Թուրք-իրանական հարաբերությունները 1990-ական թվականներին
Advertisement 1000 x 90

Թուրք-իրանական հարաբերությունները 1990-ական թվականներին

ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքական մեծ վակուում առաջացավ ոչ միայն նախկին խորհրդային հսկայածավալ երկրի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս: Եթե նախկինում հսկա կայսրությունն իր ընդգծված շահերն ու քաղաքականությունն ուներ, ապա այժմ, ԽՍՀՄ քայքայումից հետո, նորակազմ Ռուսաստանը չէր կարող անմիջապես հավակնել ԽՍՀՄ նախկին ազդեցության գոտիներին և այդ գործողությունը փորձեցին կատարել նախկին ԽՍՀՄ հարևան հավակնոտ երկրները: Այդ իմաստով մեզ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում մեր մերձավոր հարևանների` Իրանի և Թուրքիայի հարաբերությունները:

Այս երկու պատությունները իրենց զարգացման աստիճանով, որդեգրած քաղաքականությամբ, ազգային – մշակութային էությամբ լրիվ հակադարձ բևեռներում են: Սակայն ընդհանուր էր նրանց հետաքրքրությունների ոլորտը: ԽՍՀՄ փլուզումից հետո թե Թուրքիան, թե Իրանը ձգտում էին իրենց քաղաքական և տնտեսական ազդեցությունը տարածել Անդրկովկասի և Միջին Ասիայի երկրների վրա: Այս պայքարի ուղեծրում երկու երկրներն ունեին իրենց թե առավելությունները, թե թերությունները:

Մասնավորապես, Միջին Ասիայում Իրանի առավելությունն այն էր, որ նա անմիջական հարևանն էր այդ երկրներին և գտնվում էր աշխարհագրական նույն միջավայրում: Թուրքիայի առավելությունը կայանում էր նրանում, որ միջինասիական ժողովուրդները թյուրքախոս են /բացառությամբ տաջիկների, որ իրանական ժողովուրդներ են/ և ազգակցական կապերով ավելի հարազատ են թյուրքականությանը: Դրա փոխարեն Իրանական մշակույթը պատմականորեն ավելի է ներկայացված Միջին Ասիայում: Միջին Ասիայի երկրների` Իրանին ինտեգրվելու գործում խանգառում էր նաև Իրանում հաստատված հոգևոր իշխանությունը: Իսկ Միջինասիական երկրները միշտ աշխարհիկ վարչակարգեր են ունեցել: Եվ վերջապես Թուրքիայի ամենամեծ առավելությունը դա լեզուն էր:

Այս պայքարում քիչ դեր չէր կատարում նաև ԱՄՆ, որ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի միջոցով էր ձգտուր ապահովել իր ներկայությունը նախկին ԽՍՀՄ այդ տարածքներում: Մասնավորապես, ԱՄՆ այդ ծրագրերի իրականացման համար թուրքական գանձարանի առաջ չէր զլանում բացել նաև իր դրամապանակը:

Այս նույն շահերը Թուրքիայի և Իրանի միջև բաժանվում էին նաև Անդրկովկասում, ուր ավելի էր սրված իրավիճակը էթնիկ բախումների հետևանքով: Այստեղ ավելի ընդգծված էր դիրքորոշումների առճակատումը. եթե Թուրքիան ի սկզբանե պաշտպանում և աջակցում էր Ադրբեջանին, ապա Իրանը շատ ավելի զգուշավոր էր և անգամ հայանպաստ դիրքերից էր արտահայտվում: Բացի այդ, Իրանին թշնամի ԱՄՆ Իրանին հարվածելու և նրա դիրքերը թուլացնելու նպատակով հաճախ էր շահագործում այսպես կոչված Իրանական Ադրբեջանի գաղափարը, որ բնականաբար, իր հակադարձումներն էր գտնում իրանական քաղաքական վերնախավում:

Այս հակասություններն էլ ԱՄՆ և Թուրքիայի մյուս դաշնակիցները փորձում էին /այժմ ևս/ օգտագործել` կյանքի կոչելու Իրանի մասնատման իրենց ծրագիրը:Մասնավորապես, դրա արձագանքն ենք տեսնում Ստամբուլում լույս տեսնող ՙԻքիբինե ղողրու՚ շաբաթաթերթում 1992 թվականին լույս տեսած մի հրապարակման մեջ, համաձայն որի ԿՎՀ միջոցներ է ձեռք առնում Իրանի և Թուրքիայի միջև պատերազմ սանձահարելու համար և այդ առումով հանձնարարականներ է տրվել որոշ մարդկանց: Բանն այն է, որ ԱՄՆ կառավարող շրջանները ԽՍՀՄ փլուզումից հետո իրենց ռազմավարական հեռահար ծրագրերում նպատակակետ էին դրել Միջին Ասիան և Սիբիրը, և այդ ծրագրերի իրականացման ճանապարհին կանգնած էր Իրանը: Իրանի մեկուսացումով ԱՄՆ կհասներ նաև Միջին Արևելքում նավթի վերահսկման մոնոպոլիային: Այս առումով ԱՄՆ տարածաշրջանում նախապատրաստում էր լոկալ բախումների մի քանի օջախներ, որ հող կնախապատրաստեին հետագա ներխուժման համար: Իսկ գլխավոր հաղթաթուղթը Իրանի դեմ պետք է լիներ Թուրքիան:

Այդ նպատակով ԱՄՆ մեծացրեց Թուրքիային մատակարարող սպառազինությունների ծավալը: Մասնավորապես, միայն 1993 թվականին ԱՄՆ կառավարությունը Թուրքիային հատկացրեց 546 միլիոն դոլար` ռազմական պահանջները բավարարելու նպատակով: 1992 թվականին Թուրքիան ռազմական տեխնիկա ձեռք բերելու նպատակով ծախսել է շուրջ 3 մլրդ դոլար: Նաև ԱՄՆ կառավարությունը Թուրքիայի` Իրանին սահմանակից շրջաննորում նախատեսում էր կուտակել հարվածային ուժեր. հիմնականում ծովային և օդային հարձակումների համար:

Ստեղծված իրավիճակում ի հակակշիռ ԱՄՆ և Թուրքիայի` Ռուսաստանը սպառազինում էր Իրանին և միջազգային ատյաններում իր աջակցությունն է հայտնում Իրանի միջուկային ծրագրերին:

1992 – 1993 թվականներին Ռուսաստանը Իրանին վաճառեց մոտ 200 ռազմական կործանիչ օդանավեր, սուզանավեր, որ էապես բարելավեց Իրանի ռազմական դիրքերը Պարսից ծոցի ավազանում:

Ամեն դեպքում` Իրանն այս աշխարհաքաղաքական համատեքստում իր ազգային անվտանգությունը տեսնում է միջուկային ծրագրերի մեջ ու չնայած միջազգային հանրության ճնշումներին` շարունակում է միջուկային հետազոտությունների բնագավառում իր աշխատանքները: Իրանին այս առումով հովանավորում է Ռուսաստանը, որ բազմիցս հավաստեց, թե պատրաստվում է Իրանի տարածքում ատոմակայան կառուցել: Այս առումով Իրանին իր աջակցությունը հայտնեց նաև Արևմուտքի ևս մեկ թշնամի` Հյուսիսային Կորեան:

Այս ֆոնի վրա արևմտյան դաշնակիցները Իրանի դեմ պայքարելու երկու մարտավարություն ունեին. առաջինը փորձել Իրանում հեղափոխության միջոցով հասնել իշխանափոխության և Թեհրանում ունենալ իրեն ենթակա խամաճիկային կառավարություն, և երկրորդ` մասնատել Իրանը: Այս առումով արևմուտքը կարող էր երկու հաղթաթուղթ օգտագործել. քրդական և այսպես կոչված Հյուսիսային Ադրբեջան: Սակայն քրդական գործոնը վտանգավոր է առաջին հերթին հենց Թուրքիայի համար, իսկ այդպես կոչված Հյուսիսային Ադրբեջանը գոյություն ունի սոսկ Բաքվի փաշաների երևակայության մեջ:

Այս իրադրության մեջ արևմտյան երկրներին այլ բան չէր մնում անել, քան Իրանի դեմ սկսել մեծամաշստաբ պատերազմ: Թվում է, դրա իրականացման և հաջող ավարտի համար առկա են բոլոր նախադրյալները. Իրանի դեմ պատերազմում շահագրգիռ էին ԱՄՆ, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը… պատերազմը նախապատրաստելու և իրականացնելու համար հարմար առիթ միշտ կգտնվի. Իրանի իսլամական հանրապետության ռեժիմի դեմ ըմբոստ տարրեր, Իրանի տարածքում ազգային փոքրամասնություններ /քրդեր, ադրբեջանցիներ/, որոնց միջոցով միշտ էլ կարելի է էթնիկ բախումներ հրահրել երկրի տարածքում և վերջապես, Իրանի սպառազինումն ու միջուկային ծրագրերը:
Սակայն այս նախադրյալները ի չիք եղան, երբ ԱՄՆ Իրանի հանդեպ իրականացվող իր ռազմավարության մեջ հանդիպեց Ռուսաստանի կոշտ դիրքորոշմանը: Կրեմլը լավ գիտակցում է, որ Իրանի կորուստը իր համար հղի է վտանգավոր հետևանքներով և ըստ էության, նշանակում է Միջին Ասիայի կորուստ: Այս հարցում իր ռազմավարական շահերն ունի բնականաբար և Չինաստանը: Եվ ԱՄՆ կառավարող շրջանները ուղղակի չէին կարող հաշվի չնստել Ռուսաստանի և Չինաստանի հետաքրքրությունների հետ:

Իրանի շուրջ այս լարվածությունը որոշակի մարեց իրաքյան պատերազմի ժամանակ: Իրաքյան պատերազմը ճիշտ է, որոշ ժամանակ շեղեց ԱՄՆ և նրա դաշնակիցների ուշադրությունը Իրանից, և արդյունքում, Իրանը կարողացավ այս ՙզինադադարից՚ օգտվելով` ավելի ամրացնել իր դիրքերը: Սակայն, միաժամանակ, այսօր արևմտյան երկրները ի դեմս Իրաքի, Իրանի դեմ ունեն հուսալի պլացդարմ:

Եվ, ով գիտե, թունիսյան և լիբիական սցենարը մի օր էլ չեն փորձի կիրառել Իրանի դեմ: Մի խոսքով` խնդիրն այսօր էլ արդիական է և Իրանի շուրջ չթուլացող լարվածությունը դեռ երկար կշիկացնի քաղաքական ու ռազմական հարաբերությունները:

Վահե Անթանեսյան



Նման նյութեր