Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումից. «Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի ընտրությունները կայացան 1919 թվականի հուլիսին, և 80 պատգամավորական տեղերից երեքը հատկացվեցին կանանց: Ազգային-ազատագրական շարժման նվիրյալ այդ երեք հայուհիներն էին` Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը և Վարվառա Ռոտինյան-Սահակյանը (նկարում ձախից` աջ):
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը ծնվել է 1886 թ. Էդիրնեում: Նա ընդամենը 16 տարեկան էր, երբ հանդիպեց ապագա ամուսնուն՝ հայ հեղափոխական շարժման գործիչ Սարգիս Բարսեղյանին: Ամուսնու նախաձեռնությամբ նա ստեղծում է «Հայ կանանց միություն» կազմակերպությունը: Այնուհետև Պերճուհին մեկնում է Ժնև` ուսանելու գրականություն և մանկավարժություն: Այս շրջանում էլ սկսում է ստեղծագործել Էտնա կեղծանունով և հրատարակում «Փոթորիկեն վերջ» պատմվածքների ժողովածուն: Պերճուհու և Սարգսի ամուսնական կյանքը կարճ է տևել` 1915-ին Սարգիսը նահատակվում է: Նրա մահից հետո Պերճուհին տեղափոխվում է Թիֆլիս, հետո` Երևան: Ընտրվելով խորհրդարանի պատգամավոր` նա համակարգել է Ամերիկյան խնամատարական կոմիտեի հետ տարվող աշխատանքները և փաստացի հանդիսացել առաջին սոցիալական նախագծերի հեղինակը: Առաջին Հանրապետության անկումից հետո Պերճուհին շատերի պես բռնեց գաղթի ճամփան: Հաստատվել է Փարիզում, որտեղ պաշտոնավարել է Նանսենյան գրասենյակում և շարունակել գրական գործունեությունը: Մահացել է 1940 թ.:
Կատարինե Զալյան-Մանուկյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի այրին էր: Կատարինեն մասնագիտությամբ բժշկուհի էր, և դառնալով խորհրդարանի պատգամավոր` աշխատանքներ է իրականացրել առողջապահական ոլորտում: Կատարինեն ամբողջությամբ նվիրված էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ զօրուգիշեր պայքար մղելով համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպել էր իր ապագա ամուսնուն` Արամ Մանուկյանին: Նրանք ամուսնացան 1917-ին Երևանում, և այդ ամուսնությունից ծնվեց նրանց միակ ժառանգը` Սեդան: 1919-ին, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամը վարակվում է բծավոր տիֆով և վախճանվում: Առաջին Հանրապետության անկումից հետո Կատարինեի զրկանքներին գումարվում են նաև բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները: Մահացել է 1965 թ. Մոսկվայում, իսկ մահվանից առաջ ասել էր դստերը. «Ես չտեսա, բայց դու վաղ թե ուշ անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հերոս հայրիկին»: Այդպես էլ եղավ:
Վարվառա Ռոտինյան-Սահակյանը խորհրդարանի առաջին նախագահ Ավետիք Սահակյանի կինն էր: Ընտրվելով խորհրդարանի պատգամավոր` համակարգել է կրթական ոլորտը և փաստացի հանդիսացել առաջին կրթական նախագծերի հեղինակը: 1920 թ. դեկտեմբերին, խորհրդային բանակի ռազմակալումից հետո` Վարվառայի ամուսինը այլ հայ ազգային գործիչների հետ բանտարկվում է Երևանում: 1921-ի Փետրվարյան հեղափոխության անկումից հետո նա ամուսնու և իր երկու զավակների հետ անցնում է Թավրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց հետո Սահակյանները փոխադրվում են Իրաք: Սակայն կլիման վատ անդրադարձավ Վարվառայի առողջության վրա, և ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել արդեն Լիբանան: Բեյրութում Վարվառան նորից ակտիվ ներգրավվում է հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով «Հայ օգնության խաչ» կազմակերպության աշխատանքներին: Մահացել է 1934 թ.»: