Եվրիմաժը 140 հազար եվրո կհատկացնի Ավրորա Մարտիկյանի մասին հայ–գերմանական կինոնախագծին. newsarmenia.am
Advertisement 1000 x 90

Եվրիմաժը 140 հազար եվրո կհատկացնի Ավրորա Մարտիկյանի մասին հայ–գերմանական կինոնախագծին. newsarmenia.am

Արշալույս Մարտիկանյանի ճակատագրի մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական վավերագրական-անիմացիոն կինոնախագիծն արժանացել է եվրոպացի կինեմատոգրաֆիստների աննախադեպ գնահատականին և կստանա 140 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը, ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կայացվել է Բուխարեստում մարտի 12-16-ը «Եվրիմաժ» համատեղ կինոարտադրության և կինեմատոգրաֆիկ ու տեսաձայնային աշխատանքների օժանդակության եվրոպական հիմնադրամի կառավարման խորհրդի 154-րդ նստաշրջանում։

Ֆիլմը վավերագրում է 14–ամյա Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյանը) պատմությունը։ Դեռատի աղջիկը, երկու տարի դիմակայելով Եղեռնի ոճրագործություններին, գերությանը, հարեմներին ու հալածանքներին, իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ՝ 1917 թվականին փրկություն է գտնում ԱՄՆ-ում։

Նախագծի պրոդյուսերը Վարդան Հովհաննիսյանն է, ռեժիսորը` «Բարս Մեդիա» ընկերությունից` Իննա Սահակյանը։ Սա առաջին հայկական նախագիծն է, որը կֆինանսավորվի Եվրիմաժի կողմից։

Միաժամանակ, 140 հազար եվրոն կինոնախագծի ընդհանուր բյուջեի 24 տոկոսն է։ Շուրջ 27.15 տոկոսն էլ կապահովի Gebruder Beetz գերմանական կինոարտադրող ընկերությունը։

Հաղորդման մեջ նշվում է, որ նախագծին աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝45 մլն դրամ։ 2016 թվականին նախագծի զարգացման համար աջակցություն է տվել նաև «Ոսկե Ծիրանի» Հայ-թուրքական կինոպլատֆորմը՝ 2,4 մլն դրամ։ Նախագծին մեծապես աջակցել է Զորյան ինստիտուտը (Կանադա)՝ տրամադրելով արխիվային նյութեր։

Եվրիմաժի բուխարեստյան նստաշրջանին ներկայացված 47 ֆիլմերի նախագծերից համատեղ արտադրության աջակցություն են ստացել 18-ը (15-ը՝ խաղարկային, 2-ը՝ վավերագրական, 1-ը անիմացիոն)։ Այս նստաշրջանի ընդհանուր գումարը 4 մլն 397 հազար եվրո է եղել։

Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի անունով է կոչվել միջազգային մարդասիրական մրցանակը, որի նախաձեռնողներն են` բարերարներ և գործարարներ Վարտան Գրեգորեանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը։ «Ավրորա» հումանիտար նախաձեռնությունը նախատեսված է ութ տարվա համար (2015–ից մինչև 2023 թվականը` 1915–1923թթ. Հայոց ցեղասպանության հիշատակին)։ Այն միտված է օժանդակելու և առաջ մղելու գլոբալ նախագծեր, որոնց ստեղծողները, վտանգելով սեփական կյանքը, փրկում են հասարակության ամենախոցելի անդամներին։

newsarmenia.am