Հայտնի քաղաքական գործիչների, համաշխարհային լիդերների սմարթֆոնների մասին պարբերաբար տարբեր լեգենդներ են պտտվում: Նշվում է, որ նրանք օգտագործում են շատ պաշտպանված, անգամ՝ հատուկ արտադրված սմարթֆոններ:
Դոնալդ Թրամփ-ԱՄՆ նախագահ
Իր ինագուրացիայի ժամանակ Դոնալդ Թրամփը հրապարակում էր թվիթները Samsung Galaxy S3 սմարթֆոնից: Նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո նրան անհրաժեշտ էր ավելի ապահով և թարմացված սմարթֆոն, որը նրան խորհուրդ էին տվել հատուկ ծառայությունները: Թրափը սկսեց օգտագործել սմարթֆոն Apple-ից: Սակայն հայտնի չէ, թե iPhone-ի կոնկրետ որ մոդելից է օգտվում Թրամփը:
Էմանուել Մակրոն-Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնը ևս անհանգստացած է իր հեռախոսազրույցների անվտանգությամբ: Սա՝ հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ գաղտնալսվել են Ժակ Շիրակի և Նիկոլյա Սարկոզիի հեռախոսազրույցները:
Ֆրանսիայի նախագահն օգտագործում է գերպաշտպանված ռազմական ծածկագրային բջջային հեռախոս՝ Teorem: Այն արտադրված է Thales պաշտպանական ընկերության կողմից: Այս հեռախոսով Մակրոնը կատարում է իր բոլոր գործնական զանգերը:
2017-ին ֆրանսիական թերթերը գրեցին, որ Մակրոնն օգտագործում է նաև iPhone և Samsung Galaxy S7 edge՝ հատուկ պաշտպանությամբ:
Կիմ Չեն Ըն- Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ
Հյուսիսային Կորեայի առաջնորդի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ Կիմ Չեն Ընն օգտագործում է սմարթֆոն: Նրա աշխատանքային սեղանին ոչ մեկ անգամ են նկատվել սմարթֆոններ: Գերագույն առաջնորդն ազգային ԶԼՄ-ների էջերին ևս հայտնվել է սմարթֆոնով, որն ունի շատ մեծ պատյան: Սմարթֆոնի մոդելը հայտնի չէ:
2013 թվականին թերթերը գրել էին, որ Կիմ Չեն Ընը և նրա քարտուղարն օգտագործում են թայվանական ընկերության արտադրության հեռախոս՝ HTC:
Թերեզա Մեյ-Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ըստ բրիտանական մամուլի՝ Թերեզա Մեյը փոխարինել է իր Blackberry սմարթֆոնը iPhone-ով: BBC-ն հայտնում է որ Թերեզա Մեյը երկար տարիներ օգտագործել է կանադական արտադրության սմարթֆոն, սակայն, երբ Blackberry-ի վաճառքն անկում է ապրել, և ընկերությունն արտադրության լիցենզիան վաճառել է այլ ընկերությունների, Թերեզա Մեյը փոխել է իր հեռախոսը:
Անգելա Մերկել-Գերմանիայի կանցլեր
Այն բանից հետո, երբ WikiLeaks-ը հայտնեց, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հետևում են 125 հեռախոսահամարների, այդ թվում՝ գերմանացի հայտնի քաղաքական գործիչների համարներին, Անգելա Մերկելը փոխեց իր սմարթֆոնը և սկսեց օգտագործել Blackberry Z10՝ լրացուցիչ պաշտպանական համակարգով:
Սմարթֆոնն ունի Secusmart կրիպտո-չիպ, որն ապահովում է անվտանգ կապը:
Մինչ այդ կանցլերն օգտագործոմ էր երկու սմարթֆոն՝ Nokia 6260 և Blackberry Q10:
Սիրարփի Աղաբաբյան