Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհակալություն Մաշտոցի պուրակի ապամոնտաժողներին
Պատկերացնում եմ, թե հիմա որքան ուրախ են Մաշտոցի պուրակում բուտիկներ կառուցելու մտադրություն ունեցածերը, որոնց ապագա բուտիկների երկաթյա կարկասը ապամոնտաժելու փորձեր անող խմբի դեմ ամսից ավել ոստիկանական գրոհներ էին: Երիտասարդները դիմացան գրոհներին, ծեծվեցին, գիշերեցին պուրակում, և ի վերջո հասան ապամոնտաժման: Այսօր դրանց տերերը պետք է որ շնորհակալ լինել այն ժամանակվա իրենց «թշնամիներին»:
Երիտասարդները գրոհում էին, որոշ տարեցներ փորձում էին նրանց թիկունքին կանգնել: Այդ օրերին մի անգամ ես էլ էի գնացել Մաշտոցի պուրակ՝ «երիտասարդների թիկունքին կանգնելու»:
Դե, տարեց եմ, հոդերս ցավում են, արագ շարժվել չեմ կարողանում, իսկ ոստիկանական գրոհների ժամանակ երբեմն պետք էր լինում շատ արագ շարժվել, երբեմն էլ վազել: Պարզ է՝ չեմ կարողանում, ուստի պարզապես կանգնում էի գրոհող ոստիկանների դիմաց, նրանք էլ ինձ շրջանցում էին: Երկու կողմերից էլ մի քանի գրոհների փորձերից հետո բոլորը հոգնել էին և միմյանց խեթ նայելով որոշ դադար էին անում՝ ուժեր հավաքելու: Խմբերը կանգնած էին դեմ դիմաց, մոտ հավանաբար 5-6 մետր հեռավորությամբ: Նստելու տեղ չկար: Ես գնացի հենվեցի ոստիկանների շարքի առաջ ձգված երկաթե խողովակին՝ այսինքն մոտեցա ոստիկանների խմբին: Մեկ-երկու րոպե սպասելուց հետո ոստիկաններից մեկը մոտեցավ և շատ քաղաքավարի ու հանգիստ ասաց.
-Մորքուր, ավելի լավ է գնաք ձերոնց մոտ կանգնեք:
Ես՝ – Բայց ես մերոնց մոտ եմ: Դուք, ի՞նչ է, մերոնք չե՞ք:
Ոստիկան /շփոթված/ – Հա, բա ոնց, ձերոնք ենք, ուզում էի ասել՝ գնաք ապամոտաժողների մոտ: Պետք եղած ժամանակ այստեղից արագ առաջ գնալու դեպքում կարող է Ձեզ վնասենք:
Ես՝ – Արագ շարժվելու դեպքում ապամոնտաժողներն էլ կարող են ինձ, միմյանց, նաև ձեզ վնասել: Եթե եկել եմ այստեղ՝ ուրեմն վնասվելու հնարավորությունը հաշվի եմ առել: Բայց եթե ոստիկաններն ինձ վնասեն՝ կպաշտպանեք, չէ՞:
Ոստիկան /մի փոքր խեղճացած/- Բայց Ձեզ չի կարելի այստեղ կանգնել:
Ես՝ -Ինչու՞: Այնտեղ էլ են մերոնք, այստեղ էլ են մերոնք: Եթե մեկը Ձեզ վնասի՝ ես կպաշտպանեմ: Իսկ Դու՞ք:
Ծիծաղեցինք: Բայց «մերոնք»՝ ապամոնտաժողները գրոհը վերսկսեցին՝ փորձելով կտրել ապագա բուտիկներից մեկի երկաթե կարկասի «ոտքը», ոստիկաններն էլ մահակներով հարձակվեցին՝ թույլ չտալու: Ես անցա «մերոնց» կողմը: Մնացածը՝ աղմուկ, հետապնդում, և ես՝ իսկապես «թիկունքում» կանգնած վազվզողներին նայելիս:
Օրեր հետո դրան հաջորդեց «Տարոն, սիրուն չի»-ն: Իշխանությունը լուծեց իր կապած հանգույցը: Ի՞նչ եմ ուզում ասել՝ եթե այն ժամանակ ապամոնտաժող երիտասարդները չդիմանային, այսօր դրանք կապամոնտաժեր Երևանի քաղաքապետարանը: Եվ ճիշտ կաներ: Բայց որքան ավելի կտուժեր Երևան քաղաքը և կտուժեին ապագա բուտիկների տերերը»: