Պարուհի, դերասանուհի Աննա Սիմոնյանի աշխատանքային գրաֆիկն այս ընթացքում հագեցած է։ «Նռան հատիկ» հեռուստասերիալում երկարատև զբաղվածությունից հետո նա որոշել է փոքրիկ դադար վերցնել։ Չնայած նորից նկարահանվելու ցանկություն ունի, հիմա զբաղվածությունը փոքր-ինչ այլ ուղղվածություն ունի։
Tert.am Life-ը զրուցել է Աննայի հետ ոչ միայն ներկայիս զբաղվածության, այլև իր և դերասան Մովսես Երեմյանի որդու` Անրիի մասին։ Թեև վերջին շրջանում ամուսինները սկսել էին հրապարակել փոքրիկի լուսանկարները, մայրիկն առաջին անգամ է խոսում որդու մասին։
Այս փուլում Աննան նախատեսում է սկսել պարային դասընթացներ՝ ջազային, դասական, հայկական և այլ ոճերում։ Աշխատելու է միայն աղջիկների հետ։ «Լինելու են սիրողական և պրոֆեսիոնալ խմբեր։ Փակագծերը բացել հիմա չեմ ցանկանում, բայց կարող եմ ասել, որ արձագանքները սպասվածից ավելի շատ էին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բացի այս նախագծից, փորձում է գործունեություն ծավալել նաև գովազդային ոլորտում։
Պարուհի-դերասանուհի մայրիկի գրաֆիկը հագեցած է, բայց վստահեցնում է, որ կարողանում է ամեն բան համատեղել։ Ավելին, նրա խոսքով, օրվա զգալի մասն անցկացնում է ութ ամսական որդու՝ Անրիի հետ։
«Հասցնում եմ այնպես, ինչպես բոլոր կանայք։ Ես հիմա էլ շատ ժամանակ եմ տրամադրում երեխայիս, գործով փորձում եմ զվաղվել օրվա միայն մի հատվածում՝ մնացած մասը բալիկինն է։ Ամեն ինչ հասցնում եմ անել օրվա առաջին կեսին։ Զբաղվածությունս շատ է ասռլով նկատի ունեմ թե՛ ընտանիքիս տրամադրված ժամանակը, թե՛ աշխատանքը։ Բալիկս դեռ փոքրիկ է ու շատ բան չի հասկանում, երբ արդեն հասկանա, սկսի նեղվել, փոփոխություններ կանեմ իր համար, հիմա դեռ աշխատելու ժամանակն է»,- ասաց Աննան։
Պարուհին նկատեց, որ որդու մոտ հիմա մոտ զարգանում են խոսքն ու շարժունակությունը, ինքն ու ամուսինը շատ են կարևորում բալիկին տրամադրված ժամանակը։
Ամբողջությամբ՝ life.tert.am