Ադրիատիկ ծովի ափին գտնվող Ֆերմո քաղաքի ուսուցիչներից մեկը` Չեզարե Կատան, իր աշակերտներին 15 կետից բաղկացած ամառային առաջադրանք հանձնարարեց, և երևի թե դա լավագույնն էր, որ նա կարող էր նրանց համար անել: Ահա թե ինչ է նշանակում՝ սիրել իր աշխատանքն ու հոգ տանել երեխաների մասին:
- Առավոտյան կատարյալ միայնության մեջ քայլեք ծովի ափի երկայնքով, նայեք ալիքների վրա անդրադարձող արևի ճառագայթներին ու մտածեք այն մասին, թե ինչն է ձեզ երջանիկ դարձնում:
- Աշխատեք օգտագործել նոր բառեր, որոնք մենք սովորել ենք այս տարվա ընթացքում: Որքան շատ դուք կարողանաք ասել, այնքան հետաքրքիր կարող եք մտածել, իսկ որքան շատ մտքեր ունենաք, այնքան դուք ազատ կլինեք:
- Կարդացեք… Շատ, որքան կարողանաք: Բայց ոչ թե նրա համար, որ դուք պարտավոր եք դա անել: Կարդացեք, որովհետև ամառը ոգեշնչում է երազանքների ու արկածների, իսկ ընթերցանությունն ասես թռիչք լինի: Կարդացեք, որովհետև դա անհնազանդության լավագույն ձևն է, իսկ թե ինչ կարդալ, դիմեք ինձ: Ես կօգնեմ խորհրդով:
- Խուսափեք այն ամենից, ինչը ձեզ բացասական էմոցիաներ է տալիս ու դատարկության զգացում: Դրանք կարող են լինել իրեր, իրավիճակներ կամ մարդիկ: Ոգեշնչում գտեք ընկերների մոտ, ովքեր ձեզ հարստացնում են, լիարժեք դարձնում, ովքեր հասկանում են ձեզ ու գնահատում այնպիսին, ինչպիսին որ դուք կաք իրականում:
- Եթե դուք թախիծ ու ցավ եք զգում, մի անհանգստացեք: Ամառը, ինչպես և կյանքում ցանկացած հիասքանչ բան, հոգին կարող է շփոթմունքի մեջ գցել: Օրագիր վարեք, այնտեղ նկարագրեք, թե ինչ եք ուզում, իսկ սեպտեմբերին, եթե, իհարկե, ցանկանաք, մենք դա միասին կկարդանք:
- Պարեք ու մի ամաչեք ոչնչից: Ամենուր, որտեղ հարմար է` պարահրապարակում կամ ձեր սենյակում միայնության մեջ: Ամառը պար է, և հիմարություն է դրան չմասնակցելը:
- Գոնե մի անգամ գնացեք լուսաբացը դիմավորելու: Լուռ կանգնեք ու խորը շնչեք: Փակեք աչքերը ու շնորհակալ լինելու զգացողություն ունեցեք:
- Ավելի շատ սպորտով զբաղվեք:
- Եթե դուք հանդիպել եք մեկին, ով ձեզ շատ է դուր եկել, ասեք դա նրան այնքան գեղեցիկ ու համոզիչ կերպով, որքան կարող եք: Մի վախեցեք անհասկանալի լինելուց: Եթե ոչինչ դուրս չգա, նշանակում է՝ այդպես էլ պետք է լիներ, իսկ եթե ձեզ հասկանան ու պատասխանեն, ուրեմն ամառը միասին կանցկացնեք, և դա կլինի ոսկե ժամանակաշրջան:
- Վերընթերցեք մեր դասերի սղագրումները: Համեմատեք այն ամենը, ինչ մենք կարդացել ենք, այն բանի հետ, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում:
- Այնքան երջանիկ եղեք, որքան արևի լույսը, և այնքան ազատ ու չվարժեցվող, որքան ծովը:
- Խնդրում եմ, մի կռվեք: Համեստ ու բարի եղեք:
- Խորը էմոցիոնալ երկխոսություններով ֆիլմեր դիտեք, եթե կարող եք, անգլերենով, որպեսզի միաժամանակ բարելավեք և ձեր անգլերենի իմացությունը, և զարգացնեք զգալու և երազելու ունակությունը: Թող որ այդ ֆիլմը ձեզ համար եզրափակիչ տիտրերի հետ չավարտվի, այն վերապրեք կրկին ու կրկին, այն ներառեք այս ամառվա փորձառության մեջ:
- Ամառը կախարդանք է: Առավոտվա առկայծող արևի լույսի ժամանակ ու ամառային շոգ երեկոներին երազեք այն մասին, թե ինչպիսին կարող է և պետք է լինի կյանքը: Ձեզնից կախված ամեն բան արեք, որ ձեր երազանքի ճանապարհին հանկարծ չհանձնվեք:
- Լավը եղեք:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը