Լինել նախաձեռնողական ու ակտիվ. իրանագետը տեսնում է ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման լուրջ հեռանկարներ
Advertisement 1000 x 90

Լինել նախաձեռնողական ու ակտիվ. իրանագետը տեսնում է ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման լուրջ հեռանկարներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան նոր խթան կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում իրանագետ Արմեն Իսրայելյանը նշեց, որ այցի ընթացքում կքննարկվեն հարցեր մի քանի ուղղություններով:

«Ըստ ամենայնի՝ կքննարկվեն երկկողմ օրակարգին, տարածաշրջանային համագործակցությանը և միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր: Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի համար Իրանի ռազմավարական նշանակությունը: Այս առումով երկկողմ ձևաչափով համագործակցությունը բավական կարևոր պետք է լինի երկու ղեկավարների համար: Կարծում եմ, որ կլինի քաղաքական օրակարգի հստակեցում՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, Իրանում տեղի ունեցող զարգացումները, վերջինիս նկատմամբ պատժամիջոցները և այլ հարցեր»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Իրանագետը նկատեց, որ քաղաքական առումով երկրների հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, ինչը նույն ձևով չի արտացոլվում տնտեսության մեջ: 2015 թվականին, երբ ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, այդ ժամանակ ակնկալվում էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում տնտեսության ոլորտում լուրջ առաջընթաց կլինի: Արմեն Իսրայելյանը նշեց, որ խոշոր տնտեսական ծրագրեր չիրականացվեցին, իսկ առևտրաշրջանառության ծավալի ցուցանիշները շարունակում են գոհացուցիչ չլինել:

«Այնինչ, պետք է բավական ակտիվ լինել, որովհետև տարբեր ոլորտներում զարգացման լուրջ հեռանկարներ կան՝ էներգետիկա, զբոսաշրջություն, տրանսպորտ, արդյունաբերություն և այլն: Հարցն այն է, որ պետք է Իրանի հասարակությանը, գործարարներին, որքան հնարավոր է լավ ներկայացնել Հայաստանը, մեր երկրի տնտեսության, ներդրումային հնարավորությունները: Շատ ժամանակ, թվում է, թե Իրանում շատ լավ գիտեն այդ ամենի մասին, սակայն, հավատացնում եմ ձեզ, այդպես չէ: Այդ ուղղությամբ պետք է ամենօրյա աշխատանք»,-ասաց Արմեն Իսրայելյանը: Իրանագետը շատ ուրախալի  համարեց այն, որ Հայաստանը շեշտը դրել է ենթակառուցվածքների արդիականացման վրա: Նա նշեց՝ քանի դեռ Հայաստանն այդ ուղղությամբ բավարար չափով աշխատանք չի տարել, հետևաբար տնտեսության ոլորտում լուրջ, շեշտակի առաջընթաց չենք կարող արձանագրել:

Խոսելով տարածաշրջանային հարցերից՝ իրանագետը նշեց, որ Արցախի հարցի հետ կապված Հայաստանի իշխանությունները հստակ հայտարարել են այն ուղենիշները, որոնց շուրջ պատրաստ են շարժվել ու քաղաքականությունն առաջ տանել:

«Այստեղ, կարծում եմ, որ իրանական կողմին հետաքրքիր կլինի անձամբ Հայաստանի ղեկավարից լսել այդ ուղենիշերը: Մյուս կողմից Հայաստանի կողմին հետաքրքրիր կլինի լսել Իրանի դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված: Տարբեր գործիչներ ժամանակ առ ժամանակ այնպիսի հայտարարություններ են հնչեցնում, որոնք մեզ համար խնդրահարույց են: Իհարկե, դրանք հետո հերքվում են Իրանի ԱԳՆ-ի կողմից, սակայն կարևոր է, որ Իրանը բարձր մակարդակով հայտարարի, թե ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցում»,-ասաց նա:

Իրանագետը նշեց, որ Իրան հետ համագործակցությունից տնտեսական օգուտներ կարելի է ստանալ նաև ԵԱՏՄ-ի շրջանակում: Նախատեսվում է, որ 2019 թվականի անդամ երկրների խորհրդարանների կողմից կվավերացվի Իրանի-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը: Արմեն Իսրայելյանը նշեց, որ այստեղ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի՝ հնարավորինս շատ տնտեսական օգուտներ քաղելու համար:

«Հայաստանը կարող է օգուտներ ստանալ ԵՄ-Իրան համագործակցության համատեքստում: Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, այնուամենայնիվ, ԵՄ առաջատար երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, հակված են Իրանի հետ շարունակելու իրենց տնտեսական համագործակցությունը: Դրա վերաբերյալ հստակ խոսվեց օրերս Վարշավայում տեղի ունեցած համաժողովի շրջանակում, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի կողմից: Այստեղ ևս Հայաստանը պետք է նախաձեռնող լինի՝ Իրանի հետ կապված հացերը օրակարգում պահելով»,-հավելեց իրանագետը:



Նման նյութեր