Ներկայացնում ենք Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի հեռուստատեսային բեմականացումը, որը բեմադրվել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում 1978 թ.: Ռեժիսոր՝ Կարլեն Վարժապետյան, բեմադրող օպերատոր՝ Ֆրունզե Մկրտչյան, բեմադրող նկարիչ՝ Շահեն Հակոբյան, խմբագիր՝ Մարուսյա Մարտիրոսյան:
Դերերում՝ Վլադիմիր Մսրյան, Լևոն Թուխիկյան, Կիմ Երիցյան, Անահիտ Թոփչյան, Գայանե Սարգսյան և ուրիշներ:
Թատերագիր Վարսիկ Գրիգորյանի խոսքով, – «Այս էկրանավորումը Չեխովի ժառանգության յուրացման ուղղությամբ կարևոր քայլ էր…
…Բեմադրողին հաջողվել է հաղորդել չեխովյան ճշմարտությունը՝ քաղաքական ստրկության պայմաններում տապակվող ռուս մտավորականության ծանր կյանքի մասին՝ փլուզում, հիասթափություն, ակամա դեպի գռեհկությունն ու ալկոհոլը տանող և սեփական կործանումը խորապես զգացող մարդկանց ողբերգության մասին:
Սոնյայի հաշտություն բերող «Մենք կհանգստանանք» նշանավոր մենախոսության պահին Վանյա-Մսրյանի տառապագին հայացքում ճարահատ համակերպում կա, բայց և տարակուսանք: Ի՞նչ հանգստություն. այս է ավանդում բեմադրողը, և երևի՝ այս է իսկական չեխովյանը՝ լցված անլուր սիրո, գեղեցիկ պոռթկումների, չեխովյան թանկ հումորի՝ ավելի չհամակերպվող ոգու արտահայտմամբ…»:
Ստորև՝ ներկայացումն ամբողջությամբ: