Մարդկանց երազները մահվանից առաջ կարող են փոխվել։ Այսպես են կարծում Նյու Յորքի Hospice Buffalo-ի մասնագետները, նրանք սկսել են վավերագրել հոսփիսի մահացու հիվանդ պացիենտների երազները և տեսիլները։
Մահվանից ոչ շատ առաջ մարդիկ իսկապես հաճախ որոշակի սյուժեներով երազներ են տեսնում, դա են ցույց տվել մահացու հիվանդ պացիենտների հարցումները, ինչպես նաև նրանց հետևելը 10 տարիների ընթացքում։ Մասնագետների խոսքով՝ մահվանից ոչ շատ առաջ մարդկանց երազները շատ իրատեսական են դառնում. երազների մանրամասները դառնում են հստակ, իսկ տպավորությունները՝ վառ։
Ամենատարածված սյուժեներից մեկը հանդիպումն է մահացած հարազատների հետ, որոնք խոսում են, կանչում իրենց հետ, մխիթարում։ Իսկ ծանր ախտորոշմամբ երեխաները, հետազոտության համաձայն, հաճախ երազում խաղում են իրենց սատկած ընտանի կենդանիների հետ։
Հետազոտության հեղինակները երազների մասին պացիենտների պատմածները բաժանել են մի քանի կարգի.
- Դեպքերի 59 տոկոսում մարդիկ երազում պատրաստվում են ճամփորդել, ընդ որում՝ այդ պատրաստությունների ժամանակ նրանց կողքին ընկերներն ու հարազատներն են՝ ինչպես ողջ, այնպես էլ մեռած։ Մերձավորների հետ շփումը շատ ջերմ է, և նրանցից բաժանվելու ցանկություն չկա։
- Դեպքերի 29 տոկոսում մարդիկ երազում շփվում են իրենց ողջ հարազատների հետ։ Հաճախ՝ նրանց հետ, որոնց վաղուց արդեն չեն հիշել։
- Դեպքերի 28 տոկոսում մարդիկ մահվանից ոչ շատ առաջ տեսնում են սյուժեներ սեփական կյանքից։ Այդ դրվագները, որպես կանոն, կապված են մի ինչ-որ շատ թանկ ու հարազատ բանի հետ, նման երազները շատ դրական հույզեր են առաջացնում։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ երազները, որոնք տեսնում են մարդիկ մահվանից առաջ, ինքնատիպ մեխանիզմ են, որն օգնում է հաշտվել վախճանի անխուսափելիության հետ և հանգստացնում է պացիենտներին մահվանից առաջ։