Մարդու համար ջուրն ուղղակի անփոխարինելի է. այն մեծ դեր ունի օրգանիզմի կենսագործունեության մեջ՝ նպաստելով դրա մաքրմանը և բարելավելով նյութափոխանակությունը:
Դիետոլոգ Գայանե Շահաթունին պնդում է, որ մեծահասակ մարդը օրական պետք է խմի քաշի մեկ կիլոգրամի հաշվարկով 25-ից մինչև 35 մլ ջուր: Այսինքն՝ 50 կգ քաշով մարդուն խորհուրդ է տրվում խմել օրական 1250-1750 մլ ջուր՝ կախված ֆիզիկական ակտիվության մակարդակից:
Դա չարժի հարկադրանքով անել, պնդում է մասնագետը. ջուրը պետք է խմել հաճույքով: Եթե դուք սովոր չեք օրվա ընթացքում ջուր խմել, ապա կարող եք ինքներդ ձեզ դրան հեշտությամբ սովորեցնել:
Դիետոլոգը խորհուրդ է տալիս աշխատասեղանին կամ որևէ տեսանելի տեղում դնել ջրով շիշ կամ բաժակ և օրվա ընթացքում փոքր ումպերով այն խմել: Ժամանակի ընթացքում սա սովորություն կդառնա, և դուք կսկսեք ջրի պահանջ ունենալ:
Եթե փողոց եք դուրս գալիս, լավ գաղափար է հետը ջրով փոքր շիշ վերցնելը: Շարժման ժամանակ օրգանիզմը ավելի շատ հեղուկ է կորցնում, քան հանգստի վիճակում, և այս հեղուկն անհրաժեշտ է լրացնել:
Այսօր հասանելի են նաև բջջային հավելվածներ, որոնք օգնում են հետևել խմած ջրի քանակությանը. հեռախոս բեռնելով նման հավելվածը՝ դուք կարող եք դրա մեջ նշել, թե որքան ջուր եք խմել և որքան պետք է դեռ խմեք:
Նշենք, որ օրգանիզմի խոնավացման համար անհրաժեշտ է խմել հատկապես ջուր. քաղցր գազավորված ըմպելիքները, ինչպես նաև կոֆեին պարունակող սուրճը և թեյը կարող են հակառակ արդյունք ունենալ՝ դրանք օրգանիզմից ջուրը դուրս են բերում: