Պատմաբան Վահե Անթանեսյանն իր միկրոբլոգում ներկայացրել է շախմատի և նարդու պատմությունը. «Շախմատն ու նարդին հայերի ամենասիարծ խաղերն են: Պատմական վկայությունները փաստում են, որ հայերը շախմատով ու նարդով հրապուրվել են դեռ միջնադարից: Այս խաղերը սակայն, հայկական ծագում չունեն: Շախմատը ծագում է Հնդկաստանից: Ինքը` շախմատ բառը պարսկերեն է և նշանակում է մահ արքային: Միջնադարյան Հայաստանում խաղը հայտնի էր ճատրակ անունով, որ առաջացել է սանսկրիտերեն չատուրանջայից, որ նշանակում է քառակողմ:
Նարդին ամենամասսայական խաղն է Հայաստանում և տարածված է ոչ միայն տղամարդկանց, այլև` կանանց մոտ: Լավ նարդի խաղալը հաճախ նաև սնափառության և պարծանքի տեղիք է տալիս Հայաստանում:
Շախմատի և նարդու մասին միջնադարյան աղբյուրները հաճախ են հիշատակում: Ամենահայտնի, նաև հավաստի աղբյուր է նաև 10-րդ դարի պարսիկ անվանի բանաստեղծ Ֆիրդուսու գլուխգործոցը`«Շահնամեն»: Ըստ Ֆիրդուսու մատյանի` շախմատը ստեղծել է Հնդկաստանի թագավոր Գովը, որպեսզի դրանով սփոփի վշտի մեջ գտնվող իր մորը: Արքայի մայրը հրապուրվելով խաղով` մոռանում է իր վիշտը:
Ավանդույթի համաձայն Հնդկաստանի արքան պարսիկների բանականությունն ու իմաստությունը ստուգելու համար մեծ պատվիրակություն է ուղարկում Իրան, պատվիրակության հետ բազում ակնեղեն և գանձեր, ինչպես նաև մեկ շախմատ: Պարսից շահին գրած նամակում Հնդկաստանի արքան ասում է. «Քանզի դուք շահնշահ եք կոչվում, և բոլորիս արքան եք, ուստի և հարկ է, որ ձեր իմաստուններն էլ մերոնցից առավել իմաստուն լինեն, հետևաբար, եթե այս շախմատի իմաստը չբացահայտեք, պետք է հարկ ուղարկեք ինձ»:
Շահնշահը հավաքում է Իրանի բոլոր իմաստուններին, որոնք ամբողջ երեք օր խորհում են և չեն կարողանում բացատրել շախմատի իմաստը: Երբ Իրանի շահը հուսահատության մեջ է ընկնում, նրա մեծ վեզիր Բոխտակը ոտքի է կանգնում և ասում. «Թագավորն ապրած կենա, ես մինչ այժմ այս խաղի իմաստը չեմ բացահայտել, որ ձերդ մեծությունը իմանա, որ ես եմ Իրանի ամենաիմաստուն մարդը քո հպատակներից: Այժմ, եթբ համոզվեցիր, որ ոչ ոք չի կարողանում բացահայտել այս խաղի գաղտնիքը, ես ինքս կբացահայտեմ և մի խաղ էլ կհորինեմ, որ ուղարկես Հնդկաստան և դրանով կարողանաս հարկ առնել Հնդկաց թագավորից»:
Հաջորդ օրը արքունիքի և իմաստունների ներկայությամբ Բոխտակը հրավիրում է Հնդկաստանի դեսպանին և այսպես բացատրում շախմատի իմաստը. «Քո արքան այս խաղը ճակատամարտի նմանությամբ է հորինել: Կենտրոնում արքան է, շրջապատված իր զորավարներով և վեզիրներով: Փիղը պահակազորի հրամանատարն է, ձին` հեծյալների, զինվորը` դա մարտի ժամանակ առաջին շարքում կանգնած զինվորներն են»: Այնուհետ Բոխտակը տասներկու անգամ խաղում է Հնդկաստանի դեսպանի հետ և բոլոր անգամները հաղթում է նրան:
Հաջորդ օրը վեզիր Բոխտակը հորինում է նարդին և այն նվիրում է երկրի պահապան Սպանդարամետ աստծոն: Նա խաղի գաղտնիքը բացահայտում է շահին:
Տախտակը դա երկիրն է, իսկ նրա մեջ երեսուն քարերը` ամսվա երեսուն օրերն են: Սպիտակ քարերը խորհրդանշում են ցերեկը, սևերը` գիշերը: Զառերը խորհրդանշում են աստղերի և երկնակամարի պտույտը:
Զառի մեկ թիվը խորհրդանշում է այն, որ աստված մեկն է:
Երկու թիվը խորհրդանշում է հոգեղենն ու աշխարհիկը:
Երեք թիվը խորհրդանշում է միտքը, խոսքը և գործը:
Չորս թիվը խորհրդանշում է բնության չորս տարրերը` կրակը, հողը, ջուրը և օդը, ինչպես նաև երկրի չորս կողմերը` հարավը, հյուսիսը, արևելքն ու արևմուտքը:
Հինգ թիվը խորհրդանշում է հինգ լուսատուներին` արև, լուսին, աստղեր, կրակ, կայծակ:
Վեց թիվը խորհրդանշում է աշխարհստեղծումը, քանի որ աստված վեց օրում ստեղծեց աշխարհը:
Զառերի ուղղորդած քարերի պտույտը խորհրդանշում է այն, որ մարդկային հոգիները կապված են անմիջապես երկնային մարմիններին:
Երբ զառերի պտույտի հետևանքով բոլոր քարերը դուրս են գալիս, դա խորհրդանշում է, որ բոլոր մարդիկ ի վերջո հեռանում են երկրից…
Լսելով այս մեկնությունը` շահը մեծ պատվիրակություն պատրաստեց և իր վեզիր Բոխտակին որպես պատվիրակության ղեկավար ընտիր ընծաներով Հնդկաստան ուղարկեց` Հնդկաստանի թագավորին առաջադրելու նարդի խաղի խնդիրը…»: