Մարտի 1-ին լրանում է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Խորհրդի նախագահի պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի մարտի 4-ից:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շավարշ Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ մրցույթը հայտարարում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ ՀՌԱՀ-ը: Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հնարավոր թեկնածուների մասին դեռեւս ոչինչ չի կարող ասել:
«ՀՌԱՀ-ն է ընդունում դիմումները, քնարկում եւ ընտրում է մի քանի հոգու, ապա նպատակահարմար թեկնածուներին ներկայացնում ՀՀ վարչապետին»,-ասաց նա: Շավարշ Վարդանյանը դժվարացավ ասել՝ խորհրդի ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը ցանկություն կհայտնի՞ կրկին պաշտոնավարելու: Ռուբեն Ջաղինյանը 2013 թվականի մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վեց տարի ժամկետով նշանակվել էր Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ ապա, մարտի 5-ից խորհրդի նախագահ:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը զրուցել էր վերջինիս հետ, պարզելու՝ արդյո՞ք ցանկություն ունի հնարավորության դեպքում եւս վեց տարի պտոնավարել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում, Ջաղինյանը հայտնել էր, որ աշխատելու ցանկություն միշտ ունի, հատկապես, երբ գործում տեսնում է համընթաց զարգացում եւ ձեռքբերումներ:
Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդներից դեռեւս մեկ անձի անուն է շրջանառվում. խոսքը «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի մասին է: Մովսեսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելով՝ ավելի շատ ուժերը փորձելու խնդիր է տեսնում, քան որեւիցե պաշտոն զբաղեցնելու. «Ինձ հետաքրքիր է այդ աշխատանքը: Շատ հետաքրքիր է՝ Հանրային հեռուսատաընկերությունը վերջապես կդառնա՞ հանրային, թե՝ ո՛չ»:
«Ա1+»-ի տնօրենն ինքն էլ գաղափար չունի, թե ովքեր են իր մրցակիցները, որ կմասնակցեն մրցույթին: Վերջինս նկատեց, որ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր միակ նպատակը Հանրային հեռուստաընկերության պրոֆիլը մի փոքր փոխելն է. «Պետք է այնպես անել, որ այն վերջապես դառնա իսկական Հանրային, այլ ոչ թե հասարակ հեռուստատեսություն: Պրոյեկտներ կան, որոնք ուզում եմ փորձարկել»:
Ամբողջությամբ՝ armstimes.com