Խելացի քաղաքի գաղափարը կարելի է իրականացնել հենց Երևանում․ Անդրեյ Պյատախինը՝ ՏՏ ոլորտի մասին. starthub.am
Advertisement 1000 x 90

Խելացի քաղաքի գաղափարը կարելի է իրականացնել հենց Երևանում․ Անդրեյ Պյատախինը՝ ՏՏ ոլորտի մասին. starthub.am

2018 թվականին Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը։

Ինկուբատորի հիմնական նպատակը հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում աջակցելն է։

Մասնավորապես, նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

«Starthub»-ի հետ զրույցում «ՎԵՈՆ Արմենիա»-ի (Beeline ապրանքանիշի ներքո – խմբ․) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պատմել է ինկուբատորի գործունեության մասին և իր կարծիքն է հայտնել երկրում ՏՏ և ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ։

– Դուք մոտ վեց տարի աշխատում եք Հայաստանում։ Հավանաբար, արդեն հասցրել եք լավ ճանաչել տեղական ստարտափ էկոհամակարգը։ Ինչպե՞ս Դուք այն ընդհանուր առմամբ կգնահատեք։

– Իրականում, ՏՏ ոլորտն այստեղ շատ զարգացած է, և, որոշ տնտեսական դժվարություններ ունեցող փոքր երկրի համար, շատ լավ վիճակում է։ Ընդհանուր առմամբ, այստեղ ՏՏ էկոհամակարգի ուժը նրանում է, որ դրա համար հիմքերը բավականին ամուր են դրված։ Օրինակ՝ ընկերությունների կամ պետական մարմինների միջև հաշիվների փոխանցման էլեկտրոնային եղանակները։ Ի զարմանս ինձ, նման բան Ռուսաստանում դեռևս մտածված չէր։ Շատ բաներ, որոնք վերաբերում են պետության և բիզնեսի փոխազդեցությանը, երկար ժամանակ է, ինչ թվայնացված են: Ընդ որում, դա արված է բարձր մակարդակով: Այդ մի քանի պատճառ ունի։ Առաջինը՝ Սփյուռքի և Հայաստանի միջև եղած հսկայական կապը։ Հայաստանում մեծ քանակությամբ ՏՏ պրոեկտներ արվում են արտասահմանյան խոշոր ընկերությունների համար։ Օրինակ՝  «Air France»-ի, «McDonald’s»-ի և այլ ընկերությունների համար։ Այստեղ կարելի է նշել մեծ քանակությամբ հաբեր, որտեղ հայ ծրագրավորողները շուրջօրյա աշխատում են օտարերկրյա ընկերությունների համար: Այս ամենը թույլ է տալիս զարգացնել որոշակի հմտություններ։ Երկրորդ պատճառն այն է, որ մեծ թվով ստարտափներ ծնվում են այստեղ։ Նրանցից, իհարկե, ոչ բոլորն են հաջողում, բայց կարողանում են գեներացնել բազմաթիվ գաղափարներ։ Որպես գաղափարներ գեներացնող հիանալի միջավայր կարելի է նշել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Միևնույն ժամանակ, կան բաներ, որոնց կիրառումից հրաժարվում են հասարակ մարդիկ։ Ամենապարզ օրինակն է կրեդիտային քարտերի ներթափանցումը: Այստեղ ամենատարածված գործարքը բանկոմատից գումար կանխիկացնելն ու գնումների դիմաց վճարելն է։ Ինչը շատ վատ է, ըստ իս։

Ես խոշոր ընկերության առաջին գործադիր տնօրենն եմ եղել Հայաստանում, ով օգտվել է էլեկտրոնային ստորագրությունից։ Չնայած էլեկտրոնային ստորագրության մասին օրենքն արդեն վաղուց է, ինչ գործում էր։ Բայց ոչ ոք այն չէր կիրառում։ Սա շատ լավ համակարգ է, որն արդեն վաղը կարող է մեծ պահանջարկ ունենալ, բայց դրա համար շատ բան դեռ պետք է արվի։

Կարծում եմ՝ անհրաժեշտ է հստակ ուսուցում։ Իսկ ուսուցման խնդիրը մասամբ պետության վրա է: Օրինակ՝ սովորեցնել մարդկանց առաջընթացի նկատմամբ վստահություն ձեռք բերել։ Դա հնարավոր է իրականացնել մի քանի եղանակով։ Եթե դու ամեն բան անում ես էլեկտրոնային տարբերակով, ապա դա ավելի մատչելի է կամ անվճար։ Եթե ոչ, ուրեմն պետք է վճարես օգտագործած թղթի համար և այլն։ Այս տարբերակը միշտ աշխատում է։

Մենք օրինակ սկսեցինք առաջարկել մեր բաժանորդներին ստանալ հաշվի վերծանում երկու ճանապարհով։ Առաջինը, կայքի անձնական գրասենյակի միջոցով, ինչն անվճար է։ Իսկ մյուսը՝ գալ սպասարկման գրասենյակ, վճարել 500 դրամ։ Արդյունքում մեր բաժանորդները շատ արագ սովորեցին ստանալ հաշվի վերծանումն ինքնուրույն։

– Համեմատելով 2019-ը 2014 թվականի հետ՝ ի՞նչ նորամուծություններ են կատարվել ՏՏ ոլորտում այս ընթացքում։

– Գրեթե բոլոր հեռահաղորդակցային ընկերություններն ունեն բջջային հավելված, ինչը չկար 2014 թվականին։ Նաև աճում է առցանց պատվերների թիվը։ Պետության և բիզնեսի միջև փոխգործակցությունն իրականացվում է թվային հարթությունում։

Սմարթֆոնների օգտագործման ծավալն է մեծացել։ Այսօր մարդիկ նախընտրում եմ մուտք գործել համացանց իրենց հեռախոսներով, քան նոթբուքերով կամ համակարգիչներով։ Եվ նման օգտատերերի թիվն ամեն ամիս աճում է։ «Թավշյա հեղափոխությունը» վառ օրինակ է այն բանի, որ մարդիկ սկսել են ակտիվորեն օգտվել սոցիալական կայքերից։ Հայաստանի յուրահատկությունը նրանում է նաև, որ Facebook-ը դարձել է հիմնական մեսենջերը, և մարդիկ վստահում են դրան։

– Ձեր գլխավորած ընկերության սոցիալական ծրագրերի շրջանակում արդեն մի տարի է գործարկվել ու աշխատում է ստարտափ ինկուբատորը։ Այստեղ երիտասարդ ձեռներեցները ձեռք են բերում բիզնես վարելու հմտություններ։ Ինչպիսի՞ հմտությունների կարիք ունեն ստարտափները նախքան ինկուբատոր ընդունվելը։

– Իրենց գաղափարներով ինկուբատոր դիմող բոլոր երիտասարդները շատ տաղանդավոր են։ Միակ նրբությունն այն է, որ նրանք դեռևս չեն պատկերացնում՝ ում համար և ինչու են մշակել իրենց գաղափարը։ Սովորաբար նրանք ավելի շատ խոսում են հավելվածի կամ գաղափարի մասին, և կարծում են, որ դրանք բոլորին դուր կգան։ Նրանց հետ շփվելու ընթացքում առաջին հարցը, որը ես տալիս եմ, «ի՞նչ ցավ եք դուք բժշկելու»։ Քանի որ մարդիկ պատրաստ են վճարել այն բանի համար, ինչը պատկերավոր ասած, կբուժի իրենց ցավը։ Թե որքանով է այդ գաղափարը հիանալի, նրանց այդքան էլ դա չի հետաքրքրում։

Օրինակ՝ «Uber»-ը (տաքսի որոնելու և պատվիրելու համար բջջային հավելված- խմբ.) լուծել է թե՛ վարորդի, թե՛ պատվիրատուի խնդիրը։

Մյուս պահը, որը նույնպես շատ կարևոր է, մրցակցային միջավայրի ընկալման բացակայությունն է։ Եթե անգամ դու գնում ես շուկա արևածաղկի սերմեր վաճառելու, դու պետք է իմանաս՝ ով և ինչ գնով է այն վաճառում։

Ասեմ նաև, որ ոչ բոլոր թիմերն են հասնում եզրափակիչ փուլ։ Առաջին ծրագրաշարի ընթացքում 10 ընտրված ստարտափից ավարտեց 8-ը։ Եթե ուզում ես մեզ հետ լինել, պետք է զարգանաս ու հետ չմնաս վազքից։

– Ինկուբատոր գործակելու նպատակը ո՞րն է եղել, և ի՞նչ հնարավորություններ է այն տալիս ռեզիդենտ ստարտափներին։

-Երբ մենք դեռ մտածում էինք ինկուբատորի գաղափարի շուրջ, եկանք այն մտքին, որ դա մեր սոցիալական ներդրումը կլինի, և մենք այս նախագծի վրա գումար չենք աշխատելու։ Մեզ համար շատ կարևոր է օգնել այդ թիմերին։

Մենք փորձում ենք նրանց գաղափարները դարձնել օգտակար։

Շատերը չունեն այն հմտությունները, որոնք շատ կարևոր են այս բիզնեսում հաջողության հասնելու համար: Ներդրողներին գաղափար վաճառելը առանձին հմտություն է: Սա համալսարանում կուրսային աշխատանքի պաշտպանության ելույթ չի։ Ներդրողներն այն մարդիկ են, ովքեր իրենց գումարները կորցնելու ռիսկ ունեն, ուստի ոչ բոլորին կարող են ֆինանսավորել։

Ինկուբատորում մենք հրավիրում ենք հատուկ մարդկանց, որոնք կարող են լինել հենց ներդրող։ Հենց նրանք էլ մեր ռեզիդենտներին ներկայացնում են, թե ինչպես կարելի է իրենց պրոդուկտը վաճառել։ Եվ սա կարևոր փորձառություն է, որը հնարավոր չէ ձեռք բերել որևէ համալսարանում։

Մենք նաև օգնում ենք վերջիններիս ելութները դարձնել պարզ և հասկանալի։ Երբ ստարտափներն աշխատում են միասին, տեսնում են՝ ում մոտ է ստացվում, ում մոտ՝ ոչ, և ինչու՞։

– Ի՞նչ ընդհանուր սխալներ եք նկատել հայկական ստարտափների հետ շփվելու ընթացքում:

Բոլորն ուզում են շահույթ ստանալ հենց վաղը։ Եվ հավատում են, որ այդ շահույթը մեծ կլինի։ Ժամանակակից աշխարհում, որտեղ մրցակցությունը մեծ է, նման բան հազվադեպ է տեղի ունենում: Չնայած պահպանողականությանը, գրեթե բոլոր ստարտափների բիզնես քեյսերը չափազանց լավատեսական են։ Ես դեռ չեմ տեսել իրատեսական քեյսեր։ Այսինքն՝ բոլորը հավատում են, որ նրանցից ամեն բան կգնեն, ու դա կլինի հենց վաղը։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ գաղափարի իրականացման համար պահանջվող ծախսերը սխալ են հաշվարկվում:

Բացի այդ, ստարտափները վախենում են, որ իրենցից ինչ-որ բան կգողանան, այդ իսկ պատճառով չափազանց գաղտնապահ են։ Գաղափարները փորձարկելու համար անհրաժեշտ է շատ ավելի հրապարակային ու բաց լինել։

– Հայաստանում ՏՏ ոլորտի ո՞ր ուղղություններ եք համարում հեռանկարային։

– Հայաստանն աշխարհաքաղաքականորեն տեղակայված է այնպիսի վայրում, որը թույլ է տալիս միացնել օրինակ Իրանը Եվրոպայի հետ։ Եվ այդ հոսքերը կարգավորելու համար անհրաժեշտ է ՏՏ լուծումների միջոցով զարգացնել լոգիստիկան: Ես նկատի չունեմ բջջային հավելվածները։ Դա պետք է լինի մի ամբողջական սենսորային համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի վերահսկել անցնող մեքենաների թիվը և կազմակերպել բեռնափոխադրումները։

Ես նույնպես տեսնում եմ, որ խելացի քաղաքի գաղափարը կարող է իրականանալ հենց Երևանում։ Այդպես կարելի է տնտեսել շատ բաներում՝ կանխելով ջրի, էներգիայի անհարկի կորուստները և այլն։

Վերոնշյալի համար անհրաժեշտ են լավ ուղեղներ, ինչն այստեղ կա։

-Ի՞նչ նախագծեր սպասել Ձեր ընկերությունից։

– Մենք չենք մրցակցում նրանց հետ, ովքեր աշխատում են ստարտափների հետ: Մենք ցանկանում ենք էկոհամակարգի մաս լինել: Մենք դրանով գումար չենք աշխատում: Շատ դեպքերում մեր գործողությունները կախված կլինեն այն բանից, թե ինչպես կզարգանա ստարտափ էկոհամակարգը, ինչի պահանջարկ կունենա ոլորտը: Մենք հստակ գիտենք, որ այս տարի կշարունակենք ինկուբատորի ծրագիրը: Կախված այն բանից, թե ինչ կարիքներ կառաջանան, մենք կարող ենք օգնել։

Մենք բաց ենք և պատրաստ ենք դիտարկել հետաքրքիր առաջարկություններ։

– Որո՞նք պետք է լինեն հաջողության հասնելու համար անհրաժեշտ քայլերն, ըստ Ձեզ։

– Այսօրվա փոփոխվող աշխարհում երկարաժամկետ պլանավորումն ինձ անիրական է թվում: Բայց կա մի ուղղություն, որով դու մտադիր ես առաջ գնալ, ուստի պետք է հասկանալ՝ ինչ է պետք դրա համար։ Հենց այդ բանում պետք է ներդնել ուժերը, միջոցները, ջանքերը, պետք է գտնել մարդկանց, ովքեր կարող են օգնել քեզ դառնալ ավելի ուժեղ այդ ճանապարհին։

Երկրորդ, շատ կարևոր է կառուցել ճիշտ հարաբերություններ քեզ շրջապատող մարդկանց հետ․լինի դա տնօրեն, գործընկերներ թե աշխատակիցներ։

Ես նաև փորձում եմ շատ կարդալ։ Անհրաժեշտ է սովորել, այլապես դու կլինես ոչ մրցակցային։

– Ձեր ուղերձը բոլոր նորաստեղծ ստարտափներին․․․

– Չտագնապել,

– խուճապի չմատնվել

– լինել դրական,

– չվախենալ փորձել ու սխալվել,

– լինել համառ, անվախ ու հետաքրքրասեր։

starthub.am



Նման նյութեր