Հայտնիներն իրենց մեկ օրվա անելիքները հեռուստադիտողներին կներկայացնեն «Հինգերորդ ալիք»-ի նոր «Day off Սյուզաննա Սեդրակյանի հետ» հաղորդաշարի շրջանակում։ Հաղորդավարուհին Tert.am Life-ին պատմել է նոր նախագծի մանրամասներն և խոսել Արտավազդ Ամիրյանի` «1 օրը 30 րոպեում» հաղորդմանը նմանության մասին։
«Հեռուստադիտողներին հասանելի չէ իրենց սիրելի հայտնիների առօրյան՝ ինչպես են սկսում նրանք իրենց օրը, ինչպես անցկացնում երեկոները: Մենք ներկայացնելու ենք այդ ամենը՝ կփորձենք հասանելի դարձնել այն, ինչն անհասանելի է։ Հեռուստադիտողը հնարավորություն կունենա ավելի խորը ճանաչելու իր սիրելի արտիստին, բացահայտելու նրան թե՛ լավ, թե՛ վատ կողմից»,- նշեց հաղորդավարուհին ու ավելացրեց, որ ամեն հաջորդ հյուրին ընտրում է տվյալ օրվա հերոսը։
Գայա Արզումանյանն առաջինն է վերցրել Day off՝ հեռուստադիտողին ներկայացնելով օրվա իր անելիքները։ «Գայան շատ պոզիտիվ մարդ է, ժամանակը նրա հետ հետաքրքիր է անցնում, վստահ եմ, հեռուստադիտողը նույնպես կվարակվի իր դրական էներգիայով: Կարևոր էր, որպեսզի առաջին հյուրը լիներ առանց կոմպլեքսների և աշխույժ մարդ։ Գայան հենց այն մարդն է, որն ունի հագեցած ու դրական Day off»,- ասաց Սյուզաննան:
Հաղորդավարուհու համար ամենազվարճալի դրվագը եղել է նախագծի շապիկի նկարահանումների ժամանակ, երբ բարձրացել էին կտուր. «Ես բարձրակրունկներով պետք է նկարահանվեի։ Կտուրի ծածկը չփչացնելու համար քայլում էի թիմի տղաների օգնությամբ: Նրանք ստիպված էին ստվարաթուղթ դնել ոտքերիս տակ, որպեսզի կարողանամ քայել: Նախագծի պրոդյուսերը կատակում էր, որ իմ ոտքերի տակ մարդիկ կարմիր գորգ են փռում, իրենք՝ ստվարաթուղթ»։
Բաց կերպարներով հայտնի Սյուզաննայի խոսքով` հեռուստադիտողն իրեն այս անգամ զուսպ կերպարով է տեսնելու։ «Իմ ընդգծված կերպարները կմնան իմ սոցցանցերի էջերում: Ներկայանալու եմ լիովին այլ կողմից, Day off-ը նման չէ իմ նախկին նախագծերին: Այստեղ ինքս հաշվի եմ առնելու ամեն դետալ, սա իմ սոցիալական էջերից մեկը չէ, հաղորդումը դիտելու են թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը,– ասաց նա, իսկ դիտարկմանը, մտավախություն չունի՞, որ նոր կերպարը կարող է չընդունվել, պատասխանեց,– ոչ, քանի որ համարձակ կերպարը չի մնում պատմության մեջ, այն միշտ լինելու է ճիշտ տեղում, ճիշտ մատուցված: Յուրքանչյուր բան, ինչպես մատուցես, այնպես էլ կընդունվի և կսիրվի»։
Ամբողջությամբ՝ life.tert.am