Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը 17 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին առաջարկում է իրավաբանական ծառայություն` միության ֆինանսավորմամբ:
Այս մասին Խաչատրյանը հայտնեց փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Հովհաննես Գալստյանը դատի է տվել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, իսկ դատը հետաձգվել է: Գալստյանը ժամանակ չունի սպասելու. նրա առողջությունը վտանգված է: Մենք մտահոգված ենք Գալստյանի առողջական վիճակով և կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին երկխոսության գալ»,-նշեց Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ կողմերը պարտադիր պետք է հասկանան միմյանց, քանի որ առողջությունից ավելի կարևոր բան չկա: «Մենք պատրաստ եք իրավաբանական լուրջ աջակցություն ցուցաբերել Գալստյանին, անել հնարավոր ամեն բան, որ արագացվի իրավաբանական խնդիրների լուծումը: Միության գեղարվեստական խորհուրդը, վարչությունը նորից խնդրում են բոլորին օգնել կինոռեժիսորին, իսկ նրան կոչ ենք անում դադարեցնել առողջության համար վնասակար հացադուլը»,-եզրափակեց միության նախագահը: