Երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը տարին սկսել է գործնական նոր առաջարկով: Դերասանուհին շուտով կներկայանա «Շահմարի առեղծվածը» 32 մասանոց ֆիլմաշարում, որը փետրվարից կցուցադրվի Առաջին ալիքի եթերում:
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց ֆիլմաշարում իր հերոսուհու մասին և նկատեց, որ ի սկզբանե ռեժիսորն իրեն դիտարկել է մի քանի կերպարի համար: «Հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացա ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի կողմից: Մի քանի կերպար էինք փորձում, որպեսզի հստակ հասկանայինք, թե ինձ ո՞րն է առավել հարմար: Քննարկվող կերպարներից մեկի հետ կապված խնդիր կար, քանի որ պետք է մարմնավորեի 35-անց կնոջ, բայց դա զուտ արտաքնապես չէինք կարող անել, որքան էլ դիմահարդարմամբ և սանրվածքի փոփոխությամբ փորձեինք ստանալ, բնական չէր լինի: Այդ պատճառով ընտրությունը կանգ առավ մեկ այլ կերպարի վրա, որն ինձ հասակակից աղջիկ է»,- պատմեց Լուիզան:
Ֆիլմաշարում Լուիզան մարմնավորում է Լիլիի կերպարը, որն ապրում է իր քեռու հետ կենցաղային վատ պայմաններում: Դերասանուհին նկատեց, որ նոր կերպարն իրեն բացարձակապես նման չէ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում աշխատանքը:
«Թեև ես ու հերոսուհիս նույն տարիքում ենք, բայց շատ տարբեր ենք նաև մեր կենսակերպով: Դա հատկապես զգացվում է կոնկրետ իրավիճակներում: Կարծում եմ՝ անընդհատ քո կերպարին մոտ դերեր խաղալը հետաքրքիր չի լինի և որպես դերասան աճելու տեղ չես ունենա: Պետք է փորձես տարբեր կերպարներ մարմնավորել, որպեսզի մասնագիտական աճ գրանցես: Թեև ես բացասական կերպարների սիրահար եմ, բայց այս անգամ էլ ինձ բաժին հասավ դրական կերպար»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am