Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի երջանկության մասին պատկերացումը հենց պատկերային է` դրվագ առ դրվագ, որ կարդալու ընթացքում սկսում են շարժվել ու ապրել, հետո հիշեցնել տալիս իրենց մասին: Կարծես, երջանկության ակնթարթները ֆիքսել է ֆոտոխցիկով և տեքստի վերածել: Տեսնելն, ընդհանրապես, բարդ է: Երջանկությունը` առավել ևս: Ահա, մի մարդ, որ ապրում է տեսնելով: Դուրս է եկել իմ առաջադրած սահմաններից, նոր ֆորմատ է առաջարկել և իր տեքստ-պատկերները դասդասել իր ուզած ձևաչափում:
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյան.
Երջանկության քվանտային մեխանիկան.
Մարդ երջանկությունն ունենար իր սուր հայացքով սարից թևատակին ծաղիկ նեկտարի հոտով մեղվին ալպյան հեռուներից մինչև սեփական տան բակ ուղեկցեր` ներքևում մարգագետիններ, գույներ, վազող երեխեք, թոնրի ծուխ… Հետո գար թառեր պատշգամբի` լիմոնով բեղուն ծառի ճյուղին ու մինչ լուսնի մերկանալը պատուհանի աչքից ներս լուռ նայեր սիրած աղջկան:
Կարգախոսային.
Եթե քեֆ`ընկերներիս հետ, եթե զրույց` փիլիսոփայի պարտեզում:
Անձնական/հանրային.
Քաղաքային մայթի մի ցից բանի դիպած ոտքս ու հավասարակշռությունս պահելու երրորդ փորձից իմ`պայուսակով գետնին փռվածքս, հայհոյանքս` փողոցաշինիչ… Ու ինձ վազքով մոտեցած 12-13 տարեկան աղջնակի հայերեն «վայ-վայ ձյաձյա ջանը, ինչի՞ց եղավը, օգնեմ ձեզը»… Ես արդեն ոտքի կանգնած ժպտում եմ աղջնակին՝ «ցավդ տանեմ ես քո, բան չի եղել, ապրես»: Հա, երջանիկ եմ, արդեն սրճարանում փոշին նոր գնած տաբատիցս սրբած, ձեռիս արյունը չորացած, սուրճը՝ շատ, շաքարավազը՝ քիչ, ես` իմ երկրում, այս սերնդի այս տեսակով բնակեցված, սրտացավ ու բարեկեցիկ ու կիրթ: Կամ աշխարհի թիվ մեկ ջութակահարը, ասենք, Սարյան փողոցի իր վաձակալած բնակարանում դողացող մի մեղեդի է փնտրում ինձ համար: Կամ վաստակածս գումարով ազատ ճամփորդում եմ, սիրում՝ նվիրվելով: Կամ սուզվում եմ գյուղամեջի իմ մանկության վաղ առավոտվա քսանհինգ՝ հիմա արդեն երեսուն մետր երկարությամբ թվացող սառը ջրով լի լողավազանը, սուզված մի կերպ անցնում եմ, դուրս գալիս ու տեսնում մի պատանու. որտեղից էր հայտնվել՝ չգիտեմ: Հետո նա է նետվում ջուրը, կրկնում արածս, կողքիս կանգնում, ու մենք երկուսով միաժամանակ ոստնակից ջուրն ենք ցատկում, դուրս գալիս սառը ջրով լի լողավազանից, նա գնում է պառկում ճիշտ դիմացս՝ ես իրեն հարցեր տամ, ինքն էլ ինձ հարցաքննի կեցվածքով: Հարցնում եմ՝ «Դու ի՞նչ ես անում էստեղ էս ժամին», ասում է՝ «Մանկատնից եմ փախել, մամայիս եմ ուզում տեսնել ու կես ժամից պիտի գնամ», ես թե՝ «Բա ի՞նչ ես տանելու նրան», նա թե՝ «Ծաղիկ եմ հավաքել», ես՝ «Ջուրը սառն էր, մյուս անգամ էս տեղը ե՞րբ ես գալու», նա ինձ թե՝ «Խի՞ ես հարցնում, մեկ ա, դու սփյուռքից ես, էստեղ չես լինելու մի ամիս հետո», ասում եմ՝ «Այ էն սարերն եմ սիրում, ու քո չափ մի տարիքում, քո չափ իմ ընկերոջ հետ պապիրոս էինք թռցրել տնից՝ փստացնելու, հետո մերս հոտն առել ու մի լավ ապտակել էր, ես էլ ընկերոջս հետ էի՝ ամաչեցի», տղան ասաց՝ «Հա, ես էլ ֆուտբոլ եմ շատ սիրում ու մի աղջկա համար եմ խաղում մեր թիմում, առաջվա մեր դասարանից ա, ջութակ ա նվագում հիմա, պիտի գնամ իրենց բակը` սպասեմ»:
Ամբողջությամբ՝ armtimes.com