Հայը միշտ էլ, բոլոր ժամանակներում, զենքը ձեռքին պայքարող ժողովուրդների շարքին է դասվել, սակայն, ցավոք, խորհրդային տիրապետության տասնամյակների ընթացքում մեր մեջ սերմանվեց «հավերժ զոհի» թերարժեքության բարդույթը, որը վերջապես հնարավոր եղավ կոտրել 1990-ականների սկզբին` արցախյան պատերազմում տարած հաղթանակով:
Ներկայացվող պատկերում հայ ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկն է` Հեղինե Չաուշը, նույն ինքը` Եղսոն, հերոս ֆիդայապետ Գևորգ Չաուշի կինը: Փամփշտակալներով խաչկապված կնոջ աջ ձեռքին մաուզեր ատրճանակ է, իսկ ձախ ձեռքին՝ հրացանը: 1910 թվականի լուսանկարի այս տարբերակը գտնվել էր 2005-ին նախկինում հայաշատ Այնթապում (Կիլիկյան Հայաստան, ներկայումս՝ Գազիանթեպ, Թուրքիա)՝ հայերին պատկանած տանը վերանորոգման աշխատանքներ իրականացման ժամանակ:
Եղսոյին ուղղված Գևորգ Չաուշի հայտնի պատգամը սա է եղել. «Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է: Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում: Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփիր որտեղ էլ լինի: Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել»:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: