Մարդու իրավունքների ոլորտում հրատապ լուծումներ են հարկավոր, բայց խնդիրներ կան, որտեղ հեղափոխական լուծումներ են պետք․ Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

Մարդու իրավունքների ոլորտում հրատապ լուծումներ են հարկավոր, բայց խնդիրներ կան, որտեղ հեղափոխական լուծումներ են պետք․ Նաիրա Զոհրաբյան

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կատաստրոֆիկ  ծանրաբեռնված է։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ օրական 200-ից ավել զանգեր է ստանում քրեակատարողական հիմնարկներից։ Միևնույն  ժամանակ նա խոստովանեց, որ շատ խնդիրների լուծման հարցում գործում է ոչ թե օրենքը, այլ իր անձնական հեղինակությունը։

– Տիկի´ն Զոհրաբյան, 6-րդ գումարման ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վերացվեց, սա բարդացրե՞լ է այս հանձնաժողովի աշխատանքները 7-րդ գումարման ԱԺ-ում այն վերաբացելուց հետո՝ առկա խնդիրների խորացման համատեքստում։

-Կդժվարանամ հիմա ամբողջական վերլուծություն ներկայացնել, թե հանձնաժողովի բացակայությունն ինչ բացասական հետևանքներ ունեցավ, քանի որ 6-րդ գումարման  խորհրդարանը կարճ աշխատեց։ Բայց այսօր այս հանձնաժողովը կատաստրոֆիկ  ծանրաբեռնված է նամակներով, դիմումներով: Ե´վ ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, և´ մեր փորձագետները, և´ մեր հանձնաժողովի անդամները չենք հասցնում։ Կամ ես կցանկանային լինել Բարոն Մյունխհաուզենը, որ օրն ունենար 28-30 ժամ, որպեսզի ստացվող դիմումների գոնե մի մասը հասցնեինք մշակել, արձագանքել ու կատարել մեր այցերը։ Այսօր նկատում եմ միտում, որը մի կողմից ինձ պարտավորեցնում է, մի կողմից խնդիրներ առաջացնում։ Բանն այն է, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում, մանկատներում, գիշերօթիկներում կամ ընդհանրապես այն տեղերում, որտեղ կա ռիսկ մարդու իրավունքների խախտման, այս հանձնաժողովն ու հատկապես ինձ են տեսնում այդ հարցերի լուծողը։ Թեև իսկապես շատ պարտավորեցնող է, միևնույն է, ուզում եմ զգույշ լինել, որովհետև մարդիկ շատ անգամ մտածում են, թե կարող եմ փոխարինել ՀՀ դատախազությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՄԻՊ-ին, Արդարադատության նախարարությանը և Մայր Թերեզային։ Բնական է, որ այսպես հնարավոր չէ, հանձնաժողովն էլ ունի իր իրավասությունները, որից դուրս գալ չի կարող։

-Ի՞նչ բնույթի նամակներ եք ստանում, լինո՞ւմ են դեպքեր, երբ Ձեզ դիմում են մարդիկ, որոնց իրավունքները չեն խախտվել, այդ պարագայում ի՞նչ եք անում:

– Օրական 200-ից ավել նամակ եմ ստանում, ստանում են տասնյակ զանգեր։ Կալանավորներից շատերն իրեն ընտանիքն զանգելու հնարավորությունն էլ  օգտագործում են մեզ զանգելու համար, քանի որ այստեղ են տեսնում վերջին հույսը։ Ես ուզում եմ բոլորին ասել՝ հանձնաժողովն անելու է ամեն բան, բոլոր այն խնդիրները, որտեղ կա խախտված իրավունք, վեր ենք հանելու, պաշտպանելու ենք։ Բայց հանձնաժողովը չի կարող զբաղվել բոլոր այն հարցերով, որտեղ չկա խախտում, բայց մեզ ներկայացվում է, թե կա խախտում, թեպետ հասկանալի է, քանի որ գրեթե չկա կալանավոր կամ դատապարտյալ, որն ընդունում է, որ իր հանդեպ կայացված վճիռն արդար է։ Զարմանալիորեն ինձ դիմել են  նաև տարբեր մշակութային գործունեությամբ զբաղվող ՊՈԱԿ-ներ։ Գիտեք, որ հիմա մշակույթի գործող, թե չգործող նախարարության պաշտոնյան այս պահին ինչ-որ տարօրինակ իդեաներ ունի սարքել տարօրինակ «աջասբսանդալներ», օրինակ՝ Կոմիտասի քառյակը միացնել Կոմիտասի տուն-թանգարանին, իսկ այս դեպքում առաջարկում եմ Կոմիտասի պանթեոնն էլ միացնել, որովհետև անունը Կոմիտաս է։ Առաջիկայում մշակույթի գործիչների հետ կունենանք քննարկում։

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր