Գարիկ Սեփխանյանը՝ «Ֆուլ Հաուս» շոու-ներկայացման և «Ֆուլ Հաուս 2»-ի նոր եթերաշրջանի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Գարիկ Սեփխանյանը՝ «Ֆուլ Հաուս» շոու-ներկայացման և «Ֆուլ Հաուս 2»-ի նոր եթերաշրջանի մասին. life.panorama.am

Փետրվարի 10-ին Լոս Անջելեսում կկայանա «Ֆուլ Հաուս»-ի նոր շոու-ներկայացումը, որն ամբողջությամբ նոր ծրագրով է: Նոր կերպարներ, նոր իրավիճակներ և նոր տրամադրություն. ահա այս ամենը հեռուստադիտողին կմատուցեն շոուի դերասանները՝ Գրիգոր Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Արփի Գաբրիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Քրիստինա Եղոյանը և այլք:

Life.panorama.am-ը զրուցել է դերասան և սցենարիստ Գարիկ Սեփխանյանի հետ՝ «Ֆուլ Հաուս» ներկայացման մանրամասների և «Ֆուլ Հաուս 2»-ի նոր եթերաշրջանի մասին:

«Ամեն անգամ, երբ մենք մեր կազմով մեկնում ենք ԱՄՆ հյուրախաղերի, ունենում ենք նոր սցենար և այս անգամ էլ բացառություն չէ: Փետրվարի 10-ին մեզ հետ միասին հանդես կգան նաև «Ֆուլ Հաուս 2»-ի նոր դերասանները՝ Աղաս Մանուկյանը և Լևոն Սարգսյանը»,- տեղեկացրեց Գարիկը և ավելացեց.

«Այս պահին արդեն ավարտին ենք հասցնում սցենարի վերջնական տարբերակը: Այն, բնականաբար, համեմված է հումորով, երաժշտական լուծումներով: Կարող եմ վտսահեցնել, որ ամերիկահայ հանդիսատեսին իսկապես լավ երեկո է սպասվում»,- ասաց Գարիկ Սեփխանյանը:

Վերջինիս խոսքով՝ ամեն անգամ պատասխանատվությունն ավելի է մեծանում, քանի որ հյուրախաղերը քիչ չեն, իսկ ամեն անգամ նոր բան մտածելը, ինչպես  նշում է Գարիկը, այդքան էլ հեշտ չէ.

«Մեր սցենարական թիմն աշխատում է այն ուղղությամբ, որ մեր համարները, հումորները հանկարծ չկրկնվեն: Դա է պատճառը, որ կոնկրետ սցենարը բավական երկար ժամանակ է խլում մեզանից»,- նկատեց Գարիկ Սեփխանյանը:

Անդրադառնալով «Ֆուլ Հաուս 2»-ի նոր եթերաշրջանին, Գարիկն ասաց, որ կլինեն կերպարներ, որոնց հեռուստադիտողն այլևս չի տեսնի, փոխարենը՝ հանդես կգան նոր դերասաններ.

«Այն ժամանակ, երբ վերադառնանք Լոս Անջելեսից, հավանաբար դա կլինի մարտ ամիսը, կսկսենք «Ֆուլ Հաուս 2»-ի նոր նկարահանումները: Այս պահին չեմ կարող շատ մանրամասներ ասել, քանի որ սցենարը դեռ աշխատանքային պրոցեսի մեջ է»,- ասաց Գարիկը:

Հարցին՝ արդյո՞ք այս անգամ էլ կա բարձր վարկանիշ ունենալու խնդիր, որն առկա էր «Ֆուլ Հաուս 2»-ի առաջին եթերաշրջանի սկզբում,  Գարիկը պատասխանեց.

«Այո, կար նման խնդիր, բայց դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մեր տաղավարները բոլորովին այլ էին, ինչը հեռուստադիտողի համար անսովոր էր: Սիրվելու խնդիր չկար, ընդամենը ժամանակ էր պետք, որպեսզի մարդիկ, այսպես ասած, հարմարվեին այդ ամենին: Հույս ունեմ, որ 2-րդ եթերաշրջանում նման խնդրի առջև չենք կանգնի, համենայն դեպս մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի չհիասթափեցենք մեր հեռուստադիտողին»,- ասաց դերասանը:

«Իսկ ինչ վերաբերում նոր դերասաններ ներգրավելուն, Գարիկը տեղեկացրեց, որ նոր կերպարներ լինելու են, սական ովքեր են նրանք, դեռ հստակ չէ.

«Կարծում եմ՝ 3 նոր դերասան կունենանք, բայց քանի որ դեռ սցենարը վերջնական չէ, չեմ կարող ասել, թե ովքեր կլինեն նրանք, և ինչ լուծումներ կտրվեն նրանց կերպարներին»,- Life.panorama.am-ի հետ եզրափակեց դերասան, սցենարիտ Գարիկ Սեփխանյանը: