«Այդ ժպիտով, նա կարծես հեգնում է, կարծես ասում է՝ «մի՛ տանջվիր, միևնույն է, չես բացահայտի իմ գաղտնիքը, չես գտնի նկարի իմաստը»»,- այսպես է Վահրամ Փափազյանն արտահայտվել Դա Վինչիի հանճարեղ գործերից մեկի՝ Մոնա Լիզա կտավի մասին։ Ստեղծագործություն, որը հետաքրքրում է բոլորին, բայց մինչ օրս շարունակում է մնալ չգաղտնազերծված։
Ասում են՝ Դա Վինչին սիրում էր իր գործերում գաղտնիքներ թողնել։ Եվ, գուցե նաև այստեղ էր մեծն նկարչի հանճարը։
տես նաև՝ Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են
Եվ այսպես…
Կտավի վերծանման մասին շրջանառվում են ամենատարբեր վարկածներ․ շատ փորձագետների պնդմամբ կտավում նկարիչը պատկերել է ինքն իրեն, սակայն չհավանելով այն, ավելացրել է կանացի դիմագծեր։ Բայց այս վարկածը գալիս են հերքելու ամերիկացի մասնագետները, ըստ որոնց Դա Վինչին չէր սիրում իրեն նկարել, հետևաբար նկարի հերոսը չէր կարող ինքը լինել։
Կտավի բնորդի տղամարդ լինելու հանգամանքը պնդել է նաև իտալացի Սիլվիանո Վինչետին, ով տարիներ շարունակ ուսումնասիրել է կտավն ու եկել այն եզրահանգման, որ Ջոկոնդայի աչքերում պատկերված են լատինական L և S տառերը, որոնք Լեոնարդոյի և Սալաինի անվան սկզբնատառերն են, իսկ Սալաինը մոդել էր, ում սիրահարված էր Դա Վինչին։
Որոշ գիտնականներ էլ պնդում են, որ նկարում պատկերվածը տղամարդ է, քանի որ այն ունի շատ հաստ պարանոց։
Մեկ այլ վարկածի համաձայն…
…կտավի հերոսը հենց ինքը Ջոկոնդան է։ Ֆրանչեսկո դել Ջոկոնդան իրեն տղա երեխա պարգևելու առիթով ցանկացել է այդ նկարը նվիրել կնոջը։ Պարզվել է, որ Մոնա Լիզայի գլխին շղարշ կա, ինչը 16-րդ դարում տարածված սովորույթ էր հղի կանանց շրջանում։
Բազմաթիվ փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ կտավը բաղկացած է 3 շերտից, ինչը փաստում է նկարում արված բազմակի փոփոխությունների մասին։ Այստեղ իրենց մեծությամբ աչքի ընկնող ձեռքերն էլ, ըստ վարկածի, հերթական փոփոխության արդյունք են․նշվում է, որ կտավի նախնական տարբերակում պատկերված է եղել Մոնա Լիզան՝ երեխան գրկին, բայց քանի որ փոքրիկը ուշադրությունն իր վրա է շեղել, հեղինակը ստիպված է եղել երեխային ձեռքերի վերափոխել։
Ամենաքննարկվող վարկածներից մեկի համաձայն…
…նկարում պատկերվածը Դա Վինչիի մայրն է։ Վերջինս հիվանդության պատճառով հոնքեր չի ունեցել, ինչպես և պատկերված է կտավում։ Գեղանկարչի մոր մասին են վկայում նաև ստեղծագործության թախծոտ հայացքը, որը պիտի արտահայտեր հեղինակի` մորից բաժանված լինելու հանգամանքը։ Դա Վինչիի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա տարիներ շարունակ չի տեսել իր մորը և 5 տարեկան դառնալուց հետո միայն նկատել է մի կնոջ, ով հետաքրքրվում է իրենով և հետագայում միայն պարզել, որ այդ կինը ոչ այլ ոք է, քան իր մայրը։
Եվ, չնայած ընդգծված թախիծին, նկարում նաև ժպիտ ենք տեսնում․ այս վարկածն են առաջ քաշում հոլանդացի և ամերիկացի ուսումնասիրողները։ Ավելին, նրանց կարծիքով Մոնա Լիզան շատ ավելի երջանիկ է, քան դժբախտ, վախեցած կամ բարկացած։
կարդա՝ Լեոնարդո Դա Վինչին ասել է…
Ֆրանսիացի գիտնական Պասկալ Կոտտը…
…տարիներ առաջ կտավը ենթարկել է 240 megapixel սքանավորման, որից հետո այն ուսումնասիրել է ուլտրամնուշակագույն և ինֆրակարմիր լույսերի ազդեցության տակ․ արդյունքում՝ հերքվել է վարկածը, թե կտավը հոնքեր չունի։
Պասկալի մեկնաբանությամբ կտավի հոնքեր չունենալը թյուրիմացության հետևանք է և հեղինակի խորամանկ պրոֆեսիոնալիզմի արդյունք, քանի որ Դա Վինչին նկարը պատել է հատուկ նյութով՝ այն դարձնելով եռաչափ, ինչից հետո կտավի վրա ավելացրել է որոշ դետալներ, այդ թվում՝ հոնքերը, որոնք ժամանակի ընթացքում մաքրվել են։
Մեկ այլ վարկածի համաձայն…
…կտավն առաջին 3D պատկերն է։ Ըստ նկարիչ Ռոն Պիկիրիլոյի, եթե նկարը կողքի շրջենք, ապա կտեսնենք կենդանիների՝ առյուծի, կապիկի և վայրի ցուլի պատկերներ։ Թե ինչ են դրանք խորհրդանշում, նկարիչը որևէ բացատրություն չի տալիս, սակայն նշում է, որ այդ կենդանիներին իրենց գործերում նկարել են նաև Վերածննդի դարաշրջանի այլ գործիչներ(Տիցիան, Ռաֆայելը)։
Աշխարհահռչակ գեղանկարչի ոչ պակաս աշխարհահռչակ ստեղծագործության մասին վարկածներն, իհարկե, այսքանով չեն ավարտվում, և արդեն 500 տարի շարունակ գրեթե ամեն օր նոր վարկած է առաջ քաշվում, մինչդեռ վերջնականապես գաղտնազերծել կտավն այդպես էլ չի հաջողվում։