Մարտի 21-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Արմեն Միրզոյանի «Ա.Կ.Ա» ֆիլմը: Սյուժեի հիմքում երկու հարազատ եղբայրների պատմությունն է, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են կյանքի հակառակ բևեռներում: Ի դեպ, ֆիլմը հետաքրքիր է նաև աստղային դերասանական կազմով: Ֆիլմասերները գլխավոր դերերում կտեսնեն Խորեն Լևոնյանին, Սարգիս Գրիգորյանին, Արաբո Գրիգորյանին, Նարինե Պետրոսյանին, Աննա Գրիգորյանին և Աննա Դովլաթյանին:
NEWS.am STYLE-ը ֆիլմի նկարահանման, դերասանական կազմի և մյուս մանրամասնորի շուրջ զրուցել է ռեժիսորի հետ:
Ըստ ռեժիսորի՝ ֆիլմի կայացման հարցում կարևոր են բոլոր գործոնները՝ և´ դերասանական կազմը, և´ պատմությունը, և´ պատմության իրականացումը, և´ նկարահանումները.
«Ասել, որ լավ դերասաններով կարելի է վատ պատմություն ներկայացնել, սխալ կլինի: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դերասաններից, գրեթե, բոլորը հայտնի են, միայն խոսում է այն մասին, որ նախագիծը լավն է: Եթե հայտնի են, ապա պատասխանատվությունն ավելի մեծ է, հակառակ դեպքում՝ կկարդային սցենարը և կհրաժարվեին»:
Արմեն Միրզոյանի խոսքով՝ նկարահանումներն անցել են ըստ նախապես գծված պլանի՝առանց շեղումների.
«Կար հստակ ռեժիմ, որով աշխատում էինք: Բոլոր տեսարաններն էլ տպավորվել են, կարող եմ ասել, որ նույնիսկ անգիր եմ հիշում դրանք՝ կադր առ կադր, դուբլ առ դուբլ: Բարդության տեսանկյունից կարող եմ ասել, որ ունեինք մասշտաբային տեսարաններ, որոնք բավական բարդ էր իրականացնելը՝ մի քանի փողոց փակելը, մեքենանների մրցավազքը, ունենք շատ լավ տեսարան, որը խորը հանքի մեջ է նկարահանվել: Կարծում եմ, որ հանդիսատեսը կգնահատի: Միգուցե մի փոքր հակասական է հնչում, բայց տեխնիկապես բարդ տեսարանները նաև հեշտ է նկարահանելը: Իմ կարծիքով՝ շատ ավելի բարդ է հոգեբանական ծանր տեսարաններ նկարահանելը, քանի որ այդ դերասանի հետ ամբողջ խումբը վերապրում է տվյալ տեսարանը, ավել մեկ ձայնը կարող է դերասանին շեղել, ինչից էլ տեսարանը չի ստացվի: Իսկապես եղել են հոգեբանական բարդ տեսարաններ, որոնք մեր արտիստները շատ լավ կատարել են: Պատվով լուծել են բոլոր խնդիրները»,-ասաց Արմեն Միրզոյանը:
Ամբողջությամբ՝ style.news.am