Մեծարգո պարոն վարչապետ, մինչ Դուք զբաղված եք երթեր անելով, տարբեր երկրներ շրջագայելով ու զանազան այլ միջոցառումներով, մեր երկրում, օգտվելով ժողովրդի ծանր սոցիալական վիճակից, իրենց թալանն ու «օրենքով» վաշխառությունն են անում բանկային համակարգի ներքո գործող այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Վարկս Էյ-Էմ»-ը, «ՄՈԳՈ»-ն, «Գլոբալ կրեդիտ» ընկերության որոշ վարկատեսակներ (օրինակ՝ աշխատավարձային սպառողական վարկատեսակը), ինչպես նաեւ կազմակերպություններ, որոնք ապառիկի անվան տակ միանվագ 35 տոկոս միջնորդավճար են գանձում քաղաքացիներից ու անհետանում, իսկ քաղաքացին շարունակում է, բացի այդ իր վերցրած գումարի դիմաց վճարած 35 տոկոսը, բանկին վճարել նաեւ տարեկան տոկոսադրույքը։ Այսինքն՝ վերցրած գումարի կեսը հենց առաջին տարում կորցնում է:
Վերոնշյալ կազմակերպություններից հատկապես ուզում եմ խոսել «Վարկս Էյ-Էմ»-ի գործունեության մասին, որի գրասենյակներն օրեցօր ծաղկում են եւ մշտական հերթեր սպասարկում: Օգտվելով մարդկանց վատ սոցիալական վիճակից՝ նրանց հետ CAZINO են խաղում. գայթակղության համար առաջին անգամ տալիս են վարկ՝ մեկ ամսով, առանց որեւէ տոկոսադրույքի եւ պահումների՝ մինչեւ 150․000 դրամ, երկրորդ անգամ եթե նորից ուզենա շտապ գումար վերցնել տվյալ քաղաքացին, ասենք՝ հարյուր հազար դրամ, ապա տրամադրում են ընդամենը մեկ ամսով․ սկզբում կատարում են պահում՝ 10 տոկոս, հետո՝ գումարը վերադարձնելուց, եւս 5 տոկոս։ Ստացվում է՝ հարյուր հազարի 15 տոկոսը գանձում են մեկ ամսվա համար, եւ փաստացի վարկի տարեկան տոկոսը կազմում է 180 %, ու եթե հանկարծ քաղաքացին մեկ ամիս հետո չկարողանա մարել վերցրած գումարը, պետք է վճարի տույժ՝ օրական 1%-ի չափով։ Եվ եթե ընդունենք, որ ուշացումը կազմել է 30 օր, 100.000-ի դիմաց պիտի վճարի 30.000 դրամ տուգանք: Ունեն ես մի ծառայություն, որը կոչվում է վարկի հետաձգում՝ 7, 14 եւ 30 օրով՝ դարձյալ սարսափելի մեծ տոկոսներով:
Մի պարզ մաթեմատիկական հաշվարկ եմ փորձել անել, թե նրանց կողմից մեկ տարվա կտրվածքով որքան գերշահույթ կարող է «արձանագրվել». միջին հաշվարկով, մեկ ամսվա ընթացքում վերոնշյալ գումարի չափով վարկ կարող է վերցնել ամենաքիչը տասը հազար մարդ: Մեկ մարդու հաշվարկով, կազմակերպությունը մեկ ամսվա համար ստանում է 13․000 դրամ գերշահույթ, այսինքն՝ եթե ընդունենք, որ բանկային ամենաբարձր տոկոսը տարեկան 24% է կազմում, մեկ ամսվա համար 100.000-ի դիմաց պիտի գանձեին 2000 դրամ, սակայն, օրենքի «տառին համապատասխան», գանձում են 15․000 դրամ: 10․000 քաղաքացուց ստացվող մեկ ամսվա գերշահույթը կազմում է 13.000 դրամ *10000=130.000.000 դրամ, սա էլ եթե բազմապատկենք 12 ամսով, որ ստացվի տարեկան գերշահույթի չափը, ապա այն կկազմի 1.560.000.000 դրամ՝ մոտ 1.5 մլրդ դրամ՝ տարեկան:
Ըստ հերթականության, խոսքս ուզում եմ ուղղել․ 1) Կենտրոնական բանկի նախագահին, 2) էկոնոմիկայի նախարարին, 3) տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին, 4) ՊԵԿ նախագահին, 5) իրավապահ համակարգի ղեկավարներին․
1) Պարոն Արթուր Ջավադյան, իմ կողմից բարձրացված խնդիրներից որոնք առկա են Ձեր կողմից համակարգվող ոլորտում, Դուք տեղյա՞կ եք, թե՞ ոչ։
Եթե տեղյակ չեք, շատ վատ է, իսկ եթե տեղյակ եք, դարձյալ վատ է, քանի որ երկար տարիներ Կենտրոնական բանկի նախագահ լինելով՝ կա՛մ չեք վերահսկել նմանատիպ խնդիրները թե՛ օրենսդրական կարգավորումներով եւ թե՛ Ձեր առօրյա գործով, կա՛մ էլ նման ցանկություն չեք ունեցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե նման կազմակերպություններն ում են պատկանում:
2) Պարոն Տիգրան Խաչատրյան, այն իրավիճակում, որը նկարագրել եմ ես, տնտեսական զարգացում արդյոք կարելի՞ է ակնկալել երկրում:
3) Պարոն Արտակ Շաբոյան, օրինակ, ձուն, որ 10 դրամով անհիմն թանկանում է, ուսումնասիրություններ եք սկսում՝ չարաշահումներ թույլ չտալու նպատակով, եւ լավ եք անում, բայց նմանատիպ խնդիրներին ինչո՞ւ չեք արձագանքում:
4) Պարոն Դավիթ Անանյան, ինձ հետաքրքիր է՝ ստացվող միլիարդավոր գերշահույթներից պետական բյուջե քանի՞ տոկոս է գնում՝ որպես հարկ։
5) Իրավապահ համակարգի ղեկավարներին եմ նաեւ խոսքս ուղղում. պարոնայք, մի համայնքապետ կամ հիմնարկի տնօրեն որ 1 մլն դրամ յուրացնում է, բռնում նստեցնում եք ու շատ ճիշտ եք անում՝ մեր երկրից հազար դրամ գողացողն էլ պիտի պատասխան տա, բայց իմ նշած խնդիրներից արդյոք տեղյա՞կ չեք, վերջիվերջո՝ օրենքով իրենց ապահովագրելով՝ այս կազմակերպությունների տերերից ամեն մեկը մի մեծ տնտեսական հանցագործ է իրենից ներկայացնում: Չունե՞ք Ձեր կողքին ոլորտից հասկացող մի խորհրդական կամ տեղակալ, որ ներկայացնի իրական վիճակը, ու փորձեք լուծումներ գտնել խնդիրներին: Դիմեք Ազգային ժողովին՝ օրենքներում եղած բացերի պատճառով նման կազմակերպությունների հնարավորությունները սահմանափակելու համար: Չարաշահում թույլ տված համայնքապետը բյուջեից է տանում, սրանք էլ անմիջապես մարդկանց գրպանից են հազար անգամ ավելի շատ չափով տանում՝ նախապես օրենքով էլ իրենց ապահովագրում են:
Եվ վերջում՝ նորից ուզում եմ դիմել վարչապետին. վերահսկեք, պարոն վարչապետ, եթե Դուք էլ ժամանակ չունեք, երկու տնտեսագետ տեղակալ ունեք, ընդ որում, մեկը՝ բանկային համակարգից Ձեզ մոտ տեղափոխված, թող գոնե նրանք վերահսկեն, թե չէ նման պայմաններում տնտեսական հեղափոխությունից խոսելը մի փոքր պոետիկ է դառնում: