Կառավարության ստերը․ Թեղուտ և Ալավերդի. yerevan.today (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կառավարության ստերը․ Թեղուտ և Ալավերդի. yerevan.today

Հայաստանի վարչապետը Փետրվարի 14-ին պետության ամենաբարձր քաղաքական ամբիոնից հայտարարեց, որ թույլ չի տա որևէ մեկին իրեն խաբել, խոսել ստի լեզվով։

«Խաբեությունը, սուտը դարձել է հասարակական հարաբերությունների հիմնական օղակ։ Չի լինելու։ Ես թույլ չեմ տալու որևէ մեկին ինձ հետ ստի լեզվով հարաբերվել՝ հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի: Ստի վերջը եկել ա»,- ասաց նա։

Փոքրիկ մի հարցադրում․ իսկ վարչապետ Փաշինյանն իրեն թույլ կտա՞ ստի լեզվով խոսել քաղաքացիների հետ։ Կամ, եթե ստի վերջը եկել է, ուրեմն պետք է իրականություն դառնա՞ն վարչապետի՝ քաղաքացիներին տված խոստումները։

«Մենք պարտավորություն ենք դրել, որ ինքը պետք է ներգրավի նոր օպերատոր, որը պետք է Թեղուտի հանքն աշխատացնի։ Սա եղել է մեր նախապայմանը։ Եվ հիմա նաև Ռուսաստանահայ մեր հայրենակից գործարար Նորիկ Պետրոսյանը, նրանք ստանձնել են այդ գործը և նրանք խոստացել են մեկ ամիս են ասում, բայց ես չգիտեմ դա որոշակի խնդիրների հետ է կապված, որ Թեղուտի հանքավայրը վերստին շարունակելու է աշխատել»։ Սա ևս Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից է՝ արված, արդեն, 2018 թվականի նոյեմբերի 27-ին, Ալավերդիում, նախընտրական քարոզարշավի շրջանակում։

Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու հետևանքով գործազուրկ էր մնացել 1200 աշխատող։ Մի կողմ թողնենք, որ այս հայտարարությունն ընտրակաշառքի խոստման էր նման։ Իսկ քանի որ գործազուրկների թիվը չի նվազում, ավելին, ավելանում է, ուրեմն պետք էր խոստումները հնարավորինս շատ տալ։ Դա էլ եղավ՝ նույն հանրահավաքի ժամանակ։ «Պարոն Պետրոսյանը խոստացել է, որ հնարավորինս արագ հանքավայրը կսկսի աշխատել, ընդ որում, ոչ միայն նախկինում եղած աշխատատեղերի թվով, այլև շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»,- ասաց վարչապետի թեկնածուն։

Խոստումների տարափը հասավ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներին, որոնք գործազուրկ էին դարձել նույն Փաշինյանի կառավարման ժամանակ։ Եվ այստեղ ևս ռուսաստանաբնակ Պարոն Պետրոսյանը, որին ոչ տեսել ենք, ոչ լսել, դարձյալ եկավ օգնության՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տեսքով․ «Մի պայման ենք դրել և խնդրանք ենք առաջադրել ռուսաստանահայ մեր հայրենակից պարոն Պետրոսյանին, որ Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ եթե հանկարծ նույնիսկ պղնձաձուլարանի հետ կապված պատմությունը երկարի, պղնձաձուլարանի բոլոր աշխատողներն աշխատանքի վերցվեն Թեղուտում, և ոչ մի մարդ աշխատանքից չզրկվի։

630 աշխատող, իսկ դա նշանակում է մոտավորապես այդքան ընտանիք, իսկ դա նշանակում է՝ նաև նրանց սպասարկող խանութներն ու ձեռնարկությունները սկսելու են շնչել։

Անցել է ոչ թե մեկ ամիս, այլ՝ շուրջ երեք ամիս։ Ու ո՛չ պարոն Պետրոսյանի ձայնն է լսվում, ոչ Նիկոլ Փաշինյանի։ Ո՛չ Թեղուտի վերագործարկման մասին խոսք կա, ո՛չ էլ Ալավերդու պղնձաձուլարանի։

Փետրվարի 13-ին պղնձաձուլարանի աշխատողները փակել էին Երևան-Թբիլիսի երկթագիծը: Նույն ակցիան կազմակերպեցին նաև փետրվարի 15-ին։ Ավելին, 5500 ալավերդցիներ ստորագրություններ են ուղարկել վարչապետ Փաշինյանին, բայց նամակին պատասխան չկա։

Ինչպես ասում է վարչապետ Փաշինյանը, «Ստի վերջը եկել ա»․ ո՞ւմ էր ուղղված վարչապետի արտահայտությունը, պարոն ռուսաստանաբնակ գործարարի՞ն, թե՞՝ իրեն։

yerevan.today