Ապրիլի 1-ին հայտնի կդառնա, թե ով է հաղթում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթում: Ռուբեն Ջաղինյանը չի առաջադրվել, բայց ամեն կերպ չի թույլ տալիս կորցնել իր ազդեցությունը: Հիմա էլ Ջաղինյանը փորձում է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում իր «մարդուն» տեղավորել։
Irakanum.am-ին տնօրենի մրցույթի ընտրությունների վերաբերյալ որոշ քայլեր են հայտնի դարձել: Ստեփան Զաքարյանը Ջաղինյանի տեղակալն է։ Օրենքը չի արգելում Զաքարյանին առաջադրել իր թեկնածությունը։ Սակայն զավեշտը կայանում է նրանում, որ Զաքարյանին պետք է ընտրեն նույն այն խորհրդի անդամները, որի անդամ հանդիսանում է նաեւ ինքը։ Այլ կերպ ասած Զաքարյանը կազմակերպում է մի գործընթաց, որին ինքը եւս մասնակցում է։ Խորհրդի մյուս անդամները եւս Ռուբեն Ջաղինյանի մերձավոր շրջապատից են։ Ստեփան Զաքարյանը Հանրային ռադիոյից բացի զուգահեռ նաեւ Հ1-ում է օրերս սկսել հաղորդում վարել։ Օրենքը թույլ է տալիս Զաքարյանին կատարել այդ աշխատանքը միայն կամավորության սկզբունքով, սակայն Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով նրան Հանրայինից վարձատրում են։ Փողն իհարկե այլ անձի հաշվին է նստում։
Որպես Ջաղինյանի այլընտրանքային նախընտրելի թեկնածու դիտարկվում է նաեւ Գրիգոր Նազարյանը։ Վերջինս Թաթայի պրոդյուսերն է։ Մշտապես հանդիսացել է Ջաղինյանի մտերիմը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Թաթայի պրոդյուսերը արդեն իսկ տեղավորվել է Հանրային ռադիոյում։ Նրա համար աշխատասենյակ են առանձնացրել 2-րդ հարկում։ Վերջինս ռադիոյի աշխատակից չէ, բայց հաճախ են աշխատակիցները նրան այնտեղ տեսնում։
Մենք առաջիկայում կփորձենք պարզաբանում ստանալ Գրիգոր Նազարյանից եւ Ստեփան Զաքարյանից։ Սակայն ակնհայտ է, որ Հանրայինում իրավիճակ այդպես էլ չի փոխվել, քանի դեռ Ջաղինյանն ու Մարգարիտա Գրիգորյանը հանդիսանում են այնտեղ հարց լուծողներ։