Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղագետ Արեգ Միքայելյանը ծանոթացել է կառավարության ծրագրի գիտական մասին և տպավորություն ստացել, որ այն ոչ թե ծրագիր է, այլ ուղղակի ստանդարտ ձևակերպումներով հայեցակարգ։
Panorama.am-ի հետ զրույցում գիտնականը կիսվեց ծրագրի մասին իր տեսակետով։
«Թե նախկինում, թե հիմա, կլինի կուսակցական, թե կառավարության ծրագիր, գիտության մասը ներկայացված է հիմնականում ստանդարտ արտահայտություններով, ոչ մի կոնկրետ ձևակերպում, ոչ մի կոնկրետ խնդիր, ընդհանուր բաներ, որոնք համարյա բոլորի մոտ կրկնվում է։ Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ կարդալով կառավարության այս ծրագիրը, ինչպես նաև նախկին ծրագրերը, չես հասկանում այնուամենայնիվ, ինչ մի կոնկրետ բան է արվելու։Հիմնականում տեսնում ես ձևակերպումներ, որոնք հնարավորին չափ նաև զգուշավոր են, այնպիսի բաներ, որ հետո չես կարող պահանջել, ասել՝ այս բանն ասել էիք ու չարեցիք։ Ոչ մի նորություն չկա այդ տեսակետից, ես չեմ վախենա գնալ անգամ խորհրդային ժամանակներ, այդպիս ծրագրեր այն ժամանակ էլ կային»,- ասաց գիտնականը։
Նրա խոսքով՝ պետք է ներկայացվի հստակ խնդիրներ ու դրանց լուծման ճանապարհները ու այդ ամենն արվի գիտնականների հետ համագործակցելով։
«Բնական է, որ մենք ուզում ենք արդյունավետ գիտություն, ուզում ենք ժամանակակից ուղղությունները զարգանան, բոլորն էլ կարող են դա ասել։ Բայց ինչպես դա արվելու։ Ստացվում է ծրագրի գիտության բաժնում գրված է մի հատված՝ տեղը դատարկ չմնալու համար։ Նշված է, որ գիտության և կրթության կապը պետք է ուժեղացնել, ոչ մեկ չի ասում պետք չէ անել դա։ Գրված է ձևակերպում, ապրելու է ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, ինչպե՞ս ենք ստեղծելու, եթե պլաններում չունենք գիտության ֆինանսավորման բարձրացում։ Միանշանակ միայն այդ ուղով կարող ենք երիտասարդին բերել գիտություն, երիտասարդը չի ուզում գալ գիտություն, թեկուզև շատ հետաքրքրված է, բայց նայում է ուրիշ բնագավառներում ավելի շատ կարելի է վաստակել»,- ասաց Միքայելյանը։
Նա շեշտեց, որ գիտնականն ամենավատ պայմաններում էլ չի կարող ստանալ երկրի միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ, նույնիսկ ամենաբարձրին կարող է հավակնել, քանի որ գիտնականի աշխատանքը ամենաբարդ աշխտանքներից մեկն է, հաստատ ավելի բարդ է՝ քան պատգամավորի աշխատանքը. «Գլխավոր խնդիրը գիտության ֆինանսավորման մասն է, որ կարառավարության ծրագրում պետք է հստակ երևա։ Գիտության շնորհիվ է երկիրը զարգանում, սակայն սա դեռ մեր գիտակցությանը չի հասել, սա մեր երկրի ընդհանուր գիտակցության պակասն է, կապ չունի՝ փոփոխություններից առաջ, թե հետո»։
Աստղադիտարանի տնօրենի կարծիքով՝ պետք չի հեծանիվ հորինել, գոյություն ունեն զարգացած երկրներ, որոնք ունեն հաջող իրականացված ծրագրեր, դրանք կարող են օրինակ ծառայել մեր երկրի համար. «Կարելի է ամենաիրատեսական հատվածները վերցնել ու մեր երկրի համար կիրառել։ Պետք է թե հաջող փորձերը նայել, թե անհաջող ու հասկանալ՝ Հայաստանում ինչը կաշխատի, թե չէ վերցնել ստանդարտ ձևակերպումներ ու տպավորություն ստեղծել թե գիտությանն ուշադրություն են դարձրել, սխալ է»։
Վերջում Արեգ Միքայելյանը հավելեց. «Պետք է լինի ամենաբարձր ու խորը հարգանք գիտնականի նկատմամբ։ Ասել եմ ու կասեմ՝ մեր երկրի ղեկավարները, երբ գնում-հանդիպում են գերտերությունների ղեկավարներին՝ հանգիստ կարող են կանգնել և հպարտ լինել Հայաստանի թե մշակութային արժեքներով, թե գիտական ցուցանիշներով ու գիտնականներով»։