր, հայկական, վրացական, ռուսական խոհանոցի ուտեստների պատրաստում։ Այնպիսի տպավորություն էր, որ աշխարհի կեսը մեզ հյուր էր գալու», – հիշում է Մարիամ Մերաբովան։
Նա չի մոռանում տատին, որը երաժիշտ չէր, բայց շատ լավ էր նվագում ու երգում, ռոմանսներ, արիաներ ու օպերետներ էր սիրում։
Ամանորի հետ կապված հիշողություններում է մնացել նաև շուկայի պատկերը, որտեղից նրանք թարմ մթերք էին գնում։
Մարիամն Ամանորի սեղանի պարտադիր ուտեստներից ամենաշատը սիրում էր կճուճը, սացիվին, տոլման, տարատեսակ թխվածքներն ու մանդարինները։
Երևանում էլ, Մոսկվա տեղափոխվելուց հետո էլ Մարիամն Ամանորը միշտ դիմավորում էր տանը։ «Միայն մեկ անգամ ենք դրսում նշել ու զղջացել ենք։ Ոչ թե այն պատճառով, որ մեր գնացած տեղը վատն էր, այլ որովհետև դա ընտանեկան տոն է», – կարծում է երգչուհին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am