Միջադեպերի նվազումը չի երաշխավորում, որ ապագայում դրանք չեն լինի: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, էթնիկ հարաբերությունների փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ արձագանքելով դիտարկմանը, որ վերջին շրջանում հաճախ է օգտագործվում «աննախադեպ ակտիվություն բանակցային գործընթացում» արտահայտությունը, թեպետ նման իրավիճակ նախկինում էլ կար: Նա նկատեց, որ նախկինում իրավիճակը փոփոխվում էր շփման գծում իրավիճակի սրացմամբ:
«Երբ մենք կամ դուք ուսումնասիրում ենք որևէ հակամարտություն, չպետք է մտածել, որ այն բացարձակապես բացառիկ է, և որ աշխարհում նմանատիպ բան չի եղել: Ընդհանրապես մի սադրիչ բան կասեմ, որ աշխարհն ինքնին խաղաղության երաշխավոր չէ: Օրինակ, երբ իռլանդացի այն ժամանակվա անջատողականները հասան նրան, որ Իռլանդիայի անկախության համար պատերազմի արդյունքում Լոնդոնի հետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, դրանից անմիջապես հետո Իռլանդիայի ներսում քաղաքացիական պատերազմ ծագեց: Եվ երեկվա աջակիցները սկսեցին իրար դեմ պայքարել, քանի որ Լոնդոնի հետ գործարքը համարեցին դավաճանություն, հյուսիսային կոմսությունների հանձնում և այլն: Թվում էր, թե ահա հրաշալի է՝ խաղաղություն, բաղձալի նպատակի նվաճում, բրիտանացիների հեռացումն Իռլանդիայի հարավային հատվածից հաղթանակ է: Իսկ ոմանց համար էլ դեռ հյուսիսային կոմսություններն էլ էին քիչ ու ասացին, որ պետք է այնտեղ էլ գնալ. դրա հետևանքով առաջացավ ներքին հակամարտություն»,- ասաց նա։
Մարկեդոնովը, վերոնշյալից ելնելով, շարունակեց, թե ովքեր կարծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ ուրիշ մեկը, կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը հանկարծ կկնքեն «սուպեր-պուպեր» մինսկյան թարմացված ծրագիր, ապա դա չի նշանակում, որ վաղը այդ երկրների ներսում կլինի կայունություն, և որ հանրություններում դա կընկալվի որպես հաղթանակ:
«Տվյալ իրավիճակում ի՞նչ պետք է անի Մոսկվան. հետևի, որ գործընթացները չհեռանան իր տեսադաշտից, բայց միևնույն ժամանակ չարագացնի այդ գործընթացը:
Ամբողջությամբ՝ tert.am