Կրոն բառացիորեն նշանակում է «կրկին կապվել» Աստծո հետ: Ինքներս մեզ կարող ենք հարցնել, արդյո՞ք ամուր կապված ենք Աստծո հետ, թե՞ իրականում կապված ենք ուրիշ ինչ-որ բանի հետ։ Կրոնին և հավատքին վերաբերող խնդիրները շատ են այս աշխարհում, որովհետև այն լի է անկատար մարդկանցով: Նրանց նպատակների և ցանկությունների վրա մեծապես ազդում է իրենց հավատքը կամ դրա պակասը:
Շատերն այլ առաջնահերթություններ են դնում Աստծուց առաջ: Ոմանք էլ արդի կյանքում կրոնը տեղին չեն համարում: Ինչպես ամեն դարաշրջանում, այնպես էլ այսօր կան այնպիսիք, ովքեր ծաղրում կամ քննադատում են հավատքի ազատ դավանումը: Ոմանք անգամ համարում են, որ կրոնը հանդիսանում է աշխահում շատ չարիքների պատճառ: Ճիշտ է, եղել են ժամանակներ, երբ վայրագություններ են տեղի ունեցել կրոնի անվան տակ, բայց եթե կրոնը առաջնորդում է մարդուն նմանվելու Հիսուս Քրիստոսին, ապա դառնում է կենսակերպ և ամենօրյա պարտավորվածություն, ինչը և պարգևում է աստվածային օրհնություն:
Կրոնը աշխարհում միշտ էլ կարևորվել է, որի արդյունքները կախված են մեր ճշմարտության մեջ անաղարտությունից և դրա կանոնները պահելու մեր հետևողականությունից:
Կյանքի իրականություններից մեկն էլ այն է, որ մեր հավատքը փորձվում է: Երբեմն, այն փորձվում է, երբ հայտնվում ենք կյանքի և մահու կռվում։ Յուրաքանչյուրս կարող ենք հարցնել ինքներս մեզ՝ ինչի՞ մեջ է մեր հավատքը:
Ես միշտ աղոթել եմ, որ ոչ թե ազատվեմ փորձություններից, այլ որ իմաստություն ու խելամտություն, համբերություն և ուժ տրվի ինձ, որպեսզի դիմանամ այն փորձություններին, որոնց միջով պիտի անցնեմ: Թեպետ, ես չեմ կարող ճշմարտապես ասել, որ փորձության եմ ենթարկվել հավատքի մեջ, այնուամենայնիվ կարող եմ ասել, որ փորձվել եմ տարբեր միջոցներով: Փորձվել է իմ համբերությունը, իմ սերը, իմ ազնվությունը: Կա միայն Մեկը, ում մեջ իմ հավատքը միշտ ապահով է, իսկ Նա Հիսուս Քրիստոսն է: Իր տաս պատվիրաններից առաջինում Աստված հայտարարեց. «Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն ձեզ համար»:
Երբ մարդը կանգնում է Աստծո և անձնական ցանկության ընտրության առջև, այստեղ որոշվում է հավատքի աստիճանը:
Մենք կարող ենք Աստծո պատվիրաններից որոշների իմաստը չհասկանալ, բայց դրանց իմաստը բացահայտելու միակ պայմանը այդ պատվիրանները կատարելն է:
Մարիետտա Խաչատրյան