Զգույշ քայլիր… համացանցում. theanalyticon.com
Advertisement 1000 x 90

Զգույշ քայլիր… համացանցում. theanalyticon.com

…Վերնագիրը պատահական չենք ընտրել. ժամանակակից տեղեկատվական հոսքերի պայմաններում  համացանցում մոլորվելու կամ, ասենք, «կրետաբույնը բզբզելու» հավանականությունը խիստ մեծացել է:

Վերջերս ուսանողուհիներիցս մեկը որոշեց պրակտիկա անցնել մինչ այդ ինձ անհայտ կայքերից մեկում: Հետաքրքրության համար բացեցի այդ կայքը և այդտեղ համարյա ոչ մի նորմալ սեփական նյութ չգտա. այսուայնտեղից թխած տեղեկություններ, շատ հաճախ՝ առանց սկզբնաղբյուրին հղումի։ Եվ ամենազարմանալի (ավելի ճիշտ՝ ինձ համար այնքան էլ ոչ զարմանալի, այլ վաղուց հայտնի) մանիպուլյացիան այդ կայքում. ամեն լուրի տակ ցույց էր տրվում մի քանի տասնյակ հազար դիտում։ Ավելին, հետաքրքրության համար նայեցի՝ մի այլ տեղեկատվական կայքից արտատպված նյութը (բարեբախտաբար, թե պատահաբար այս մի նյութը հղումով էին արտատպել) 4 անգամ ավելի շատ «դիտում» էր ունեցել, քան սկզբնաղբյուրում, որից թխել էին: Վստահ եմ ու համոզված, որ դրանք արհեստական թվեր են, որովհետև հայկական ամենահեղինակավոր  կայքերի ամենահետաքրքիր նյութերն անգամ այդքան դիտում չեն ապահովում։ Հնարավո՞ր է ապացուցել այս մանիպուլյացիան. դժվարանում ենք ասել, երևի կպատասխանեն տեխնիկական հնարավորությունների մասնագետները։ Բնական է և հաստատ խիստ հավանական, որ նման կայքերում ընթերցողը կմոլորվի (եթե այցելի, իհարկե)՝ արտատպություններում մեծ թիվ կազմող ամեն տեսակ «սենսացիաների» սարդոստայնում:

Սակայն, մինչ մանիպուլյացիաներով ընթերցող գրավելու և նրան մոլորեցնելու խնդրի մասին խոսելը, ուզում ենք մի քանի մտահոգություններ ներկայացնել:

Առաջին մտահոգությունը՝ համացանցի բուռն զարգացման պայմաններում՝ լեզվի նկատմամբ քամահրական վերաբերմունքն է: Համացանցային ԶԼՄ-ներից վերացել են (ավելի շուտ՝ երբեք էլ չեն եղել) սրբագրիչները, իսկ խմբագրի գործառույթը դարձել է միայն խմբագրության աշխատանքի կազմակերպումը: Ի հետևանք՝ լրատվական տեքստի վրա աշխատող չկա, և թղթակցի գրածը, կամ արտասահմանյան աղբյուրներից թարգմանածը համարյա անփոփոխ հայտնվում է կայքում՝ տառասխալներով, ոճական անհարթություններով և այլն: Կայքերի սեփականատերերը քիչ թե շատ օտար լեզու իմացող, բայց հայերենին լավ չտիրապետող, ցածր վարձատրության համաձայնող աշխատող են գտնում, որը անգլերեն կամ ռուսերեն տեքստը ոչ թե թարգմանում է, այլ պատճենում, և ստացվում է, օրինակ,  այսպիսի վերնագիր՝ «Սոչիում Պուտինը, Լուկաշենկոն եւ նրա որդի Նիկոլայը նույն թիմի կազմում սառույց են դուրս եկել»… Թագմանիչը չգիտի, որ «սառույց են դուրս եկել»-ը հայերենին խորթ է, որ «Вышли на лед»-ը հայերեն նշանակում է հոկեյ են խաղացել: Հոդվածի տեքստում էլ մի քանի անգամ անհարկի կրկնում է նույնը: Մենք կարող ենք այստեղ մեջբերել բազմաթիվ նման օրինակներ, բայց բավարարվենք միայն մտահոգություն հայտնելով, որովհետև համացանացային լրատվամիջոցների լեզուն մի առանձին մեծ հոդվածի նյութ է։

Մեր երկրորդ մտահոգությունը. ըստ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է տպագիր կամ ցանցային լրատվամիջոց հիմնել «առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման» («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք, հոդված 4) և գործել ազատորեն: 2003 թվականին ընդունված այս օրենքը բավականին ազատականացրել է դաշտը: Վերջին տասը-տասներկու տարում, երբ Հայաստանում համացանցը բուռն զարգացում ապրեց, նաև նպաստել է տեղեկատվական կայքերի անասելի չափով ավելացմանը: Ընդ որում, հաճախ, շատ հաճախ լրատվամիջոցի հավակնող այդ կայքերը ոչ հասցե ունեն, ոչ նորմալ կոնտակտային տեղեկություններ, ոչ էլ հայտնի է, թե ով է հիմնադիրը (օրենքի լեզվով ասած՝ «լրատվական գործունեություն իրականացնողը»), ով՝ բովանդակության պատասխանատուն: Եվ երբ նման մի կայքում որևէ ոչ ստույգ տեղեկություն է հրապարակվում կամ, ասենք, նյութում զրպարտություն կամ վիրավորանք է նկատվում, ապա տուժած մարդը չի կարողանում գտնել մեկին, որին պետք է պատասխանատվության կանչել կամ որից կարող է հերքում կամ պատասխանի հրապարակում պահանջել: Սակայն այդ կայքերն ու նրանց աշխատակիցները հավակնում են ունենալ նույն արտոնություններն ու հնարավորությունները, որ ունեն իրենց ելքային տվյալները հրապարակող ավանդական լրատվամիջոցները. այսինքն՝ հավատարմագրեն իրենց լրագրողներին պետական մարմիններում կամ ընտրությունների ժամանակ, իբրև հանրային գործունեություն ծավալող պաշտպանված լինեն և այլն: Արդ, վաղուց ժամանակն է նման կայքերին հրավիրել տպագիր և հեռարձակվող ԶԼՄ-ների հետ միևնույն դաշտ. այսինքն օրենսդրորեն սահմանել, որ եթե նրանք ուզում են ունենալ նույն հնարավորությունները, ապա թող ներկայացնեն իրենց ելքային տվյալներն ու թողարկման պատասխանատուի անունը: Ավելին՝ տարեկան մեկ անգամ ներկայացնեն իրենց ֆինանսական հաշվետվությունները, ինչպես պահանջում է նույն օրենքը:

Հայաստանում գործող մի քանի լրագրողական կազմակերպություններ (Երևանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը) արդեն մի քանի տարի է խոսում են այս խնդրի մասին և անգամ պատրաստ են օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացնել։ Հուսանք, որ նախաձեռնությունն արձագանք կստանա նաև իշխանություների կողմից։

Երրորդ խնդիրը, որ մենք տեսնում ենք նման կայքերում, լրագրողական էթիկայի տարրական կանոնների իսպառ անտեսումն է։ Օրինակ՝ տեղեկությունն առանց այլ աղբյուրներից ճշտելու հրապարակելը։

Ինչո՞վ է պրոֆեսիոնալ լրագրողը տարբերվում նման կայքերում սենսացիա թխող «լրագրողից» կամ սոցիալական ցանցերում տագնապ տարածող ոչ պրոֆեսիոնալ օգտատերից: Պարզագույն օրինակով ասեմ. սենսացիաներ որոնողները, անտառի բացատից բարձրացող ծուխը նկատելով, անմիջապես տարածում են ծխի քուլաների լուսանկարն ու «ահազանգ» հնչեցնում. «Հասե՛ք, անտառում հրդեհ է…»: Պրոֆեսիոնալ լրագրողը պարզապես խորանում է անտառում և տեսնում, որ մի ընտանիք ընդամենը խորոված է անում… Բնականաբար, այդ մասին ոչինչ էլ չի գրում: Անհետաքրքիր է: Եվ, կարծես,  միանգամայն բնական է ու սպասելի, որ օրենքին ու էթիկային չհետևող կայքերը, ավելի ճիշտ՝ լրատվական կայքի հավակնություն ունեցողները դիմում են զանազան մանիպուլյացիաների՝ ընթերցող, ապա և գովազդ ապահովելու նպատակով։ Մենք մի կողմ ենք թողնում քաղաքական մանիպուլյացիաները, որոնք հենց հիմա՝ հետհեղափոխական Հայաստանում բավականին տարածված են: Այստեղ դրանց չենք անդրադառնա, քանի որ նման տեղեկություններով հետաքրքվող քաղաքականապես ակտիվ բնակչությունը կամ այդ ակտիվ հատվածի մի մասը, համենայն դեպս, այնքան գրագիտություն ունի, որ անպայման ձգտում է գտնել երկրորդ տեսակետ, կարծիք կամ՝ կասկածելով հրապարակվածին, այլ աղբյուրներից իր կարդացած քաղաքական սենսացիայի հավաստում է որոնում: Անշուշտ, բնակչության մի զգալի հատված էլ ենթարկվում է այդ մանիպուլյացիային՝ առաջնորդվելով հնուց եկած՝ «թերթում գրել են» (հիմա ամենից տարածվածը՝ «Ֆեյսբուքում գրել են») սկզբունքով:

Այսուհանդերձ, քաղաքական մանիպուլյացիաներից շատ ավելի վտանգավոր են առավել քիչ գրագետ ընթերցողներին ուղղված սենսացիաները: Հատկապես՝ բուժական թեմաներով: Ինչո՞ւ ենք հենց սրա վրա հրավիրում ընթերցողների ուշադրությունը: Որովհետև սրան ենթակա են նույնիսկ բավականին կրթված մարդիկ: Ավելին, պարզվում է, հավատալով «հրաշք դեղամիջոցների», սեռական պոտենցիան ավելացնելու, բույսերի զանազան բուժիչ հատկությունների մասին «տեղեկություններին», շատերը սկսում են ինքնաբուժմամբ զբաղվել՝ անդառնալի վնաս հասցնելով իրենց առողջությանը: Իրականում, նման մանիպուլյատիվ տեղեկություններ տարածողները առաջնորդվում են սեփական շահերով՝ առաջարկում են իրենցից գնել այդ հրաշք դեղամիջոցը, որը չեք գտնի դեղատներում, և ահա մարդիկ նետվում են համացանցով գնելու նման «հրաշքները»՝ հարստացնելով դրանք արտադրողներին և վաճառողներին, որոնք, ի դեպ, որոշ խմբաքանակ վաճառելուց հետո անհետանում են համացանցից, ապա հայտնվում այլ անունով:

«Սենսացիա. X երկրում շարքային մի բժիշկ հայտնաբերել է քաղցկեղի բուժման միջոցը, սակայն առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թաքցնում է դա, որովհետև…»: Շարունակությունը՝ դավադրությունների տեսության մեջ տեղավորվող դատողություններ են այն մասին, թե ինչու են մարդկանցից թաքցրել դա. «Պարզ է՝ եկամուտներից չզրկվելու համար»:

Ամփոփենք. նման սենսացիաներից պաշտպանվելուն են ուղղված բազմաթիվ երկրների ջանքերը՝ կրթելու մեդիայի սպառողներին: Նման՝ մեդիագրագիտության ծրագիր Հայաստանում իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Սակայն դա մի այլ հոդվածի թեմա է:

Իսկ մենք՝ եզրափակելով միայն կասենք մեր ընթերցողին. զգու՛յշ օգտվեք համացանցի տեղեկություններից, անմիջապես մի՛ հավատացեք ամեն մի գրվածի. կասկածե՛ք  և ստուգե՛ք, այլապես կհայտնվեք մի սարդոստայնում, որից դուրս գալը դժվար կլինի, կամ էլ «կբզբզեք կրետաբույնը»… Իսկ կրետների խայթոցը շատ ցավոտ է:

theanalyticon.com



Նման նյութեր