Այս աղջկան մեկ անգամ տեսնելուց հետո, առաջին իսկ պահից հասկանում ես, որ նրա հետ հանդիպելու նոր առիթ պետք է ստեղծել: Նախ հետաքրքիր է նա արտաքինից. նրա հագուստը շատ օրիգինալ է` համեմված գույնզգույն զարդերով ու վառ երանգների շարֆերով: Ունի երկու անուն (բոլորը նրան անվանում են Տաթևիկ, սակայն իրականում նա Ազատուհի Մնացականյանն է) ու զբաղվում է յուրօրինակ ու գուցե շատերին ոչինչ չասող արվեստի մի ուղղությամբ` էքլիբրիսով: Սակայն այս պատճառով չէ, որ մենք ցանկացանք պատմել ձեզ նրա մասին: Պարզապես, այսպիսի մարդկանց մասին ասում են` «վառ անհատականություն է» ու նրանցից մի տեսակ դրական էներգիա է ճառագում: Ու հենց այդ պահին ուզում ես բոլորին պատմել, թե ինչ հրաշալի մարդիկ են ապրում մեր կողքին, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք:
Տաթևիկն արվեստագետ է: Նախ ամեն ինչ սկսվեց Երևանի Գեղարվեստական Ակադեմիայից, որտեղ նա սովորել է դիզայնի բաժնում, ապա կատարելագործվել համակարգչային դիզայնում: «Առանց այս ուղին անցնելու, ես չեմ պատկերացնում, ո՞նց կարելի է լավ աշխատանք ներկայացնել»,- ասում է Տաթևիկը:
Նա այսօր զբաղվում է նաև լուսանկարչությամբ (մասնակցել է մի քանի հայտնի ցուցահանդեսների, մրցանակներ ունի), ստեղծում է պոստերներ, լոգոներ (տառապում է հայ բիզնեսմենների պատվերներից, քանի որ նրանք հիմնականում պահանջում են աբսուրդ ու անճաշակ պոստերներ), իսկ ավելի շատ խորացել է էքլիբրիսի մեջ: Առաջին հաջողությունը էքլիբրիս արվեստի մեջ եղավ այն ժամանակ, երբ 2006թ. Տաթևիկը մենկեց Թուրին` մասնակցելու ձմեռային պարալիմպիկ խաղերին զուգահեռ կազմակերպվող էքլիբրիս արվեստի ցուցահանդեսին: «Թուրինում կայացած ցուցահանդեսը նվիրված էր Թուրինի պարալիմպիկ խաղերին, որին մասնակցում են հաշմանդամ սպորտսմենները: Բոլոր մասնակիցները տարիքով շատ մեծ էին ու մեծ փորձ ունեին: Ես երկու մրցանակ ստացա. մեկը՝ որպես ամենաերիտասարդ մասնակից, մյուսը`լավագույն գրաֆիկական աշխատանքի համար: Ընդ որում, ես նաև երրորդ մրցանակ կարող էի ստանալ` որպես միակ կին մասնակից, որովհետև այնտեղ բոլորը մեծ պապիկներ էին: Սակայն ժյուրիի անդամներն անունիցս չէին հասկացել, որ աղջիկ եմ»,- պատմում է Տաթևիկը:
Էքլիբրիս, այսինքն` գրքային նշան կամ տիտղոսաթերթ, որի վրա պատկերված է, թե ում է դա պատկանում կամ նվիրվում: Էքլիբրիսի հայրենիքը Գերմանիան է, որն այստեղ առաջացել է գրահրատարակչության ստեղծումից հետո: Տաթևիկի պատմելով` Հայաստանում էքլիբրիս արվեստն ի հայտ է եկել դեռ կոմունիստական շրջանում, սակայն երկար կյանք չի ունեցել ու շատ շուտ վերացել է: «Երկար տարիներ ոչ ոք նույնիսկ չէր հասկանում, թե դա ինչ է: Այն շատ հետաքրքիր ուղղություն է, որը հիմնականում ստացվում է ցինկերի վրա աշխատելաձևից: Որպեսզի այս ոճը տեխնիկական զարգացման ժամանակ չվերանա, ավելի արդիական դառնա և չմոռացվի, թվային, համակարգչային միջամտություն է լինում: Էքլիբրիսը մտնում է մինիատյուրաների ոճի մեջ, փոքր չափի աշխատանքներ են՝ 10-ը`10-ի, 13-ը` 13-ի վրա, ավելին չի թույլատրվում, կանոններ կան»,- ասում է Տաթևիկը:
Արդեն 5-6 տարի է, Տաթևիկը զբաղվում է էքլիբրիսով, մասնակցում գրեթե բոլոր ցուցահանդեսներին: «Թուրինի հաղթանակից հետո հրավեր ստացա Լիտվայից, Բելգրադից: Նրանք իմ անունը տեսել էին Թուրինի հաղթողների ցանկում և հրավիրել: Օրինակ` Բելգրադում` Սերբիայում, կա հացի թանգարան, ու հենց այդ թեմայով աշխատանք պետք է ներկայացնեինք: Ընդունվում էր միայն ավանդական գրաֆիկա, բայց իմանալով, որ ես կոմպյուտերային գրաֆիկայով եմ հաջողության հասել, միայն ինձ թույլատրեցին մասնակցել այդ ոճում: Ի դեպ, ասեմ, որ ես ոչ մի նկարչի բարեկամ չեմ ու ինձանով եմ հասնում ամեն ինչի»,- ասում է Տաթևիկը: Թուրինի հաղթանակից 4 տարի անց հրավեր ստացավ Ֆլորենցիայից` Բիենալեին մասնակցելու համար: Ֆինանսական խնդիրների պատճառով նա չկարողացավ մասնակցել: Նա այս տարի էլ է հրավեր ստացել Ֆլորենցիայից և աջակցություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ Մշակույթի նախարարություն:
«Հայաստանում այս ուղղվածությամբ քչերն են զբաղվում և, ընդհանրապես, մեր երկրում շատ դժվար է լինել արվեստագետ: Կա արվեստագետների մի խումբ` 10-15 հոգի, ովքեր մշտապես մասնակցում են բոլոր տիպի ցուցահանդեսներին, իսկ նոր անունները մշտապես մնում են անտեսված: Հենց հիմա ես էլ մտադրություն ունեմ գնալ մեր երկրից ու կայանալ ուրիշ տեղ: Այստեղ ես հաստատվելու կարիք չունեմ: Ընկերոջս հո չե՞մ ասելու` գիտե՞ս, ես լավ նկարիչ եմ,- ասում է Տաթևիկն ու ավելացնում,- Բայց երբ դրսում հաստատվում ու հետ ես վերադառնում` միանգամից ասում են` էս ի՜նչ լավ նկարիչ ես, բա ինչո՞ւ քո մասին չգիտեինք: Ցավալի է, որ գնում ենք, բայց… Դրսում այդպես չէ, մարդիկ գնում են առաջ, ու դրա համար ստեղծված են բոլոր հնարավորությունները»: Իսկ ինչո՞ւ են երիտասարդ արվեստագետներն այդքան շատ բողոքում, ինչո՞ւ իրենք նախաձեռնող չեն: Բազմաթիվ փորձերից հետո միշտ չէ, որ նյարդերը դիմանում են:
Մինչև մի անհատական ցուցահանդես եմ անում, կեսս գնում է: Օրինակ` Թուրինի հաղթանակից հետո, ես ուզում էի գալ բոլորին պատմել հաղթանակիս մասին: Հազար ու մի տեղ դիմեցի, բոլորը մերժեցին: Մի քանի ամիս անց, թեպետ հաղթանակի վաղեմությունն արդեն անցել էր, Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում, ի վերջո, ցուցահանդես կազմակերպեցի: Այդ ժամանակ մեր շախմատիստներն արդեն հաղթել էին Թուրինում, ու ցուցահանդեսիս այցելող լրագրողներից շատերին թվում էր, թե ես էլ եմ շախմատիստ»,- ծիծաղելով հիշում է Տաթևիկը: Մեր երկրում տարօրինակ երևույթները շատ են: Օրինակ` մարդիկ չեն հաճախում արվեստի այն օջախները, որոնք անվճար են: «Եթե թանկ գին դնես ցուցահանդեսիդ տոմսի արժեքը, գուցե մի քանի հարուստ մարդ գա, որպեսզի իրեն այնտեղ տեսնեն»,- նկատում է Տաթևիկը: Նա նաև կարծում է, որ այսօր օլիգարխներն էլ շատ բան կարող են փոխել: Ի՞նչ վատ կլիներ, եթե այսօրվա մեծահարուստները, թեկուզ իրենց իմիջը բարձրացնելու համար, համագործակցեին արվեստագետների հետ: Օրինակ, ֆինասնավորեին այս կամ այն արվեստագետի մասնակցությունը որևէ միջազգային ցուցահանդեսի, համերգի, և այլն: «Միշտ, բոլոր ժամանակներում հարուստ մարդիկ կամ հենց թագավորներ են արվեստագետներին պատվիրել նկարներ ստեղծել, և, առհասարակ, աջակցել են ստեղծագործելուն»,- ասում է երիտասարդ արվեստագետը: Տաթևիկի պես շատ արվեստագետներ այսօր փոքրիկ ուշադրության կարիք ունեն: Նրանք ասում են` դռները բաց են, եկեք, տեսեք ու գուցե հասկանաք, որ այս ամենը, էքլիբրիս արտը, լուսանկարչությունը և, ընդհանրապես, արվեստը հետաքրքիր է:
Անուշ Մկրտչյան
«3 Միլիոն»