Վարչապետը Ալավերդիով չէր կարող գնալ Դսեղ․ Politik.am-ը մանիպուլացնում է. fip.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վարչապետը Ալավերդիով չէր կարող գնալ Դսեղ․ Politik.am-ը մանիպուլացնում է. fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղղաթիռով այցը Դսեղ մամուլում տարբեր հրապարակումների առիթ է հանդիսանում։ Politik.am-ն այս փաստն օգտագործել է նույնիսկ ապատեղեկատվություն տարածելու համար։

Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի 150-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ մեկնել էր Դսեղ՝ մասնակցելու մեծ գրողի ծննդյան տոնին կազմակերպված միջոցառմանը։

Վարչապետի այցը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում։ Պատճառներից մեկն էլ ընտրված տրանսպորտային միջոցն էր՝ ուղղաթիռը։ Պարզաբանելով Փաշինյանի՝ ուղղաթիռից օգտվելը՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ դա արվել է ժամանակը խնայելու համար:

Politik.am կայքը, սակայն, վարչապետի այցի վերաբերյալ նյութում նշել է, որ ըստ իրենց տեղեկությունների, Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով մեկնել Դսեղ, քանի որ ցանկացել է խուսափել Ալավերդիում պղնձաձուլարանի աշխատակիցների հետ առերեսվելուց։

«Մեր տեղեկություններով՝ պղնձաձուլարանի աշխատակիցները ցանկացել են փակել վարչապետի ճանապարհը և խոսել իրենց խնդրի մասին։ Պղնձաձուլարանի աշխատակիցների մեծ մասը Դսեղ տանող ճանապարհի հարակից գյուղերի բնակիչներ են։ Վարչապետ Փաշինյանն էլ, այս մասին տեղեկանալով, որոշել է ուղղաթիռով հասնել Դսեղ, որպեսզի քաղաքացիները իր ճանապարհը չփակեն։ Կարճ ասած, ուղղաթիռով վարչապետ Փաշինյանը «թռել» է հպարտ քաղաքացիների խնդիրներից», — մասնավորապես, գրված է հրապարակման մեջ։

Հասկանալու համար, թե արդյո՞ք վարչապետը «թռել է հպարտ քաղաքացիների խնդիրներից» այս ճանապարհով, ընդամենն ուսումնասիրենք ճանապարհային քարտեզը։ Ալավերդի հասնելու համար երկու ճանապարհ կա՝ Երևան-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Ալավերդի և  Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Դսեղ-Ալավերդի։ Այլ կերպ ասած՝ երկու ճանապարհներն էլ անցնում են Դսեղով, և ոչ թե Ալավերդին է գտնվում Դսեղի ճանապարհին, այլ՝ հակառակը։

Ճշտելու համար, թե արդյո՞ք բացի Դսեղից Փաշինյանն այլ երթուղի է ունեցել, կապ հաստատեցինք վարչապետի մամուլի խոսնակի հետ։ Նա մեզ հայտնեց, որ Փաշինյանը Երևանից գնացել է Դսեղ և նույն երթուղով էլ ետ է վերադարձել։ Ուղղաթիռով այլ այցեր չեն եղել։

Այս ամենից հետևում է, որ politik.am-ի հրապարկումը, թե վարչապետն Ալավերդիում բողոքի ցույցեր անողներին չհանդիպելու համար է ուղղաթիռով գնացել Դսեղ, չի  համապատասխանում իրականությանը։

fip.am