Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը «Մեծից փոքր» սիթքոմում հանդես է գալիս իրեն հարազատ երգչուհու կերպարով: Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմել է նոր կերպարի, գործընկերների հետ հարաբերությունների և ներկայիս զբաղվածության մասին:
«Սիթքոմում ես երգում եմ այն խմբում, որի պրոդյուսերը Մկրտիչ Արզումանյանի մարմնավորած հերոսն է: Նա շատ անարդար քայլեր է անում, մենք էլ մեր բենդով փորձում ենք պայքարել դրա դեմ»,- ասաց Աննան։
Նրա խոսքով` մեծ սիրով է ընդունել առաջարկը, քանի որ սցենարին ծանոթանալուց հետո նյութն իրեն շատ է հետաքրքրել. «Իսկապես շատ թեթև, ուրախ պատմություն է: Սիթքոմը կհետաքրքրի նաև երեխաներին, իսկ ես շատ եմ սիրում երեխաների: Անչափ ուրախ եմ նաև այն փաստի համար, որ խաղալու եմ Մկրտիչ Արզումանյանի հետ, իսկապես շատ եմ հարգում և սիրում իրեն` որպես դերասան»:
Հաջորդիվ Աննան կներկայանա A.K.A.գեղարվեստական ֆիլմում: «Սա իմ առաջին դերն է գեղարվեստական ֆիլմում: Շատ դրական լիցքեր եմ ստացել, թիմն էլ շատ լավն էր։ Գուցե իմ բախտն է բերում, որ լավ մարդկանց հետ եմ աշխատում: Երբեք ոչ ոքի հետ կոնֆլիկտ չեմ ունենում, որովհետև եթե ինձ ինչ–որ բան դուր չգա, պարզապես չեմ շարունակի համագործակցությունը: Ես կոնֆլիկտային մարդ չեմ, ինձ հետ աշխատելը շատ հեշտ է»,- ասաց Աննան։
Ամբողջությամբ՝ life.tert.am