Life.panorama.am-ի հետ զրույցում անցնող տարին ամփոփել է դերասանուհի Օլյա Հակոբյանն ու խոսել է 2019-ից իր ցանկությունների մասին:
«2018-ն ինձ համար բավականին բուռն էր: Հասցրեցի ճանապարհորդել, ստանալ շատ մեծ տպավորություններ և հոգիս լցնել դրական էմոցիաներով»,- նշեց Օլյան:
Դերասանուհին խոստովանեց՝ 2018-ն իրեն շատ բան է սովորեցրել:
«Անցնող տարվա ընթացքում սկսեցի վստահել սեփական ուժերիս, միշտ առաջ գնալ, կռիվ տալ ու փոշմանել չարածների, այլ ոչ թե արածների համար»,- ընդգծեց նա:
Թույլ տված բացթողումների մասին Օլյան խոսել չի սիրում:
«Չեմ սիրում բարձրաձայնել բացթողումներիս մասին: Ես իմ մեջ գիտեմ դրանք, բայց վստահ կարող եմ ասել, որ ձեռքբերումներս գերազանցում են բացթողումներիս»,- հավելեց դերասանուհին:
Մարդկային ձեռքբերումների ու կորուստների իմաստով ևս անցնող տարին Օլյայի համար նշանակալի է եղել.
«2018-ը տարավ ու բերեց ընկերների: Այս իմաստով ամեն տարի ավելի մեծ խոհեմություն ես ձեռք բերում և գնահատում իրականը: Ինքս թե լավ, թե վատ առումով նորովի ճանաչեցի իմ շրջապատը, որոշ մարդիկ մաղվեցին, իսկ ով, որ պետք է մնար, մնաց, և ես հիմա էլ ավելի եմ այդ ամենը գնահատում»,- ընդգծեց նա:
2019-ից իր ցանկությունները պարզ են, բայց նաև խիստ կարևոր:
«Առաջին հերթին ուզում եմ առողջ լինեն իմ սիրելի մարդիկ և ես: Ինչպես ամեն տարի, այդ ցանկությունս համարում եմ առաջնային, իսկ հետո ուզում եմ, որ գալիք տարին լեցուն լինի գործնական ծրագրերով, ինչպես ասում են՝ «Աշխատանքը գեղեցկացնում է»: Եվ ի վերջո, ուզում եմ կրկին լինեմ նույն էմոցիոնալ, երջանիկ դաշտում, որն ապրում եմ հիմա, և միշտ շնորհակալ լինեմ Աստծուն, որ ամեն պահի իմ կողքին է»,- ավարտեց Օլյա Հակոբյանը: