Դավիթ Անանյանը սխալվում է կոռուպցիայի և կոկորդիլոսների հարցում. fip.am
Advertisement 1000 x 90

Դավիթ Անանյանը սխալվում է կոռուպցիայի և կոկորդիլոսների հարցում. fip.am

FIP.am-ի թիմը որոշեց համեմատականներ տանել Դավիթ Անանյանի հայտարարությունների և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային պատկերացումների միջև

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների խոշոր պարգևավճարները վերջին շրջանում բուռն քննարկումների թեմա են դարձել, սակայն պակաս ուշագրավ չեն այս կապակցությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մեկնաբանությունները։

Այսպես, հունվարի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անանյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո”վ է պայմանավորված պարգևատրումների մեծությունը, նշեց, որ ՊԵԿ-ում մեծ են կոռուպցիայի և կաշառակերության ռիսկերը։ «ՊԵԿ-ը պետական այլ կառույցներից տարբերվում է նրանով, որ այստեղ պարգևավճարների ֆոնդն ավելի մեծ է, որովհետև ավելի մեծ են կոռուպցիայի ու կաշառակերության ռիսկերը։ Ամբողջ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը արժանապատիվ և մոտիվացիոն համակարգերի ստեղծումն է»,- մասնավորապես, հայտարարեց ՊԵԿ նախագահը։

ՊԵԿ-ը պարգևավճարների թեմայի վերաբերյալ հանդես էր եկել  նաև պաշտոնական հայտարարությամբորում նշել էրոր«կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է»:

FIP.am-ի թիմը, սակայն, որոշեց համեմատականներ տանել Դավիթ Անանյանի հայտարարությունների և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային պատկերացումների միջև։

Այսպես, գոյություն ունի 2013 թվականին ընդունված «Կուալա Լումպուրի հայտարարություն», որն ուրվագծում է հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման ուղենիշները՝ անդրադառնալով ռազմավարությունների ընդունման գործընթացներին, փաստաթղթերի կառուցվածքին ու բովանդակությանը, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման հարցերին: Այս փաստաթուղթն ընդունել են Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայի հակակոռուպցիոն պետական մարմինների և պլանավորման ազգային մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես հակակոռուպցիոն ոլորտի փորձագետներ ամբողջ աշխարհից:

Եվ ուրեմն, ըստ «Կուալա Լումպուրի հայտարարության», կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացնել բազմաբնույթ միջոցների կիրառմամբ, դրանից են՝ քաղաքական կամքը, բաց և թափանցիկ գործընթացը, գործընթացի կայունությունը և ինստիտուցիոնալացումը, ռեսուրսների հատկացումը և մոբիլիզացումը, հանրության հետ հաղորդակցումը և ներգրավումը։

Ինչպես տեսնում ենք, հեղինակավոր փաստաթղթի համաձայն, հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է հիմնվեն ընդգրկուն-ամբողջական մոտեցման վրա՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով ոլորտներին բնորոշ կարիքները, մինչդեռ ՊԵԿ-ը շեշտը դրել է ընդամենը մեկ եղանակի վրա:

Բացի սա, ինչպես նշված է վերևում, կոռուպցիայի դեմ պայքարի համալիր միջոցներից է նաև բաց և թափանցիկ գործընթացը, այնինչ ՊԵԿ-ը ստացված աշխատավարձերի վերաբերյալ մանրամասն թափանցիկ տեղեկատվություն չի ներկայացնում՝ պարզաբանելով, որ դրանով խախտվում են անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմերը:

Ուշագրավ է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ հունվարի 29-ին, հանդես եկավ ևս մեկ, մեղմ ասած, ոչ ճշգրիտ հայտարարությամբ՝ նշելով, որ ՊԵԿ-ում որոշել են կոկորդիլոսներին դասակարգել որպես երկկենցաղ։

Թեև պետական եկամուտների հավաքագրումը հեռու է կենդանաբանությունից, և Հայաստանում կոկորդիլոսաբուծությունը իրոք խնդրահարույց է ձևակերպումների առումով, այնուամենայնիվ արձանագրենք, որ ի հեճուկս ցանկացած մաքսային դասակարգման՝ կոկորդիլոսը չի կարող լինել երկկենցաղ։ Կոկորդիլոսները քորդավոր կենդանիներ են, դասվում են սողունների խմբին և քիչ առնչություն ունեն երկկենցաղների, օրինակ՝ գորտերի հետ։

fip.am