Հարցազրույց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ․
– Տիկին Աճեմյան, Քաղաքացու օր սահմանելու իշխանության որոշումը Դուք ինչպե՞ս եք ընդունել, ինչպես Նիկոլ Փաշինյա՞նը հիմնավորեց՝ «ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի»:
– Ցավոք, պետք է արձանագրենք, որ քաղաքական գործունեությունը, քաղաքական գործչի կերպարի նշաձողն այն աստիճանի է իջեցվել, որ երեւի թե արդեն մեկնաբանելու կարիք էլ չկա։ Քաղաքական ուժն իր ղեկավարի հետ միասին այնքան օրակարգ չունի, որ նման տոներ է մոգոնում։ Օրակարգ չունենալու, աշխատել չցանկանալու հետեւանք է սա։ Մենք բազում խնդիրներ ունենք, եւ այս պահին էլ տարված լինելով իրենց հեղափոխական շարժումով ու իրենց տեսնել միայն այս ամենի կիզակետում՝ ես համարում եմ անմեղսունակություն։ Մարդիկ, որոնք իրեն հավատում էին, իսկ իրենց նախաձեռնությունը ես համարում եմ զավեշտալի, շատ տխուր, եթե ոչ՝ ծիծաղելի։
– Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ քաղաքացիները տասնամյակներ շարունակ իրենց քաղաքացի չեն զգացել, իրենց քվեն գողացել են, կեղծել, ու հիմա մարդիկ ինքնակամ թոթափել են այդ լուծը ու արժանի են իրենց տոնն ունենալու։
– Ցավոք սրտի, մենք այդպես էլ կայացած քաղաքացիական հասարակություն չունեցանք, մենք ունեցանք ֆեյք քաղաքական-հասարակական գործիչներ, որոնք պարզապես իրենց անձնական շահադիտական մղումներից ելնելով՝ այս ճանապարհով մանիպուլյացիայի ենթարկեցին հասարակությանը․ սա էլ է դրա հետեւանք։
– Մի՞թե համաձայն չեք այդ բացատրությանը։
– Գիտեք, ես կարծում եմ, որ քաղաքացի դաստիարակելը շատ կարեւոր հանգամանք է, բայց այնպես չէ, որ մենք ունեցանք քաղաքացիական հասարակություն, եղան մարդիկ, այո, որ այդ մանիպուլյացիաների զոհը դարձան, վստահ եմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Ես կարծում եմ, որ կառավարությունը, վարչապետը նրա համար են, որ իրենց այդքան շռայլած խոստումներն իրականացնեն։ Ցավոք, ես պետք է նշեմ, որ իրենց վստահության պաշարը, որ իրենք կուտակեցին, փոշիացնում են չափազանց մեծ տեմպերով։ Իսկ այն, որ հասարակությունը բաժանվել է մասերի, մարդիկ իրար թշնամաբար են վերաբերվում, ես դա ո՛չ քաղաքացու, ո՛չ երջանկության, ո՛չ թավշի, ո՛չ էլ սիրո հետ կկապեի։ Դա այլ ոլորտից է, որի արարիչը Նիկոլ Փաշինյանն է։
– Այնուամենայնիվ, առաջիկա տարիներին ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է Քաղաքացու օր, օրինակ, Դուք՝ որպես ՀՀԿ-ական, ի՞նչ եք անելու այդ օրը։
– Ես իրենց պարզապես ուզում եմ հիշեցնել, որ իրենք շատ ավելի կարեւոր գործ են մոռացել․ դա կառավարության կառուցվածքի նախագծի ընդունումն է, որն իրենք ամիսներ շարունակ հետաձգում են, եւ կառավարությունը պարալիզացված է, տնտեսությունը գահավիժում է, եւ շատ ծիծաղելի է այս պարագայում տոների, հիշատակների օրացույցում նոր տոն մոգոնելը, իրենք օրակարգ չունեն, չգիտեն ինչ անել, ինչով զբաղվել, դրա համար մեկը երեխային գրկած աշխատասենյակում իրեն է փիառում, մյուսները մտքեր են արտահայտում, որ դրանց ձեռքը կրակն են ընկնում, բայց իրական քաղաքական գործունեություն պարզապես չկա։ Իրենք մտածում են, որ կարող են տարիներով կերակրել այս իշխանափոխությամբ (որովհետեւ հեղափոխություն իրականում չկա), կերակրել մարդկանց, անընդհատ տոներ հորինել, իսկ իրականում կյանքն առաջ է գնում, բայց տնտեսությունը գահավիժում է։ Պատասխան տալու ժամանակը շուտով գալու է։
– Դուք ասեք՝ ի՞նչ եք անելու այդ օրը, մարդիկ հիմա կասեն, որ ձեր իշխանությունն էլ են տեսել։
– Ես անընդհատ խուսափում եմ Քաղաքացու օրվանից խոսելուց, որովհետեւ դա պրիմիտիվիզմի, աշխատանքային օրակարգ չունենալու հետեւանք է։
– Միգուցե հետեւելո՞ւ եք Նիկոլ Փաշինյանի խորհրդին, ով ասում է՝ թող ՀՀԿ-ականներն էլ այդ օրը գնան խաշ ուտեն, ինչպես արել են միշտ, մի քանի ռեստորանում բոլորը կտեղավորվեն՝ ակնարկելով, որ ձեր շարքերը նոսրացել են։
– Մենք խորհուրդների կարիք չունենք, իսկ թե ով ինչ կուտի հետագայում, ժամանակը ցույց կտա։
– Հիմա եկեք անդրադառնանք ՀՀԿ-ի գործերին, ասում են՝ ռեստարտի ծրագիր ունեք։
– Ես այդ մասին հիմա չեմ ուզում խոսել։