Պատմաբան Վահե Անթանեսյանն իր միկրոբլոգում ներկայացրել է Զվարթնոց տաճարը:
Զվարթնոցի տաճարը գտնվում է Արմավիրի մարզում, Երևանից 15 կմ հեռավորության վրա:
Զվարթնոցը գտնվում է հայոց երկու սրբազան լեռների՝ Մասիսի և Արագածի աշխարհագրական կենտրոնում:
Զվարթնոցի տաճարի տեղում ժամանակին կանգնած էր հայոց դպրության, կրթության և երազների աստված Տիրի տաճարը:
Զվարթնոցը հայ ժողովրդի քրիստոնեական դարձի մեջ առանցքային նշանակություն է ունեցել: Նախ, Խոր Վիրապի բանտից հանած Գրիգոր Պարթևին երբ ուղեկցում են մայրաքաղաք Վաղարշապատ, հայոց Տրդատ արքան հենց Զվարթնոցի տաճարի վայրում դիմավորեց նրան: Ապա՝ քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորիչն առաջինը հենց Զվարթնոցի տաճարը կործանեց:
Զվարթնոց բառի ծագման վերաբերյալ շրջանառվող բացատրությունն այն է, որ զվարթնոց նշանակում է արթուն հրեշտակ: Համոզիչ բացատրություն չէ: Ամենայն հավանականությամբ, այն կապված է Տիրի պաշտամունքի հետ: Չէ՞ որ, դպրությամբ, գիտությամբ զբաղվելու համար հարկավոր է զվարթ՝ արթուն միտք ունենալ… Հավանաբար՝ զվարթը Տիր աստծուն բնորոշող մակդիրներից մեկն է եղել:
Զվարթնոցի տաճարը կառուցվել է 652 թվականին, Ներսես Երրորդ Տայեցի կաթողիկոսի կողմից: Տաճարի օծմանը ներկա է եղել նաև Բյուզանդիայի Կոստաս Երկրորդ կայսրը: Նա այնքան էր հիացած տաճարի գեղեցկությամբ և սլացիկությամբ, որ ցանկանում է նման տաճար ունենալ նաև Կոստանդնուպոլսում, և խնդրում է հայոց կաթողիկոսին և իշխանին, որ իրեն հանձնեն ճարտարապետին, որպեսզի վերջինս Կոստանդնուպոլսում նույնպես կառուցի նման տաճար: Սակայն Կոստանդնուպոլիս գնալու ճանապարհին ճարտարապետը մահանում է և կայսեր իղձն անկատար է մնում:
Տաճարի բարձրությունը եղել է 49 մետր: Զվարթնոցի տաճարը վաղ միջնադարի ամենաբարձր տաճարներից մեկն է աշխարհում: Զվարթնոցի տաճարի ոճը՝ կլոր հատակագծով ոճը, հազվագույտ հանդիպող տեսակ է հայկական և համաշխարհային ճարտարապետության մեջ: Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են նաև յոթերորդ դարում Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի, Աղվանքում՝ Լյակիթի յոթերորդ դարի և Անիում՝ Տրդատ ճարտարապետի կողմից 11-րդ դարում կերտած Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցիները։
Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր։ Առաջին հարկն ունեցել է 32, երկրորդ հարկը՝ 16, վերին հարկը՝ 8 լուսամուտներ: Տաճարն ունեցել է 5 շքամուտք, որ խորհրդանշել են Հիսուսի հինգ վերքերը։ Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով: Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն։ Զարդագոտուց ներքև, որմնակամարների աղեղների հատման անկյուններում, խոյակներից վերև քանդակված են 32 շինարար վարպետների պատկերաքանդակներ՝ շինարարական զործիքները ձեռքերին: Յուրաքանչյուր շինարար վարպետ եկեղեցու քարերի վրա թողել է իրեն հատուկ նշանը: Այժմ պահպանվել են այդպիսի 9 պատկերաքանդակ, որից մեկի ձախ հատվածում փորագրված է «Յոհան» հայատառ մակագրությունը, ըստ որի ենթադրվում է, որ նա եղել է գլխավոր ճարտարապետը: Խոյակներից ոմանց վրա, կենտրանական հատվածում, երկրաչափական պատկերների վրա քանդակված են նաև լատինական այբուբենի N և C տառերը: Հավանաբար, այն Ներսես կաթողիկոսի անձնական խորհրդանշանն է համարվել:
Զվարթնոց տաճարի հատակագծի հորինվածքային ձևը հավասարաթև խաչն է, որն, ի տարբերություն միջնադարյան մյուս կենտրոնագմբեթ եկեղեցիների, ոչ թե ուղղանկյուն, այլ շրջանաձև պարագծում ներգծված կառույց է: Հավասարաթև խաչի երեք թևերը կիսաշրջանաձև դասավորված վեց սյունաշարեր են, որոնք միմյանց հետ կապված են յոթ կամարներով:
Վեցական սյուները կանգնեցված են գրանիտե խարիսխների վրա և պսակված են գեղեցիկ զամբյուղահյուս խոյակներով, որոնք իրար միացնելու համար օգտագործվել է արճիճ:
Զամբյուղահյուս խոյակների երկու կողմերում՝ շրջանակների մեջ, քանդակված են մոնոգրամներ և հավասարաթև խաչեր: Զամբյուղահյուս խոյակները խորհրդանշում են լիություն, առատություն, բերքատվություն: Խոյակների նմանատիպ մշակումը հայտնի էր դեռ հեթանոսական և վաղ քրիստոնեական շրջանի բազմաթիվ հուշարձաններում:
Բացի բուն տաճարը, պատմական հուշարձանի տարածքում պահպանվել են կաթողիկոսական պալատը, բաղնիքը, հնագույն բազիլիկ տաճարի մնացորդներ: Դատելով որոշ դետալներից՝ (առանձին սիմվոլներև և քարե ֆալոսի առկայությունը) այստեղ հեթանոսական շրջանում նաև մայրության աստվածուհի Անահիտի տաճարն է եղել: Այստեղ նաև հնագույն շրջանի զոհասեղան կա, Ռուսա Բ հայոց թագավորի արձանագրությունը՝ այստեղ խաղողի այգիներ տնկելու և ջրատար սարքելու մասին:
Տաճարի արևմտյան մուտքի մոտ 50 մետր խորությամբ ջրհորատիպ փոս կա: Ամենայն հավանականությամբ՝ այն ծառայել է կամ որպես գետնուղի, կամ՝ թաքստոց:
Զվարթնոցի տաճարին առանձին վեհություն են հաղորդում արծվաքանդակները: Արծիվը Մամիկոնյան իշխանական տոհմի զինանշան էր, իսկ Ներսես կաթողիկոսը հենց Մամիկոնյանների տոհմից էր:
Ուշագրավ է նաև հայտնաբերված արևի մեծ ժամացույցը, որը տեղադրված է եղել տաճարի հարավային պատի վրա: Ժամացույցի վերևի հատվածում փորագրված է սաղմոսից քաղված բանաձևը. «Աղոթեսցեն աո Տէր ամենայն սուրբ ի ժամ րնդունելի»:
Տաճարից մոտ հիսուն մետր հեռավորության վրա, հյուսիս-արևելյան ուղղությամբ, գտնվում է այսպես կոչված, գինու հնձանը: Այստեղ ութ մեծ ավազաններ կան, յուրաքանչյուրը՝ 5000 լիտր տարողությամբ: Տարածված տեսակետ է, թե սա հնձան է և այստեղ գինի են մշակել: Սակայն, դժվար է պատկերացնել, թե Զվարթնոցի կաթողիկոսանիստ տաճարին այդքան մոտ գինու նման հսկա արտադրամաս կկառուցեին: Բնականաբար, այդչափ մեծ քանակությամբ գինի ստանալու համար մարդկային մեծ ներուժ էր անհրաժեշտ, ինչպես նաև՝ տասնյակ հազարավոր տոննա խաղող… ինչը բնականաբար, կխոչնդոտեր տաճարի բնականոն աշխատանքին: Ամենայն հավանականությամբ, դա նախաքրիստոնեական կառույց է, որ ծառայել է որպես աստղադիտարան: Քարե մեծ ջրավազանները աստղերի շարժը երկնքում դիտարկելու և չափագրումներ կատարելու համար կարող են լինել:
Զվարթնոցի տաճարի չորսը ժամանակին շուրջ մեկ կիլոմետր տրամագծով քաղաք է եղել՝ ազատ բնակչությամբ: Քաղաքը ձևավորվել է տաճարի կառուցմանը զուգընթաց: Ներսես կաթողիկոսը նաև պարսպապատել է տաճարն ու նրան հարող տարածքը:
Զվարթնոցի տաճարը 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մշակութային արժեքների ցանկում: